‘Գագիկ Ջհանգիրյան. Ձեռնամուխ ենք եղել ՍԴ ներկայացվող դիմումի բովանդակային մասի շարադրմանը’

1121

ասում է Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը

Պարոն Ջհանգիրյան, ինչպես հայտնի է` խորհրդարանական մեծամասնությունը բոյկոտեց ընտրական վերափոխումների հարցով արտահերթ նիստը՝ այդպիսով տապալելով այն: Կխնդրեի տայիք արտահերթ նիստի Հանրապետականի բոյկոտի իրավական գնահատականը:

-Ընդհանրապես, Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելը, նիստերից դուրս գալը, նիստերին չմասնակցելը և այլն՝  ընդդիմության, փոքրամասնության զինանոցի, այսպես ասած, միջոց է, և ոչ թե մեծամասնության: Չգիտես ինչու, ԱԺ մեծամասնությունն այս անգամ դիմել էր ընդդիմության հնարքներին կամ միջոցներին, որն ինձ համար զարմանալի է:

Իսկ ինչո՞վ եք դա պայմանավորում:

-Ես դժվար բացատրեմ, նրանց մտքին ինչ կար, բայց կարծում եմ՝ չցանկացան, որպեսզի Ընտրական օրենսգրքի առաջարկվող փոփոխությունների բովանդակային քննարկում տեղի ունենար Ազգային ժողովում:

Քննարկումի՞ց էին վախենում:

-Դե հիմա վախենում են, չեն վախենում, ես չեմ ուզում պիտակավորել, բայց ասում եմ՝ Աժ մեծամասնությունը խուսափեց ԸՕ մեր փոփոխությունների բովանդակային, հրապարակային քննարկումից:

Նույն օրենքը իրենց չէր արգելում գալ նիստին, մասնակցել, դեմ քվեարկել:

-Ոչ թե օրենքը չէր արգելում, ընդհակառակը՝ ԱԺ կանոնակարգը պարտավորեցնում է պատգամավորներին մասնակցել նիստերին, ԱԺ  նախագահի համար նորմ կա Սահմանարդության մեջ, որ ԱԺ նախագահը օժանդակում է, աջակցում է ԱԺ բնականոն գործունեությանը: Կանոնակարգում նույնիսկ այդ կետին լրացում է կատարվել, և ասվում է, որ ԱԺ նախագահն անհրաժեշտության դեպքում նաև կարող է քաղաքական կոնսուլտացիաներ վարել: Այսինքն, ԱԺ ղեկավարությունը պարտավոր էր աջակցել նիստի կայացմանը: Ոչ թե կարող էին, չէին կարող ,այլ պարտավոր էին աջակցել:

Բայց նիստը վարողը նույնիսկ չի գրանցվել այդ օրը:

-Իմ կարծիքով՝ Հանրապետական մեծամասնությունը բացառեց կամ թույլ չտվեց, որ ԸՕ ներկայացված բարեփոխումների փաթեթը հրապարակային, բովանդակային քննարկվեր ԱԺ-ում:

Տարբեր տեղերից հնչող իրենց հավաքական տեսակետը սա է՝ որ դուք շոու եք սարքում, որ ձեզ վրա  ուշադրություն հրավիրեք: Իսկ իրենք չեն ուզում մասնակցել այդ շոուին, առավել ևս, որ ԸՕ փոփոխության հարց եղել է, ձեզ հրավիրել են, չեք մասնակցել, ու ընտրությունների շեմին այդ հարցը բարձրացնելը, ըստ նրանց, նշանակում է շուո կազմակերպել:

-ԸՕ փոփոխություների հարց եղել է, եղել է տարիներ առաջ, երբ ՀԱԿ-ը խորհրդարանական ուժ չէր, և նրա մասնակցությունն այդ աշխատանքներին կարող էր ունենալ, լավագույն դեպքում, խորհրդակցական բնույթ: Հիմա քաղաքական իրավիճակը բոլորովին այլ է, Կոնգրեսը ներկայացված է ԱԺ-ում, բացի դրանից, այդ օրակարգով արտահերթ նիստ հրավիրելը միայն Կոնգրեսի նախաձեռնությունը չէր: Դրան միացել էին բոլոր ընդդիմադիր ուժերը, նաև իրեն իշխանություններին այլընտրանք համարող քաղաքական ուժը: Այնպես որ, սա միայն Կոնգրեսինը չէր: ՀՀԿ-ն կամ մեծամասնությունը խոչընդոտեց, որպեսզի Ընտրական օերնսգրքի, «Պետական ռեգիստրի մասին» օրենքի և նաև Քրեական օրենսգրքի այդ փոփոխությունների փաթեթը քննարկվեր հրապարակային և ԱԺ-ում:

