‘Բրիտանացի զինվորականները հանդես են եկել ընդդեմ Շոտլանդիայի անկախացման’

800

Բրիտանիայի նախկին բարձրաստիճան զինվորականները ուղերձով դիմել են շոտլանդացիներին՝ կոչ անելով դեմ քվեարկել Միացյալ Թագավորությունից անկախանալուն:

Sun թերթը հրապարակել է 14 նախկին զինվորականների բաց նամակը, որում ասվում է, թե Շոտլանդիայի բաժանումը կթուլացնի երկու կողմերին էլ, իսկ անկախությունը «կխարխլի ինչպես Շոտլանդիայի, այնպես էլ Միացյալ Թագավորության պաշտպանունակությունը»:

Նամակն ստորագրել են Միացյալ Թագավորության պաշտպանության յոթ նախկին նախարարներ, ինչպես նաև՝ ՌԾՈՒ, ՌՕՈՒ նախկին ղեկավարներ և բանակի հրամանատարներ:

Զինվորականների խոսքով՝ «խաղասեղանին է դրված պատմության մեջ ամենահաջող միությունը», որի փլուզումը, աշխարհում առկա անհանգիստ իրավիճակի պայմաններում, սպառնալիքի տակ կդնի մարդկանց անվտանգությունը:

Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը հանդես է եկել զինվորականների նամակի քննադատությամբ՝ նրանց կոչ անելով իրենց դիրքը չօգտագործել քաղաքական նկատառումներով:

Շոտլանդիայի անկախության՝ հինգշաբթի նախատեսված հանրաքվեից երկու օր առաջ բրիտանական քաղաքական երեք հիմնական կուսակցությունների առաջնորդները համատեղ ուղերձ են հղել, որում խոստանում են ավելի շատ ինքնավարություն տրամադրել Շոտլանդիային: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օբամա. Էբոլայի համաճարակը սպառնում է գլոբալ անվտանգությանը’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. Էբոլայի համաճարակը սպառնում է գլոբալ անվտանգությանը’