‘Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը ԱԺ-ում’

1557

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը՝ ԱԺ ամբիոնից.

Իրավունքի տեսությանը մինչ վերջերս հայտնի էին նորմի (օրենքի) բովանդակության պարզաբանման քերականական, տրամաբանական, համակարգային, իրավաբանական-տերմինաբանական, պաշտոնեական, հեղինակային  (դոկտրինալ)  եղանակները կամ հնարքները:

2008 թ. հայտնի իրադարձությունների ընթացքում իրավապահ մարմինների՝ «ձեռի հետ  տեսաբան» ղեկավարների կողմից հայտնագործվեց և իրավակիրառ պրակտիկայում ներդրվեց քրեա-իրավական և քրեա-դատավարական նորմերի մեկնաբանման նոր, կամայական եղանակը: Ինչո՞ւ «կամայական». որովհետև այս տերմինն առավել ճշգրիտ ու  ամբողջական է արտահայտում հայտնագործության  էությունը: Իսկ հայտնագործությունն այն է,  որ տվյալ պարագայում իրավական նորմը մեկնաբանվում, նրա բովանդակությունը պարզաբանվում է ոչ թե գիտականորեն հիմնավորված  մեթոդների հիման վրա, այլ ինչպես ցանկանում է  մեկնաբանողը՝ նորմին վերագրելով այնպիսի բովանդակություն, ինչպիսին ցանկալի կամ նպատակահարմար է իրավակիրառ մարմնին:

Ավելացնենք, որ «Ժամանակակից  հայոց  լեզվի  բացատրական  բառարանում» կամայական եզրը վերծանվում է քմահաճ, ինքնագլուխ, ինքնակամ, հակառակ օրենքի, փաստարկից զուրկ, անհիմն  հոմանիշներով: Այստեղից կարելի է եզրակացնել, որ մեր անվանակոչումը թեև պայմանական, նախնական,  բայց ընդունելի տարբերակ է:

Հիշատակված հայտնագործությունը  նախաքննական, դատախազական և դատական համակարգերում շատ արագ այնքան լայն կիրառում ստացավ, որ բոլոր հիմքերն ունեինք հպարտանալու  իրավունքի տեսության գիտության մեջ նոր՝ հայկական դպրոցի  (ուղղության )  ի հայտ գալու համար:

Դատավարությունների ավարտից, քաղբանտարկյալներին այս կամ այն  հիմքով ու ժամկետում ի վերջո ազատ արձակելուց, քաղաքական թոհուբոհից հետո հայտնագործության հեղինակները, նրանց առավել օրթոդոքս աշակերտները միահամուռ կարծես ընդհատակ անցան:Ահա թե ինչու հավատավոր լավատեսներս կարծեցինք, թե իրավունքի տեսության նոր ուղղությունը (դպրոցը)  մեզանում անկում է ապրել, և կատարված փաստի ուսումնասիրությունը այսուհետ միայն իրավունքի պատմությամբ զբաղվող մասնագետներին  կհետաքրքրի:

 Պատգամավորի լիազորություններին առնչվող մի խնդրի քննարկումները, ի զարմանս մեզ, եկան ապացուցելու, որ նորմի մեկնաբանման կամայական  դպրոցը ոչ միայն չի լուծարվել, այլև հավաքագրել է ամեն գնով ինքնադրսևորման պատրաստ նոր երիտասարդների՝ թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմնում, ճանաչում ստացել իրավունքի գրեթե բոլոր ճյուղերում, ինչը  դպրոցի հեղինակ-հիմնադիրների համար արժեքավոր  ձեռքբերում և միաժամանակ՝ լուրջ վտանգ է ներկայացնում:

Բացատրեմ:

Քանի որ հայտնագործությունը իրավունքի տեսության ոլորտում աշխարհի մասշտաբով խիստ հազվադեպ, 50-100 տարին մեկ հանդիպող երևույթ է, հայտնագործության հեղինակներին առաջարկում եմ առանց հապաղման, օր առաջ իրենց իրավունքների գրանցմանը հետամուտ լինել պետական գործակալությունում՝ փակելու համար նորահայտ   պաշտոնասերների կողմից նրանց հեղինակային իրավունքի յուրացման ճանապարհը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Որքան շատ թալան, այնքան շատ փող, այս սկզբունքն է աշխատում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 650 հազ.դոլար ‘