‘Գագիկ Խաչատրյանի եղբոր «Ռոշենի» մեջ որևէ վնասակար նյութ չկա’

1038

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ պնդում է, որ ուկրաինական «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի արտադրանքի մեջ բենզո(ա)պիրեն առկա չէ: Հաղորդագրությունում ասվում է.

Արձագանքելով լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանն այն մասին, որ ուկրաինական «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի մի քանի գործարանների արտադրանքի ներմուծումը ՌԴ արգելվել է՝ դրանում բենզո(ա)պիրենի առկայության հայտնաբերման պատճառով՝ հուլիսի 30-ից 31-ը Ծառայության կողմից իրականացվել է Երևան քաղաքում շուկայահանված «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի հրուշակեղենի դիտարկում` հետևյալ հարցերի շրջանակներում` մակնշմանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը, փաթեթավորման միջոցով անվտանգության ապահովումը, պահման պայմաններին համապատասխանությունը, պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի իրացումը:

«Ռոշեն» ապրանքանիշի հրուշակեղենի մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով կատարվել է հսկիչ գնում և իրականացվել է անվտանգության և ֆիզիկաքիմիական ցուցանիշներով լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել:

Բենզո(ա)պիրեն ցուցանիշի փորձաքննության հետ կապված՝ Ծառայությունը կատարել է ՀՀ-ում գործող փորձարկման լաբորատորիաների կարողությունների վերաբերյալ հարցում, որի արդյունքում նոր սարքավորումների հրատապ ձեռքբերման անհրաժեշտություն է առաջացել: Ծառայության ջանքերով և լաբորատորիաների համագործակցության շնորհիվ Հանրապետություն է ներմուծվել և տեղադրվել համապատասխան սարքավորում, որի օգնությամբ հնարավոր է դարձել գնահատել փորձանմուշում բենզո(ա)պիրենի և այլ նյութերի առկայությունը:

Համաձայն լաբորատոր փորձաքննության եզրակացության՝ ՀՀ-ում շուկայահանված «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի հրուշակեղենում բենզո(ա)պիրեն չի հայտնաբերվել:

Խմբագրության կողմից

Քանի որ, որ «Ռոշենի» հայաստանյան ներկայացուցիչը ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանի հորեղբոր որդուն պատկանող «Մեգաֆուդ» ընկերությունն է զարմանալի չէ, որ ուկրաինական ապրանքանիշի արտադրության մեջ ոչ մի վնասակար նյութ չի հայտնաբերվել:

Ավելի վաղ «ՀԺ»-ն պարզել էր, որ  ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չունի բենզապիրենի ցուցանիշները ստուգող սարքավորում: Թերթը նաև կանխատեսել էր, որ դժվար թե Հայաստանում «Ռոշենի» արտադրանքի մեջ որևէ վնասակար նյութ «հայտնաբերվի»:

Նախորդ հոդվածը‘ Սամվել Կարապետյանի «բարեկամը» դրամաշորթ է. «Տաշիր» հիմնադրամը զգուշացնում է’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Գարեգին Բ -ի և Արամ Ա-ի հետ քննարկել է սիրիահայությանն աջակցելու հնարավորությունները’