‘Բրունեյի սուլթանը օրինականացրել է քարկոծումը և ձեռքերի անդամահատումը’

1534

Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիահը հայտարարել է երկրում շարիաթի օրենքների վրա հիմնված նոր քրեական օրենսգիրք մտցնելու մասին: Այդ մասին այսօր տեղեկացրել է France-Presse գործակալությունը: Օրենսգիրքը պաշտոնապես հրապարակվել է և ուժի մեջ կմտնի վեց ամիս անց: 67-ամյա սուլթանը շարիաթի կանոններն անվանել է «Ալլահի հատուկ ցուցումները», որոնք անհրաժեշտ են արդարություն հաստատելու համար:

Նոր պատիժների թվում են՝ քարկոծությունը՝ «շնանալու» համար, վերջույթների անդամահատումը՝ գողության համար, մտրակահարությունը՝ աբորտի և ալկոհոլ գործածելու համար և այլն: Շարիաթի նորմերը կտարածվեն միայն մուսուլմանների վրա, որոնք կազմում են երկրի բնակչության 70 տոկոսը: Ոչ մուսուլման բնակչությունը, որի 15 տոկոսը էթնիկ չինացիներ են, նախկինի պես՝ կենթարկվի քաղաքացիական դատարանին: Քրեական օրենսգրքի հիմնական դրույթները սահմանվել են մինչև 1984 թ.-ը՝ այն ժամանակ, երբ Բրունեյը Մեծ Բրիտանիայի ենթակայության տակ էր:

Հասանալ Բոլկիահը նավթով և գազով հարուստ Բրունեյի սուլթանն է 1967 թվականից, իսկ 1984 թ. անկախության ձեռք բերումից հետո նա նաև երկրի վարչապետն է, ֆինասների նախարարը և պաշտպանության նախարարը: Նրա անձնական կարողությունը 2011 թ. գնահատվել է 20 միլիարդ դոլար: Վերջին տարիներին միապետը մի շարք քայլեր է կատարել երկրի իսլամացման ուղղությամբ: Այսպես, մուսուլմանական ընտանիքների բոլոր երեխաները պետք է պարտադիր կրոնական ուսուցում ստանան, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկո. Հայաստանը կարող է փաստաթուղթ ստորագրել ՄՄ մտնելու մտադրության վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինան կարող է չստորագրե՞լ Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ’