‘Բրիտանիան նշել է Չերչիլի հուղարկավորության 50-ամյակը’

1057

Ուինսթոն Չերչիլի հուղարկավորության 50-ամյակի կապակցությամբ Լոնդոնում տեղի են ունեցել հանդիսություններ: Չերչիլի ազգականները Թեմզայով լող են տվել «Հավենգոր» նավով, որով կես դար առաջ իր վերջին ճանապարհն է անցել Բրիտանիայի նախկին վարչապետը:

Հանդիսավոր արարողությունների բացման արարողությանը ելույթ ունենալով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ասել է, որ Չերչիլին կհիշեն որպես «մեծ առաջնորդ և մեծ բրիտանացի»: «Ի թիվս այլ արժանիքների՝ այդ մարդու մեջ ես ամենից շատ գնահատում եմ նրա հայրենասիրությունը»,- ասել է Քեմերոնը:

1965 թ. Լոնդոնի փողոցներում տասնյակ հազարավոր մարդիկ հետևել են սգո թափորին: Լրագրող Մարտին Բելը, որն այն ժամանակ աշխատել է BBCում, նշել է. «Ինձ ամենից շատ ապշեցրեց մարդկանց քանակը փողոցներում: Թաղման թափորի ողջ երթուղու երկայնքով մարդիկ շարվել էին 10-12 շարքով: Ընդ որում՝ բացարձակ լռություն էր, հանդիսավոր լռություն: Դժվար է պատկերացնել, որ մեր օրերում որևէ մեկի հուղարկավորությանը այդքան մարդ կհավաքվի: Դա աննախադեպ էր, ողջ ազգն էր ուղեկցում»:

Ուինսթոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի վարչապետն է եղել Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ 1940-1945 թթ., ապա՝ 1951-1955-ին: Նա մի քանի գրքերի հեղինակ է, 1953 թ. արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պենտագոնի ղեկավարը չի բացառել ցամաքային զորքեր Իրաք մտցնելու հնարավորությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Պահուստները կրճատվել են 1/3-ով, տրանֆերները՝ 25%-ով. Կառավարությունը «փող բերելու» ուղիներ է փնտրում ‘