‘Գագիկ Ծառուկյանը վաղը Արարատում հանրահավաք կանցկացնի. Մամուլ’

1295

Մամուլն այսօր  անդրադառնում է Արարատի քաղաքապետի սպասվող ընտրություններին: Ինչպես արդեն գրել է iLur.am-ը՝ Արարատի քաղաքապետարանը մերժել է ԲՀԿ թեկնածուի բոլոր իրազեկումները քաղաքի գլխավոր հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին՝ պատճառաբանելով, թե հրապարակում միջոցառում է նախատեսված,  բայց թույլատրել է ՀՀԿ-ական թեկնածուին նոյեմբերի 8-ին այդ նույն հրապարակում անցկացել հանդիպում ընտրողների հետ:

«Հրապարակը» գրում է, թե նոյեմբերի 8-ին նույն տեղում, նույն ժամին կհրավիրվեն և ԲՀԿ-ի, և ՀՀԿ-ի միտինգները:

Ընդ որում, ԲՀԿ-ական միտինգին մասնակցելու է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Սակայն խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն ավելի վաղ է դիմած եղել քաղաքապետարանին,  ուստի վերջինը մերժել է ԲՀԿ-ի հայտը: Ծառուկյանը սակայն հայտարարել է. «Կգնանք, կտեսնենք, կհաղթենք», հիմա` կապ չունի` մերժել են, թե ոչ, մենք մեր միտինգն անելու ենք»:

«ՉԻ»-ն իր հերթին գրում է, որ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանն այնպես է տոգորված ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանին Արարատի քաղաքապետ դարձնելու և ըստ այդմ՝ Լոնդիկի բախտին չարժանանալու գաղափարով, որ մարզպետական իր գործերը թողած, դռնեդուռ ընկած՝ ընտրական գործ է անում։

 Մասնավորապես, մարզպետն անձամբ է մտնում Արարատում գործող մի քանի բյուջետային հիմնարկներ ու բյուջեից աշխատավարձ ստացող աշխատողներին բացատրում, որ եթե վերջիններս չընտրեն ՀՀԿ-ի թեկնածուին, ապա կարող են նոյեմբերի 11-ից իրենց համար նոր գործ գտնել։ Նախօրեին Արամայիս Գրիգորյանը մտել է Արարատի հիվանդանոց ու գրեթե շտիրլիցական տեքստ է ասել։ Հիվանդանոցի կոլեկտիվի աչքի առաջ նա թափահարել է մի ցուցակ և ասել, որ այս ցուցակում հիվանդանոցի այն աշխատակիցների անուններն են, ովքեր իրենց ձայնը տալու են ԲՀԿ-ի թեկնածուին և իր ցուցակին հույժ հավաստիություն տալու համար մարզպետ Մայիսը, արդեն մի քիչ ավելի ցածր տոնով, հայտարարել է, որ սույն ցուցակը իրեն են տրամադրել հատուկ մարմինները։ Թե ո՞ր հատուկ մարմինների մասին է եղել խոսքը՝ մարզպետ Մայիսը չի պարզաբանել։ Իհարկե, երբ հիվանդանոցի մի քանի բժիշկ ցանկացել են պարզել, թե ո՞ւմ անուններն են ներառված սև ցուցակում, մարզպետը հրաժարվել է ասել։

Նրա ավագ եղբայրը՝ Հայկ Հայկյանի նախընտրական շտաբի պետ Արայիկ Գրիգորյանը, ևս հետ չի մնում իր պաշտոնյա եղբորից։ Վերջինս էլ Արարատի բոլոր մեծ ու փոքր չինովնիկներին ամեն օր հարկ է համարում զգուշացնել, որ սույն գործը գտնվում է անձամբ Սերժ Սարգսյանի զգոն հսկողության ներքո և Հայկ Հայկյանին ցանկացած «դեմ» ձայն՝ դա «դեմ» ձայն է անձամբ Սերժ Ազատիչին։ «Բնականաբար, շտաբի պետը չի մոռանում այս տեքստից հետո հիշեցնել նման «դեմերի» բոլոր հնարավոր տխուր հետևանքները»,–հավելում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Վարչապետի վերահսկողության տակ է անցել «ATV» հեռուստաընկերությունը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն սպասվում’