Բրիտանացի մարզիչը՝ Հովհաննես Բաչկովի մասին

422

Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր գյումրեցի Հովհաննես Բաչկովը նոր մարզչի ղեկավարությամբ է պատրաստվում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցումներում իր երրորդ մենամարտին, որը նախատեսված է մարտի 19-ին Դուբայում։

Սոցցանցերում նա գրել է, որ հերթական հանդիպմանը պատրաստվում է MTK Global մենեջերական ընկերության բրիտանացի գլխավոր մարզիչ Դենի Վոգանի օգնությամբ։ Նոր սանին սոցիալական ցանցերում ներկայացրել է նաև արտասահմանցի փորձառու մասնագետը:

«Ծանոթացե՛ք, հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկով: Հպարտությամբ տեղեկացնում եմ, որ այս պահից ես եմ նրան պատրաստելու առաջիկա մենամարտին, որը տեղի է ունենալու մարտի 19-ին Դուբայում: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է երկու հաղթական մենամարտ։ Հովհաննեսն ունի մենամարտելու յուրօրինակ ոճ, որը դուր է գալիս բռնցքամարտի երկրպագուներին։ Ուրախ եմ լինել այս երիտասարդի պրոֆեսիոնալ կարիերայի մի մասնիկը: Սկսեք հետևել այս ուժեղ հային. նա շատ համեստ տղա է, աշխարհի ապագա չեմպիոն»,- նշել է Վոգանը։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Բաչկովն արդեն հաղթել է վենեսուելացի Սամյուել Գոնսալեսին և Ուկրաինան ներկայացնող Բինալի Շահմանդարովին։ Վերջին հանդիպումը, որը տեղի է ունեցել անցյալ տարվա ապրիլի 9-ին Ալմաթիում, մեր մարզիկը հաղթել է նոկաուտով։

Սիրողական ռինգում Բաչկովը, օլիմպիական մեդալից բացի, երեք անգամ նվաճել է աշխարհի առաջնությունների բրոնզե պարգև, հռչակվել Եվրոպայի առաջնության ու Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն։

Նախորդ հոդվածըՌուսաստանցի վարձկաններն իրենց օգնությունն են առաջարկում
Հաջորդ հոդվածըԲրիտանիան պատրաստվում է վատթարագույնին