‘Բրազիլիա. Նախագահն արձագանքել է «փողոցի ձայնին»’

864

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն աշխատում է լիցքաթափել սոցիալական լարվածությունը և բավարարել զանգվածային ցույցերի մասնակիցների պահանջները: Որպես առաջնահերթ քայլ՝ նա արդեն հայտարարել է հասարակական տրանսպորտի վառելիքի գների իջեցման մասին, որպեսզի այդպիսով նվազեցվի ուղեվարձը: «Մենք ականջ դրեցինք փողոցի ձայնին. մարդիկ ուզում են ավելի որակյալ հասարակական ծառայություններ, ավելի արդյունավետ մեխանիզմ՝ կոռուպցիայի դեմ պայքարում, պետական միջոցների ավելի խելամիտ օգտագործում»,- ասել է Ռուսեֆը՝ խոստանալով հանրաքվե կազմակերպել՝ Սահմանադրական ժողով հրավիրելու հարցով: Նախագահի կարծիքով՝ Բրազիլիայում քաղաքական ռեֆորմ է անհրաժեշտ: Երկրի ղեկավարը կոչ է արել կոռուպցիան ճանաչել ծանր հանցագործություն և խստացնել դրա համար նախատեսված պատիժը: Ռուսեֆը նախատեսել է 18 միլիարդ եվրո հատկացնել պետական տարբեր ծառայությունների՝ հիվանդանոցներին, դպրոցներին, բուհերին, հասարակական տրանսպորտին՝ մետրոյի նոր կայարանների գործարկմամբ:

Նախագահի խոստումները, սակայն, առայժմ չեն նվազեցնում բողոքի ալիքը: Առաջիկա օրերին Բրազիլիայում նոր ցույցեր են նախատեսված, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Հայաստանը դրժել է իր խոստումը՝ Մարտի 1-ի հանցագործությունները քննելու հարցում’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի մոտ հայտնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա’