‘Գագիկ Ծառուկյան. Անթույլատրելի է ներկայիս պայմաններում ուսման վարձերի կտրուկ բարձրացումը’

931

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի և ԲՈՒՀ-ի ղեկավար կազմի հետ և որպես ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդի նախագահ`իր մտահոգությունն է հայտնել ուսման վարձերի հնարավոր բարձրացման կապակցությամբ, տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Ընդունելով, որ պետության կողմից անբավարար ֆինանսավորման պայմաններում, ընդհանուր թանկացումների ֆոնի վրա բուհերը ստիպված են եկամտի նոր աղբյուրներ հայթայթել, Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ուսման վարձերի փոփոխությունը պետք է հասցվի նվազագույնի և անթույլատրելի է համարել ներկայիս սոցիալական պայմաններում վարձավճարների որևէ կտրուկ բարձրացում:

«Ես պատրաստ եմ իմ անձնական միջոցների տրամադրմամբ շարունակել և ընդյալնել բուհին ցուցաբերվող աջակցությունը: Ցանկացած շնորհալի ուսանողի կորուստ մեր երկրի ու մարզաշխարհի համար անթույլատրելի շռայլություն է»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ իր աջակցությունը այսուհետ ևս կրելու է շարունակական և նպատակային բնույթ: Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ հանձնարարել է «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրինությանը` մշակել բուհերում անվանական կրթաթոշակների, ուսանողներին և դասախոսներին հասցեական աջակցության և դրամաշնորհների ծրագրեր:

Հատուկ ուշադրության են արժանանալու Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Գյումրիի բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև այլ բուհերի լավագույն ուսանողները:

Նախորդ հոդվածը‘Աղբյուր. Վահան Հովհաննիսյանը եւ ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը դեսպան կդառնան’
Հաջորդ հոդվածը‘Տաթեւի ճանապարհին վրաերթի ենթարկվա իտալացի զբոսաշրջիկը մահացել է’