‘Գագիկ Ջհանգիրյան. Արձանագրված փաստերը մեղադրական ակտի ամբողջական հատվածներ են. Տեսանյութ’

1596

Ներկայացնում ենք «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթը Ազգային ժողովում.

«Հինգերորդ գումարման ԱԺ-ն Վերահսկիչ պալատի արդեն երկրորդ հաշվետվությունն է քննարկում։ Մինչ ներկայացված փաստաթղթի բովանդակային կողմին անդրադառնալը՝ հարկ եմ համարում արձանագրել․

ա) ՀՀ վերահսկիչ պալատը թեև ՀՀ Սահմանադրությամբ անկախ պետական մարմին է, այն փաստացի ամբողջությամբ ձևավորված է կառավարող կոալիցիայի կողմից։ ԱԺ-ն  ՀՀ նախագահի առաջարկությամբ նշանակում է  ոչ միայն Վերահսկիչ պալատի նախագահին, այլև հաստատում է նրա տարեկան գործունեության ծրագրերը։

բ) Ուստի վերահսկիչ պալատի ոլորտային ուսումնասիրությունների ու տարեկան հաշվետվությունների ամփոփագրերում տեղ գտած չարաշահումների փաստերը ու դրանց տրված  գնահատականները (որքան էլ մեղմ ու չափավոր) որոշակի վերապահումով կարելի է համարել որպես կառավարող ուժի արձանագրումներ։

գ) ՀՀ ԱԺ-ն ՀՀ Սահմանադրությամբ և ԱԺ-ի կանոնակարգ օրենքով ոչ միայն ինքն է իրավասու իր մշտական ու  ժամանակավոր ձևավորվող մարմինների միջոցով վերահսկել կառավարության ծրագրի, բյուջեի կատարման, պետական միջոցների արդյունավետ ծախսման գործընթացը, այլև հանձինս Վերահսկիչ պալատի՝ սահմանադրական մասնագիտացված լծակ ու հնարավորություն ունի այդ վերահսկողությունը ավելի գործնական ու առարկայական դարձնելու։

դ)  Թեև ԱԺ-ն կանոնակարգ օրենքով ձևականորեն սահմանափակված է Վերահսկիչ պալատի հաշվետվության միայն քննարկմամբ, ԱԺ-ն  անհրաժեշտության դեպքում Սահմանադրական ու օրենսդրական բավարար հնարավորություններ ունի հաշվետվություններում վկայակոչված խախտումների ու չարաշահումների հետագա ուսումնասիրությունը շարունակել օրենսդիր մարմնի լիովին այլ գործիքակազմով։

ե) Եվս կարևոր մի նկատառում.  պետական բյուջեից կատարվող հափշտակությունների բացահայտումների ու վատնումների՝ տարեցտարի արձանագրվող ահռելի չափերը,պետական բյուջեի ծախսման ոլորտում չշտկվող, բարձիթողի վիճակը  Վերահսկիչ պալատին կարծես պարտադրում են ստուգման ու ուսումնասիրման մեթոդներից առավել հաճախ անցնել երկարաժամկետ ծրագրերի ամենօրյա վերահսկողության, մոնիթորինգի, տարբեր ոլորտներում աշխատանքների կատարման ու ծառայությունների մատուցման գերատեսչական, ենթաօրենսդրական ակտերի, տեխնիկական պայմանների և այլ նմանատիպ փաստաթղթերի մշակմանը, ինչով փաստորեն ավելի հաճախ է պալատը փոխարինում պետական կառավարման լիազոր մարմիններին, նրանց տեսչություններին՝ կրկնօրինակելով վերջիններիս լիազորությունները:

Այժմ՝ բովանդակային առումով:

