‘ Գագիկ Ջհանգիրյանը առաջարկում է Մարտի 1-ի հարցով նոր լսումներ կազմակերպել ԱԺ-ում’

935

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր խորհրդարանում հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

ՀՀ ԱԺ-ը նախորդ քառօրյայում ձևական, ֆորմալ պատճառաբանություններով, ձայների 48-58 հարաբեակցությամբ մերժեց Մարտի 1-ի գործով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության հեղինակած որոշման նախագիծը։

Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մերժումով սակայն, Մարտի 1-ի հարցը չփակվեց։ Ավելին, նախաձեռնության խափանումը Մարտի 1-ի կնճռի շուրջ հոգեբանական, իրավական ու քաղաքական հավելյալ դժվարություններ ու բարդություններ հարուցեց։

Մարտի 1-ի զոհերի ծնողների ու հարազատների մոտ մարդասպաններին ի վերջո պատժված տեսնելու ծագած հույսը արագորեն փոխվեց հուսահատության ու ագրեսիայի։
Որոշման մերժման ձևական պատրվակների ու պատճառաբանությունների վկայակոչումները օրենսդիր մարմնում հասարակության մեջ ամրապնդեցին մարդասպանների անպատժելիության, իրավապահ մարմինների պատասխանատուների հանցավոր անգործության, քաղաքական հովանավորության վարկածը։
Իրավապահ մարմինները պարտավոր են կատարել իրենց սահմանադրական պարտականությունները, բացահայտել սպանությունները և պատժել մարդասպաններին: Հակառակ պարագայում նրանց գոյությունն իսկ դառնում է անիմաստ և հասարակության մեջ չի կարող տիրել հանդուրժողականություն ու համերաշխություն, ինչպես ակնկալում են գործող իշխանությունները:

Հայ ազգային կոնգրեսը հնարավոր բոլոր միջոցներով շարունակելու է հետապնդել Մարտի 1-ի սպանությունների լիարժեք բացահայտման, բոլոր մեղավորներին ի հայտ բերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիրը թե՛ երկրի ներսում և թե՛ միջազգային կազմակերպություններում և ատյաններում։

Մարտի 1-ի գործով հինգ տարի ի վեր տևող նախաքննության արդյունքում տասը սպանություններից և ոչ մեկը բացահայտված չէ, բացահայտված չեն նաև հրազենային և այլ վնասվածքներ պատճառելու հարյուրավոր դեպքերը, անկատար են Հայաստանին ուղղված մարտի 1-2-ի դեպքերի անկախ քննության իրականացման, սպանությունների բացահայտման ԵԽԽՎ և ԵՄ բանաձևերի պահանջներն ու կոչերը:

Խնդիրը մեռյալ կետից տեղաշարժելու նպատակով դիմում ենք ԱԺ նախագահ պարոն Աբրահամյանին: Առաջարկում ենք մարտի 1-2-ին կատարված իրադարձությունների, այդ ընթացքում ՀՀ ոստիկանության, ՀՔԾ-ի և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների և գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցով կազմակերպել խորհրդարանական լսումներ։ Համաձայն ենք նաև փակ լսումներին։

Հուսով ենք, որ լսումների անցկացումը ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկած քաղաքական մեծամասնության պատգամավորներին կվերահամոզի այդ նախաձեռնության հիմնավորվածության ու արդարացիության հարցում»

Նախորդ հոդվածը‘Սկսվել է գարնանային զորակոչը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«Շանթ» հ/ը-ը պարզաբանեում է Արմեն Դուլյանին աշխատանքից հեռացնելու պատճառները’