‘Գագիկ Մակարյան. Կառավարությունը մտահոգ է նրանով, որ լրացուցիչ բեռ, պարտավորություններ չստանձնի ‘

978

2013 թվականի բյուջեում նախատեսված է 300 միլիոն դրամ՝ «պետություն-մասնավոր գործընկերություն» զարգացման խնդիրների համար, սակայն սա քիչ է, պետք է ավելի շատ լիներ: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա նշեց, որ հարկային մուտքերն ավելանալու են 118 միլիարդ դրամով:

«Սա լինելու է հարկային վարչարարության բարելավման, եկամտային հարկի մասին նոր օրենքի գործառության մեջ մտնելու շնորհիվ, և՛ եկամտային հարկը, և՛ սոցվճարները միասնականացվելու են», — ասաց Սաֆարյանը:

Ըստ նրա՝ իրենք հանդիպելու են վարչապետի հետ ու առաջարկելու են ավելացված արժեքի հարկ չվճարող փոքր և միջին ձեռնարկությունների համար մտցնել պարզեցված հարկի գործառույթը:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ նշեց, որ, ցավոք սրտի, բյուջեն տարիներ շարունակ ունի սոցիալական ուղղվածություն, սակայն ցանկալի կլիներ՝ այն ներդրողական լիներ: Մակարյանի համոզմամբ՝ այս տարվա բյուջեն չի տարբերվում նախորդից: Նա ակնկալում էր, որ կառավարությունն ավելի խիզախորեն կձևավորի բյուջեն:

«Ըստ երևույթին, կառավարությունը մտահոգ է, որ լրացուցիչ բեռ, պարտավորություններ չստանձնի, որոնք կարող է դժվարությամբ կատարել: Ակնկալում էի, որ տնտեսական ուղղվածությունը պետք է ուժեղացվեր»,- ասաց նա:

Նախորդ հոդվածը‘«Արմավիայի» չվերթները կրկին դադարեցվել են’
Հաջորդ հոդվածը‘«Իմեդի» հեռուստաալիքը վերադարձրել են Պատարկացիշվիլիի ընտանիքին’