‘Գագիկ Ջհանգիրյան. Ժամանակն է վերջ տալու պետական միջոցների անհագուրդ թալանին և անպատժելիությանը’

1310

Ազգային ժողովի այսօրվա նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձել է պետական կառավարման համակրգում առկա կոռուպցիային: Նա մասնավորապես նշել է, որ վերջին տարիներին Վերահսկիչ պալատը մի շարք պետական միջոցների հափշտակություններ է բացահայտում, մեղավորներն այդպես էլ չեն պատժվում: Ելույթի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Հարգելի գործընկերներ

Վերահսկիչ Պալատի  վերահսկողական հաշվետվությունների և դրանցում արձանագրված աղաղակող չարաշահումների փաստերի շուրջ ձևավորված թնջուկից ելք որոնելու նպատակով, կարծում եմ, կարիք կա անդրադառնալ մեր Սահմանադրության մեջ արձանագրված որոշ սկզբունքների:

Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա»: Քննարկվող խնդրի հետ կապված՝ հատկապես կարևորվում է օրենսդիր իշխանությունը կրող սուբյեկտի՝ Ազգային ժողովի կողմից կառավարության հավասարակշռման, կամ որ նույնն է՝ զսպումների սահմանադրական մեխանիզմը: Չանդրադառնալով տվյալ հարաբերություններում սահմանադրական հավասարակշռման ողջ զինանոցին՝ նշենք, որ Վերահսկիչ պալատի պետական բյուջեի ծախսային վերահսկողությունն  այդ զինանոցում առկա միջոցներից մեկն է:

Առնվազն վերջին հինգ տարիներին մենք ականատես ենք մի երևույթի, երբ, մի կողմից, Վերահսկիչ պալատը իր ուսումնասիրությունների արդյունքներով պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտներում հայտնաբերում, ԱԺ-ի և հասարակության դատին է ներկայացնում առանձնապես խոշոր չափերի (խոսքը միլիարդավոր դրամների մասին է) պետական միջոցների հափշտակությունների հարյուրավոր փաստեր, մյուս կողմից՝  առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մասին այդ հաղորդումներին ՀՀ դատախազությունն ու մյուս իրավապահ մարմինները վերաբերվում են անհասկանալիորեն անտարբեր, ինչի արդյունքում կամ արձանագրված փաստերը քրեաիրավական շարունակություն չեն ստանում, կամ էլ կառավարման ապարատի ստորին օղակների մեկ-երկու պաշտոնյա են մեղադրվում ու դատապարտվում ընդամենը: Մինչդեռ կույրի համար էլ պարզ է, որ այդ օղակների պաշտոնյաները չէին կարող տնօրինել ու տիրապետել միլիարդավոր դրամների հասնող ֆինասական միջոցներ:

Բնական է, որ պետական կառավարման համակրգում արմատավորված կոռուպցիայի համատարած սարդոստայնը նման կիսատ-պռատ, ես կասեի՝ բացարձակ անհամարժեք միջոցներով արմատախիլ անել կամ թեկուզ ինչ-որ չափով կրճատել հնարավոր չէ:

Ասվածի լավագույն ապացույցը 2011թ. Վերահսկիչ պալատի՝ մեր քննարկմանը ներկայացված զեկույցն է: Միլիոնավոր դրամների չարաշահումների փաստերը բազմաթիվ են, իսկ բարձրաստիճան մեղավորներ այդպես էլ չկան:

Քանի որ ԱԺ-ը միայն քննարկում է Վերահսկիչ պալատի այս հաշվետվությունը և որևէ որոշում այս կապակցությամբ չի կարող ընդունել, իսկ քննարկումը որևէ իրավական հետևանք չի առաջացնում, մնում է ճշտել, թե ԱԺ-ը սահմանադրական ու օրենսդրական ինչ միջոցներ կարող է ձեռնարկել խնդրի մեջ պարզություն մտցնելու առումով:

Ինչ խոսք, պատգամավորներն իրենց մտահոգող հարցերը կարող էին ուղղել (իսկ մտահոգություններ այս դահլիճում հայտնել են նաև քաղաքական կոալիցիան ներկայացնող պատգամավորները) կառավարությանը՝ կանոնակարգով նախատեսված հարց ու պատասխանների ընթացքում, և կենդանի քննարկում ակնկալել: Բայց հենց ԱԺ-ի թեթև ձեռքով կամ էլ լռելյայն համաձայնությամբ է, որ ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, հարկային ու մաքսային պետական կոմիտեն դարձել են Կառավարությանն իբր առընթեր մարմիններ, իսկ փաստորեն՝ դուրս են բերվել Կառավարության ու Վարչապետի ենթակայությունից՝ ԱԺ-ին ու նրանում ներկայացված քաղաքական ուժերին զրկելով վերջիններիս նույնիսկ հարցեր տալու իրավունքից: Էլ չեմ խոսում Գլխավոր դատախազի մասին, որը գործող Սահմանադրությամբ իրականում հաշվետու ու ենթակա է միայն երկրի Նախագահին: Կառավարության կազմում քննարկվող խնդրի հետ ֆորմալ առնչվող մնացել է միայն Արդարադատության նախարարությունը, այն դեպքում երբ այդ նախարարությունը որևէ առնչություն չունի արդարադատության բուն գործընթացի և դրան աջակցող պետական մարմինների սահմանադրական լիազորությունների հետ:

Իհարկե, կարելի է գնալ կոռուպցիոն այս երևույթներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման ճանապարհով, ինչպես առաջարկում են ընդդիմության մեր գործընկերները: Խնդրի քննարկման այս փուլում ընդունելի ենք դիտարկում նաև ԱԺ նախագահի կողմից խորհրդարանական լսումների հրավիրումը: Ի վերջո, պետք է կողմնորոշվել՝ օբյեկտիվ ու հիմնավոր են ՎՊ-ի ուսումնասիրություններն ու հաշվետվություննե՞րը, թե՞ նույն փաստերին տրված նախաքննական մարմինների և Գլխավոր դատախազության գնահատականները:

Օրերս այս դահլիճում մի քանի անգամ հնչել է այն թեզը, թե քաղաքական մեծամասնությունն է պատասխանատվություն կրում ԱԺ-ի ընդունած օրենքների և որոշումների համար: Ես լիովին համամիտ եմ այդ կարծիքին: Այժմ այդ քաղաքական պատասխանատվությունն ի ցույց դնելու լավագույն առիթն է ներկայացված:

Ժամանակն է վերջ տալու պետական միջոցների անհագուրդ թալանին և անպատժելիությանը:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ կառավարությունը հատկացրել է 7.5 մլն դրամ Սիրիայի հայ երեխաների ամառային հանգստի համար’
Հաջորդ հոդվածը‘Սաֆարովի հարցով ԵՄ Խորհրդարանի խմբակցությունների համատեղ բանաձևի նախագիծը ‘