‘Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է ԲՀԿ-ին առնչվող որոշ լուրեր’

1471

Այսօր խորհրդարանում ԱԺ հերթական քառօրյայի նիստից առաջ մեկնարկել էր ԲՀԿ խմբակցության նիստը, որի ավարտից հետո ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողներին հուզող հարցերին:

Լրագրողների խնդրանքով նա անդրադարձավ շրջանառվող այն լուրերին, թե ինքն արգելում է ԲՀԿ պատգամավորներին՝ հատկապես Նաիրա Զոհրաբյանին սուր ելույթներով հանդես գալ: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ քիչ առաջ են ավարտել խմբակցության նիստը և անդրադարձել են այդ հարցերին: Նա նշեց, որ ինքը լսել է բոլորի տեսակետներն այդ հարցերի շուրջ: ԲՀԿ առաջնորդը նշեց, որ ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելելու, ապա հպարտորեն նշեց Նաիրա Զոհրաբյանի հայրենանվեր աշխատանքը Եվրախորհրդարանում և հավելեց, որ նրա նման պատգամավորները, ցանկալի է, որ ավելի շատ լինեին:

«Zham.am»-ի թղթակցի հարցին, թե վերջերս ԲՀԿ-ի ակտիվության նվազումն արդյոք կուսակցության արձակուրդ գնալով է պայմանավորված՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ որևէ քաղաքական կառույց արձակուրդ գնալու իրավունք չունի, քանի դեռ պարտավորություն է կրում ժողովրդի առաջ։ 

Անդրադառնալով հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցներին ու սպանությանը՝ Ծառուկյանը հայտարարեց. «Գորիսում տեղի ունեցածը ես շատ ցավալի եմ գնահատում: Ցավալի դեպք է կատարվել, իրոք պետք է շատ զուսպ, չափի մեջ լինել, որովհետև կուրուստ է եղել, հաճելի չէ ոչ մի կողմի համար։ Բոլորդ պետք է համբերատար սպասեք, կան ներկաներ, կան տուժողներ, կա մահացած, համապատասխան իրավապահ մարմինները քննությունը կկատարեն և մեղավորներին պատրադիր պետք է պատժեն, որ նման դեպք այլևս չկատարվի»: 

Ծառուկյանը նշեց նաև, որ տեղի ունեցածը ոչ թե լրագրողներից յուրաքանչյուրը ինչպես ցանկանա, այդպես էլ պետք է մեկնաբանի՝ մի կամ մյուս կողմին պահելով, այլ պետք է արադարացի լինի։

Աղբյուրը` Zham.am

Նախորդ հոդվածը‘Փաստաբանները երկօրյա գործադուլ են անում. Նրանք որևէ դրական տեղաշարժ չեն տեսնում’
Հաջորդ հոդվածը‘Արվեստաբան. Երբ աղմուկն անցնի, Արտակ Բուդաղյանին 8-ից 10 տարով կդատապարտեն’