‘Բրյուսելի օդանավակայանի վերականգնման համար ամիսներ են հարկավոր’

1283

Բրյուսելի՝ ահաբեկչություններից տուժած Զավենտեմ օդանավակայանը կարող է աշխատանքի սովորական ռեժիմի վերադառնալ միայն մի քանի ամիս անց, նախազգուշացրել է օդանավակայանի ղեկավարությունը, թեպետ աշխատակիցներն աշխատավայր են վերադարձել ահաբեկչական գործողություններից մեկ շաբաթ անց:

Օդանավակայանի ղեկավար Առնո Ֆեյսթը հույս է հայտնել, որ չորեքշաբթի տրանսպորտային հանգույցը կսկսի աշխատել իր հզորության 20%-ի չափով, սակայն նաև նշել է. «Ամիսներ են պետք, որպեսզի մենք կարողանանք աշխատել ողջ հզորությամբ»: «Թեև շենքի կառույցը չի վնասվել, սակայն հարկավոր է լրիվ վերանորոգել՝ օդափոխության համակարգից մինչև գրանցման սեղանիկներ»,- պարզաբանել է Ֆեյսթը Soir պարբերականին տված հարցազրույցում:

Օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցառումներ կգործեն: Աշխատանքները կվերսկսվեն կառավարության թույլտվությունն ստանալուց հետո և սկզբում կընդունվեն ժամում 800-1000 ուղևոր՝ սովորական 5000 ուղևորահոսքի փոխարեն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Sport.es. Վիկտոր Վալդեսը կրկին հանդես կգա Անգլիայում ‘
Հաջորդ հոդվածը‘Էլ Կլասիկո. վերջին 10 տարիներին ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած խաղացողները’