‘Բ. Նավասարդյան. Սերժ Սարգսյանը խուսափել է պատասխանել հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցների հարցերին’

2802

Նախագահի մամուլի ասուլիսն այն թեման է, որն օպերատիվ լուսաբանման կարիք ունի և միայն մյուս օրը տեսագրությունը տրամադրելը, իհարկե, ինչ-որ տեղ միջոցառման իմաստը նվազեցնում է: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Սերժ Սարսգայնի ասուլիսը տեսանկարահանել է միայն նախագահականի օպերատորն ու տեսագրությունը մինչև այժմ լրատվամիջոցներին չի տրամադրվել:

«Երևի ավելի ճիշտ կլիներ այդ միջոցառումը ոչ թե կոչել մամուլի ասուլիս, այլ հանդիպում լրագրողների հետ, որտեղ նախագահը (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.) ընդամենը կիսվում է իր որոշ մտքերով՝ առաջարկելով միայն այն մասի լուսաբանումը, որը ճիշտ է գտնում իր մամուլի ծառայությունը: Ես չեմ տեսել տեսագրությունը ու չեմ կարող ասել, թե արդյո՞ք ամբողջությամբ  տրամադրվելու է: Եթե ամբողջությամբ տրամադրվելու է, ինչո՞ւ հաջորդ օրը, իսկ եթե փոփոխություններ են լինելու, ուրեմն մամուլի ասուլիս չէ, որովհետև մամուլի ասուլիսը բաց հանրային միօջոցառում է, որը ենթադրում է ամբողջ բովանդակության ներկայացումը հանրությանը»,- նշեց Նավասարդյանը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ասուլիսին հնարավորություն են ունեցել մասնակցելու միայն մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ապա Նավասարդյանն ասաց, որ այս փաստը վերահաստատում է իր կարծիքը, որ դա ավելի շուտ հանդիպում էր որոշ լրագրողների հետ:

«Եթե զուտ հանդիպում էր, ապա, բնականաբար, նախագահն իրավունք ունի ընտրելու այն մարդկանց, ում հետ ուզում է հանդիպել: Այդ կարգի միջոցառումներ կազմակերպելիս պետք է հստակ ներկայացնել, թե դա ինչ միջոցառում է: Մամուլի ասուլիսի դեպքում, այո՛, օպերատիվ լուսաբանման բոլոր հնարավորությունները պետք է ապահովվեին և ընտրվեր այնպիսի վայր, որտեղ կարող էին լինել ոչ թե 10-15 հոգի, այլ բոլոր այն լրատվամիջոցները, որոնք այսօր տեղեկատվության աղբյուր են հանդիսանում քաղաքացիների համար: Դա երևի մամուլի ասուլիս չէր»,- ասաց Նավասարդյանը՝ ենթադրելով, որ հրավիրվել էին այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք, ըստ հրավիրողի, ամենամեծ ազդեցությունն ունեն լսարանի վրա:

Ըստ Բորիս Նավասարդյանի, այս քաղաքական իրավիճակում Սերժ Սարգսյանը և իր շրջապատը հավանաբար նպատակահարմար չեն գտնում պատասխանել մասնավորապես ընդդիմադիր մամուլը ներկայացնող լրագրողների հարցերին: «Դա ավելի շատ հանրությանն ինչ-որ ուղերձ անելու իմաստ ունեցող միջոցառում էր, քան բաց երկխոսություն հանրության հետ»,- եզրափակեց Նավասարդյանը:

Նախորդ հոդվածը‘Ընտրությունների օրը Դինամո մարզասրահում այլընտրանքային ԿԸՀ է գործե՞լ’
Հաջորդ հոդվածը‘Յոհան Կրոյֆ. Մոուրինյոն լավ մարզիչ է, բայց նա չունի ֆուտբոլիստի փորձ, ինչը տեսանելի է’