Ասում են, որ ընտրությունների շեմին այդ քայլն անելն անիմաստ է, որ դա պետք է արվի ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, առավելեւս՝ որ եթե փոփոխություններն ընդունվեն էլ, դրանք կյանքի կկոչվեն ընտրություններից հետո:

-Եթե քաղաքական կամք և համաձայնություն լիներ, այդ փոփոխությունները կարող էին շատ արագ ընդունվել, արտահերթ նիստի ինստիտուտն իր մեջ նախատեսում է նաև հարցերի քննարկման հատուկ կարգի սահմանում, մենք կարող էինք առաջին, երկրորդ, երրորդ ընթերցումների այլ ռեժիմ սահմանել, և շատ արագ այդ փոփոխություններն ընդունվեին` եթե կլիներ քաղաքական կամք և վճռականություն՝ արդար ընտրություններ անցկացնելու հարցում:

Նիստի օրը Առաջին նախագահը հոդված հրապարակեց՝ հիմնավորելով հարցի իրավական կողմը, եւ առաջարկեց ՍԴ դիմել: Ձեր գործողությունները որո՞նք են լինելու:

-Մենք արդեն ձեռնամուխ ենք եղել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի բովանդակային մասի շարադրմանը: Հուսով եմ, որ երբ այդ դիմումը կներկայացնենք հանրությանը, դուք ականտես կլինեք, որ մենք, հենվելով մեր Սահմանադրության վրա, գտել ենք անխոցելի դրույթներ, որոնք իրոք պարտավոր էր պահպանել մեր ԱԺ-ն, և պարտավոր էր պահպանել օրենսդիրը ԱԺ կանոնակարգ օրենքում, որպեսզի փոքրամասնությանը տրված արտահերթ նիստ գումարելու իրավունքը չխոչընդոտվեր օրենսդրական դրույթների անկատարության պատճառով:

Դա՞ է հայցի բովանդակային մեխը, թե՞

-Ես հիմա փակագծերը լրիվ չեմ բացի, բայց վստահ եմ, որ նույնիսկ մեր Սահմանադրական դատարանը, որը շատ հաճախ հերքում է անհերքելի փաստերը, նաև իրավական թեզերը, այս դեպքում մեծ դժվարություն կունենա մերժելու համար մեր դիմումը:

Իսկ ովքե՞ր են աշխատում այդ դիմումի վրա, այլ խմբակցություններից ներգրավվա՞ծ են աշխատանքներում:

-Նախագծի վրա ես եմ աշխատում, դրա հիմնական թեզերն իր հոդվածում ներկայացրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ նախագիծը պատրաստ լինելուց հետո անպայման կծանոթացվի մեր քաղաքական գործընկերներին, ովքեր միացել էին այդ արտահերթ նիստի ստորագրահավաքին: Կլսենք նաև նրանց դիտողություններն ու առաջարկությունները, լրացումները, այնուհետև վերջնական տարբերակը կներկայացնենք: Նախագիծը, կարծում եմ, 1-2 օրվա ընթացքում պատրաստ կլինի, իսկ թե կոնսուլտացիաներն ինչքան կտևեն, չեմ կարող ասել, բայց չեմ կարծում` դա այդքան մեծ փաստաթուղթ է և շատ բարդ համաձայնեցումների փուլ պետք է անցնի:

Եթե ՍԴն դրական եզրակացություն տա ձեր դիմումին, ո՞րն է  լինելու դրա իրավական հետևանքը:

-Եթե ՍԴ-ն ճանաչի գործող կանոնակարգ օրենքի այդ դրույթների հակասահմանադրականությունը, ապա ԱԺ-ն պարտավոր է փոփոխություններ կատարել կանոնակարգում և ապահովել փոքրամասնության արտահերթ նստաշրջան և նիստ նախաձեռնելու լիազորության անխափան իրացումը:

Կոնկրետ այս նախագծի վրա դրա ազդեցությունը ո՞րը կլինի:

-Սա անցած էտապ է: Գուցե մենք էլի նույն նախաձեռնությունը կրկնենք, ես չգիտեմ` ինչ համաձայնության կգան քաղաքական ուժերը, բայց առնվազն ՍԴ որոշումից հետո ԱԺ-ում ներկայացված ցանկացած փոքրամասնություն ապագայում բոլոր դեպքերում կունենա հնարավորություն՝ արտահերթ նստաշրջան և նիստ նախաձեռնելու իր այդ լիազորությունն իրացնել մինչև վերջ՝ անկախ մեծամասնության քաղաքական կամքից ու համաձայնությունից: 

Քրիստինե Խանումյան

 

Նախորդ հոդվածը‘Յոզեֆ Բլատեր. Աշխարհի առաջնությունը շուտով կվստահեն Անգլիային’
Հաջորդ հոդվածը‘Սալոնիկի բնակիչը բանկ է գրավել և սպառնում է ինքնահրկիզվել’