‘Բրիտանիա. ՆԱՏՕ-ում պատրաստ չեն Ռուսաստանի հարձակմանը’

967

Հյուսիսատլանտյան դաշինքը վատ է նախապատրաստված իր անդամ պետություններից որևէ մեկի դեմ Ռուսաստանի հարձակմանը, իրենց զեկույցում նախազգուշացնում են մի խումբ ազդեցիկ բրիտանացի պատգամավորներ:

Համայնքների պալատի պաշտպանության հանձնաժողովը տեղեկացրել է, որ  հակամարտությունը Ուկրաինայում «լուրջ թերություններ» վեր հանեց սպառնալիքներին դիմակայելու՝ ՆԱՏՕ-ի պատրաստության հարցում: Պատգամավորները նաև նշել են «արմատական բարեփոխումներ» անցկացնելու անհրաժեշտությունը: Նրանց խոսքով՝ Ռուսաստանի կողմից սովորական հարձակման սպառնալիքն այնքան էլ մեծ չէ, սակայն առկա է կիբեռգրոհների, տեղեկատվական պատերազմի և ոչ կանոնավոր զորքեր օգտագործելու վտանգ:

Խորհրդարանական զեկույցի հեղինակների զեկույցում առաջարկվող փոփոխությունների թվում են՝

-ՆԱՏՕ-ի զորքերի և ռազմական տեխնիկայի մշտական ներկայության հաստատում Բալթյան երկրներում,

-արագ արձագանքման ուժերի բարելավում,

-դաշինքի բոլոր անդամ երկրների ռազմական և քաղաքական առաջնորդների մասնակցությամբ՝ լայնածավալ զորավարժությունների անցկացում:

Պատգամավորների կարծիքով՝  ՆԱՏՕ-ի համար առանձնապես դժվար կլինի դիմակայել Ռուսաստանի, այսպես կոչված՝ ասիմետրիկ ռազմական մարտավարությանը: «Ռուսաստանի մարտավարությունը շեշտակի փոխվում է,  ինչն ավելի վատ է, և դրա մեջ մտնում են կիբեռգրոհները, տեղեկատվական պատերազմը և ոչ կանոնավոր անջատական ուժերին աջակցելը, երբ ռազմական գործողությունները վարում են զինված քաղաքացիական անձինք՝ առանց տարբերանշանի համազգեստ կրող ռուսաստանյան սպեցնազի հետ միասին»,- ասել է Բալկաններում, Աֆղանստանում և Իրաքում աշխատած նախկին զինվոր և պատգամավոր Ռորի Սթյուրատը: «Մենք արդեն տեսել ենք, թե այդ մարտավարությունն ինչպես է Ռուսաստանը կիրառել Ուկրաինայում՝ այնտեղ իրավիճակն ապակայունացնելու, նրա տարածքի մի մասն անեքսիայի ենթարկելու և երկիրը կաթվածահար անելու նպատակով»,- ասել է պատգամավորը:

Զեկույցում նշվում է, որ դաշինքը վերջին 20 տարիներին Ռուսաստանին չէր դիտում որպես տարածքային սպառնալիք, սակայն վերջին իրադարձությունները ստիպում են անել դա:

«Այս տարի Ուկրաինայի իրադարձությունները, որոնց նախորդել են 2007 թ. Էստոնիայի դեմ կիբեռգրոհը և 2008 թ. ներխուժումը Վրաստան, տագնապի ազդանշան են ՆԱՏՕ-ի համար»,- ասվում է զեկույցում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իսրայելի բանակը Գազայում հատուկ գործողության համար ևս 16 հազար զինվոր է զորակոչում ‘
Հաջորդ հոդվածը‘5 կարևոր հարց «Չելսի»-ի վերաբերյալ. Ինչ է մտածել այս ամառ Ժոզե Մոուրինյոն’