‘Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեի հետ (տեսանյութ)’

1112

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ողջունելով դեսպանին՝ Գագիկ Ծառուկյանը կարևոր համարեց Լատվիայի հետ ջերմ ու բարեկամական կապերի ամրապնդումը՝ պատրաստակամություն հայտնելով իր կողմից անել առավելագույնը՝ տարբեր ոլորտներում երկու երկրների միջև գործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու համար: Ինչպես 2011թ-ին, այնպես էլ հիմա Գագիկ Ծառուկյանը պատրաստ է կրկին հանդիպել լատվիացի բոլոր այն գործարարների հետ, ովքեր կցանկանան ներդրումներ անել Հայաստանում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն նշեց, որ բարձր է գնահատում Գագիկ Ծառուկյանի ավանդը, հատկապես, հայ-լատվիական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում:

«Գիտեմ, որ Դուք լուրջ ներդրումներ եք արել Ռիգայում, անչափ բարձր եմ գնահատում Ձեր ավանդն ու վստահ եմ՝ երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացման ճանապարհին կա մեծ ներուժ»,- իր խոսքում, մասնավորապես, նշեց դեսպանը:

«Տիկի՛ն դեսպան, շատ կարևոր ժամանակաշրջանում եք Դուք այցելել Հայաստան: Մի քանի ամսից Լատվիան Եվրոպական Միությունում ստանձնելու է նախագահություն, և ես հասկանում եմ, որ Լատվիայի համար իրապես մեծ պատասխանատվության ամիսներ են լինելու։ Լինեմ անկեղծ, Դուք գիտեք, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական օրակարգում որոշակի շրջադարձ կատարեց սեպտեմբերին, սակայն ես վստահեցնում եմ, որ մեզ համար շարունակում է անչափ կարևոր մնալ Եվրոպական Միության, Եվրոպական ընտանիքի հետ մեր հետագա երկխոսությունն ու կապերի ամրապնդումը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շահագրգռված է եվրոպական հանրության հետ երկխոսության շարունակությամբ. ընդամենը երկու շաբաթ առաջ «Բարգավաճ Հայաստանը» պաշտոնապես անդամակցեց Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների այլանսին, որը Եվրոպական Խորհրդարանի ամենամեծ խմբակցություններից մեկն է: Մենք ակտիվորեն շարունակելու ենք ընդլայնել եվրոպական մեր օրակարգը»,-ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ նախագահը, մասնավորապես, համոզմունք հայտնեց, որ Հայաստանի և Լատվիայի միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ: Չնայած երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր, սական խորհրդարանական դիվանագիտությունն անհրաժեշտ է ավելի ակտիվացնել:

«Ամենակարևորներից մեկն այն է, որ Լատվիան Արևելյան գործընկերության ծրագիրն առաջ մղող երկրներից մեկն է, և ես վստահ եմ, որ Եվրոպական Միությունում ձեր նախագահության ամիսներին Արևելյան գործընկերության բոլոր կոմպոնենտներում ևս զգալի առաջընթաց կնկատվի։ Ես, որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, վստահեցնում եմ, որ մեր խմբակցությունը, միջազգային կառույցներում աշխատող մեր պատգամավորները պատրաստ են Լատվիայի խորհրդարանի իրենց գործընկերների հետ մշտապես քննարկել համագործակցության տարբեր խնդիրներ»,-հավելեց ԲՀԿ նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր: Կողմերը համոզված են՝ առկա են բոլոր նախադրյալները հայ-լատվիական հարաբերությունները որակական նոր հարթակ տեղափոխելու համար:

www.7or.am

   

Նախորդ հոդվածը‘Հուլիսի 17-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 406.93 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Քաբուլի օդանավակայանի շրջակայքը լիովին մաքրվել է գրոհայիններից’