Եթե քննարկվող հաշվետվության, առանձին ոլորտներում կատարված ուսումնասիրությունների ամփոփագրերում օգտագործված «խախտում», «չարաշահում», «անարդյունավետ ծախս», «գների արհեստական բարձրացում», «իրականացրած աշխատանքների ուռճացում», «անորակ աշխատանքների կատարում» և այլ եզրեր փոխարինենք դրանց քրեա-իրավական հոմանիշներով՝ «պաշտոնեական դիրքի չարաշահում», «պաշտոնեական կեղծիք», «խարդախություն», «յուրացում», «վատնում», «հավելագրում» և այլն, ապա արձանագրված փաստերը ոչ միայն առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների մասին հաղորդումներ են, այլև մեղադրական ակտի ամբողջական հատվածներ:  

Ըստ արձանագրվածի՝  յուրաքանչյուր տարի հարյուրավոր պետական պաշտոնյաներ ու չինովնիկներ, ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների տնօրեններ, ոլորտները սեփականաշնորհած ՍՊԸ-ներ ու կապալառուներ պետբյուջեում փայ են մտնում, հաճախ էլ, ես կասեի՝ ձեռք են գցում ծախսերի հսկիչ փաթեթը:Կոնկրետ օրինակներ ներկայացնելը անիմաստ եմ համարում. դրանք բազմաթիվ են  թե՛ 2012 թ.  հաշվետվությունում, թե՛ ոլորտային  ամփոփագրերում:

Ամեն անգամ ԱԺ-ին մնում է զարմանալ ու զայրանալ, թե բյուջեի այդ ինքնակոչ համասեփականատերերը ինչքան են խժռել կամ պետական միջոցների հափշտակության   նորարարական ինչ ձևեր ու միջոցներ են հեղինակել: Դրանով էլ սովորաբար Վերահսկիչ պալատի հաշվետվությունների  քննարկումներն ավարտվում են։

Զարմանալի է, բայց փաստ, որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններում արձանագրված յուրացումների, վատնումների,  հափշտակությունների հայտնաբերված ու արձանագրված ահռելի չափաբաժինները որևէ կերպ հաշվի չեն առնվում ո՛չ նոր բյուջեի կազմանն, ո՛չ էլ նախորդ բյուջեի կատարողականի հաստատման ժամանակ:Ահավասիկ 2012 թ. բյուջեի կատարողականի հաստատումը:

Նախ, մեզ մոտ ամեն ինչ գլխիվայր է. սկզբից հաստատում ենք նոր տարվա բյուջեն ու կառավարության ծրագիրը, հետո նախորդ տարվա բյուջեի կատարումը, այնուհետև միայն քննարկում ենք Վերահսկիչ պալատի հաշվետվությունը:Այսպես ավելի հանգիստ ու ապահով է:

Ինձ՝ իրավաբանիս համար առանձնապես անհանգստացնողն այն է, որ պալատի կողմից կատարված ուսումնասիրությունների  ու ստուգումների ընթացքում այս կամ այն ոլորտում հայտնաբերված խախտումներն ու չարաշահումները ոչ թե առանձին դեպքեր, էպիզոդներ են, այլ, ինչպես նշված է այդ հաշվետվություններում, դրանք ընդհանրական են, կրում են համակարգային բնույթ:Այս եզրերի կամ սահմանումների օգտագործումը Վերահսկիչ պալատի փաստաթղթերում նշանակում է միայն մի բան՝ որ ուսումնասիրվող ոլորտները ամբողջովին ախտահարված են,  հափշտակություններն ու չարաշահումները տիրապետող   ու խրոնիկ բնույթ են կրում այդ ոլորտներում:

Հաջորդ ոչ պակաս անհանգստության հիմքը. վերահսկիչ պալատը բյուջեի ծախսային մասի տնօրինման այս խայտառակ վիճակը արձանագրում է պարբերաբար, արդեն  4-5 տարի: Փոխվում են ստուգման ու ուսումնասիրման ոլորտները, գերատեսչությունները, դրանց ղեկավարները, բայց չի փոխվում արձանագրվող վիճակը:

