‘Բրիտանիան Սիրիայում ապստամբական բանակ ստեղծելու ծրագիր է ունեցել’

899

Բրիտանացի զինվորականները երկու տարի առաջ մշակել են սիրիական ապստամբների 100-հազարանոց բանակ պատրաստելու և զինելու ծրագիր՝ նախագահ Բաշար Ասադին տապալելու համար: Այս մասին  հայտնի է դարձել BBC-ի  Newsnight ծրագրին:

Պլանի գաղափարը հղացել է բրիտանական զինված ուժերի բարձրաստիճան սպա, այն ժամանակ գլխավոր շտաբի պետ, գեներալ սըր Դևիդ Ռիչարդսը: Պլանը քննարկվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, երկրի Ազգային անվտանգության խորհրդի և ամերիկյան հրամանատարության հետ, սակայն արդյունքում այն չափազանց ռիսկային են համարել: Դրանից հետո սըր Դևիդ Ռիչարդսը զորացրվել է բանակից:

Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:

Բրիտանական կառավարությունն ի սկզբանե բացառել է ցամաքային զորքեր Սիրիա մտցնելու տարբերակը, ուստի առաջարկվում էր հարևան Թուրքիայի և Հորդանանի տարածքում գտնվող ռազմաբազաներում ստեղծել սիրիական բավական հզոր բանակ՝ հատուկ ընտրված, չափավոր գրոհայիններից: Ենթադրվում էր, որ մարտունակ բանակ  հնարավոր է ստեղծել մեկ տարում, իսկ այդ ընթացքում կարելի էր ստեղծել նաև Սիրիայի վտարանդի կառավարություն:

Թեև Ռիչարդսի պլանը համարել են չափազանց արմատական, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անցյալ շաբաթ, ըստ էության, որոշել է օգտվել դրանից՝ Կոնգրեսից պահանջելով 500 մլն դոլար՝ ապստամբների պատրաստման նպատակով:

Նախորդ հոդվածը‘Հուլիսի 7-14-ը Իսրայելում տեղի կունենան հայկական մշակույթի օրեր ‘
Հաջորդ հոդվածը‘ Ֆրանսիա-Գերմանիա. Երկու հավասար ուժերի պայքարը’