‘Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունենում Չինաստանում’

1008

Կոմունիստական կուսակցության հրավերով ԲՀԿ պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այս օրերին գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Մայրաքաղաք Պեկինում Գագիկ Ծառուկյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Սպորտի հարցերի ազգային վարչության ղեկավարի տեղակալ Յան Շուանի հետ:

Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ՝ Պեկինում Գագիկ Ծառուկյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Սպորտի հարցերի ազգային վարչության ղեկավարի տեղակալ, Չինաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի փոխնախագահ Յան Շուանի հետ: Ողջունելով Գագիկ Ծառուկյանին՝ չինացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ վերջին 22 տարվա ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ, որոնց շարունակական զարգացումն ամրապնդում է երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամական կապը: «Չինաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քաջատեղյակ է սպորտի ոլորտում ձեր կատարած աշխատանքի մասին և շահագրգիռ է սերտորեն համագործակցելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերի իրականացման հարթությունում: Հայաստանն աշխարհին հայտնի է մի շարք մարզաձևերով, և մենք ևս ձեզանից շատ բան ունենք սովորելու»,-ընդգծել է Յան Շուանը: Նա նաև Գագիկ Ծառուկյանին ջերմորեն շնորհավորել է Նանկինի պատանեկան ամառային օլիմպիական երկրորդ խաղերում մեր հայ մարզիկների տպավորիչ ելույթների ու հաղթանակների կապակցությամբ: Գագիկ Ծառուկյանն իր հերթին չինացի գործընկերոջ հետ քննարկել է առաջիկա հնարավոր համագործակցության մի շարք նախագծեր, որոնց կենսագործման ուղղությամբ շուտով գործնական քայլեր են իրականացվելու:

Հիշեցնենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատվիրակությունը Չինաստան է մեկնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կումունիստական կուսակցության հրավերով: Սեպտեմբերի 2-ից 6-ը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նախատեսված են մի շարք հանդիպումներ Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը:

Նախորդ հոդվածը‘ Մարադոնան դեռ հիացնում է իր խաղով (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Լուի վան Գալն արգելել է բջջային հեռախոսներով զբաղվել հանդիպումների նախօրեին’