Համատարած թալանի այս պատկերի վրա բացարձակ անհասկանալի ու անընդունելի է  մեր իրավապահ մարմինների, նրանց տնտեսական հանցագործությունների դեմ օպերատիվ ու հետախուզական միջոցներով պայքարի կոչված մասնագիտացված կառույցների, ՀՔԾ-ի, ՀՀ գլխավոր դատախազության (նրա  պետշահերի պաշտպանության վարչության) ես կասեի իներտ կամ անտարբեր վերաբերմունքը: Վերահսկիչ պալատի նախագահը մեր խմբակցության հետ այս հաշվետվությունը քննարկելիս խոստովանեց, որ վերջին երկու տարիներին պալատի ուսումնասիրությունների արդյունքները ՀՀ դատախազություն այլևս չի ուղարկում, որովհետև հիասթափված է այդ մարմնից: Բայց իրավապահ մարմինների հանցավոր անգործությունը պայմանավորել կամ բացատրել միայն նրանով, որ Վերահսկիչ պալատը բյուջեի հափշտակությունների մասին իրավապահ մարմիններին չի տեղեկացնում, մեղմ ասած՝ ծիծաղելի է: Անկախ այն հանգամանքից՝ այդ հաշվետվությունները հասցեագրվում են իրավապահ մարմիններին, թե ոչ, դրանք նախապես տեղադրվում են պալատի ինտերնետային կայքում, պալատի մասին օրենքի պարտադրանքով ուղարկվում ՀՀ նախագահին ու կառավարություն, ուստի իրավապահ մարմինների կողմից դրանց չարձագանքելը  ուղղակի անհնար է:

Եթե մի պահ մոռանանք սոցապ նախկին նախարարի և միջին օղակի մի քանի պաշտոնյաների քրեական հետապնդման օրինակը, ապա կարելի է պնդել, որ ՀՀ Վերահսկիչ պալատի վերջին մի քանի տարիների ուսումնասիրությունների ու ստուգումների ընթացքում արձանագրված պետբյուջեի անխնա մսխման ու  թալանի հարյուրավոր փաստեր այդպես էլ քրեաիրավական շարունակություն չեն ստանում՝ ու չեն ստանում:

Ո՞րն է խնդիրըը: Երևույթին, ըստ էության, կարող է տրվել երկու բացատրություն.

Նախ, Վերահսկիչ պալատի ամփոփագրերում արձանագրված փաստերը ինչ-ինչ պատճառներով միտումնավոր ուռճացվում,  և գույները խտացվում են, և իրավապահ մարմինները դրանցում շարունակաբար հանցակազմ չեն տեսնում:

Երկրորդ, իրավապահ մարմինները, կրկին ինչ-ինչ շարժառիթներից ելնելով՝ անթաքույց հովանավորում են բյուջեից կատարվող այդ թալանը, կոծկում փաստերը կամ, որ նույնն է՝ իրենք էլ են բյուջեում փայ մտնում:

Երկու դեպքում էլ կատարվում է ծանրագույն հանցագործություն:

Հրատապ խնդիրն է պարզել, թե վերը նշված բացատրություններից որն է իրականը, օբյեկտիվը: Հանդուրժել այս վիճակը, ինչպես նշեցին նաև քաղաքական մեծամասնության ղեկավարներն ու ներկայացուցիչները, այլևս անհնար է:

ՀՀ ԱԺ-ի Սահմանադրա-իրավական ստատուսը,  նրա լիազորությունները, լիովին բավարար են լուծել այս թնջուկը: Որոշումը ԱԺ-ինն է, հակառակ պարագայում՝ մենք էլ ենք դառնում այս թալանի մասնակիցն ու պարտակողը»:

Նախորդ հոդվածը‘Վթարի արդյունքում տուժածներից մեկը դեռ վերակենդանացման բաժնում է’
Հաջորդ հոդվածը‘Սանձարձակ պահող կին վարորդի ինքնությունը պարզվել է (տեսանյութ)’