‘Բրիտանացի դեսպանի տարօրինակ մեկնաբանությունը ՀՀ քաղաքական գործընթացների վերաբերյալ’

1036

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը  ՄԹ արտաքին քղաքական գերատեսչության կայքի իր բլոգում, ավանդույթի համաձայն, առանձնացրել է անցած տարվա ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների շրջանակներում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունները եւ խոսել առաջիկա մարտահրավերների մասին: Մասնավորապես, անդրադառնալով փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին նա ողջունել է Սերժ Սարգսյանի՝ լավագույն ընտրություններ անցկացնելու մասին արած խոստումները:

«Բայց նաև ցավում ենք, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին  և որևէ մեկին չեն աջակցում», — գրել է Քեթի Լիչը:

Այնուհետեւ դիվանագետն սկսել է «բարձրաձայն մտածել».

«Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում», — հարցրել է նա:

«Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք «ոչ այն ձիու» վրա դնեն խաղադրույքը: Հնարավոր է նաև, որ նրանք չեն գտել իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձևը և հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել (հետաքրքիր է, որ չնայած բոլոր կանխագուշակումներին նախագահ Օբաման 2012-ին Միթ Ռոմնիից ավելի շատ միջոցներ ձեռք բերեց հիմանականում ընտրողների և ակտիվիստների հետ իր հաստատած կապերի միջոցով, ինչը նրան մինչև 200 դոլարի չափով բազմաթիվ փոքր նվիրատվություններ բերեց): Հաջորդ ամսվա ընթացքում ուսումնասիրելով ընտրարշավը և բոլոր կուսակցությունների անդամների հետ խոսելով, մենք կփորձենք հասկանալ՝ էլ ինչ է կարելի անել արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովելու համար», — նշել է տիկին դեսպանը:

Պետք է նկատել, որ դիվանագետը վերազանցել է միջազգային իրավունքի նորմերով իրեն վերապահված լիազորութունների շրջանակը՝ հրապարակավ  իր սուբյեկտիվ (եթե չասենք՝ կողմնակալ) մեկնաբանությունները ներկայացնելով ընդունող երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների շուրջ: Մեր համոզմամբ, դիվանագետը կարող է բացառապես հայտնի փաստերի վրա հիմնված իր դատողությունները ներկայացնել սեփական ղեկավարությանն ուղղված կոնֆիդենցիալ զեկույցում (ի վերջո, նույն զեկույցը կարող է հանրության սեփականությունը դառնալ WikiLeaks-ի միջոցով), բայց ոչ պաշտոնական բլոգում հրապարակել սեփական՝ փաստական հիմքեր չունեցող ենթադրությունները որոշ գործընթացների պատճառահետեւանքային կապի մասին:    

Նախորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր հայտնվել «Բարսելոնայում»’
Հաջորդ հոդվածը‘Սկսվել է ռուսաստանցիների տահանումը Սիրիայից’