‘Գագիկ Ջհանգիրյան. Մարտի 1-ի չբացահայտված սպանությունները մեր երկրի ամոթն ու խայատառակությունն են ‘

1442

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին.

«Լրանում է մարտի 1-ի ոճրագործության 7-րդ տարին: Ո՛չ մարդասպաններն են պատժված, ո՛չ այդ սպանդի կազմակերպիչները: Փոխվել են հանրապետության գլխավոր դատախազը, ՀՔԾ-ի պետը, ոստիկանապետը, քննչական խմբի ղեկավարը (այն էլ՝ ոչ մեկ անգամ), բայց ունենք այն, ինչ ունենք:

Վերջին տարվա միակ նորությունը ՀՀ գլխավոր դատախազի՝ սպանությունների գործերը մայր գործից առանձնացնելու և առանձին վարույթներով քննելու հանձնարարականն էր:

Եկեք վերհիշենք, թե ինչպես 7 տարի առաջ հետընտրական գործընթացների հետ որևէ առնչություն ու կապ ունեցող (հաճախ էլ՝ առանց դրա) յուրաքանչյուր շինծու հաղորդում ու նյութ, քրեական գործ ու մեղադրանք ինչ օպերատիվությամբ էր պահանջվում ու միացվում «մարտի 1-ի» մայր գործին, հանձնվում ՀՀ գլխավոր դատախազի անմիջական հսկողության տակ գործող քննչական խմբի վարույթ:

Քրեական իրավունքից ու դատավարությունից քաջատեղյակների համար պարզ ու հասկանալի նպատակով. հանկարծ ու որևէ քննիչի ու դատախազի մտքով չանցներ իրադարձություններին տրված իշխանական մեկնաբանություններին ու գնահատականներին հակասող որևէ քայլ ձեռնարկել կամ, Աստված չանի՝ որոշում կայացնել:

Արդյունքում՝ քրեական գործերի նյութերում հետընտրական գործընթացները շուռ տրվեցին գլխիվայր, իրադարձություններին ու անձանց գործողություններին տրվեցին քրեա-իրավական կամայական, անգրագետ ու սխալ գնահատականներ: Պատճառները ներկայացվեցին որպես հետևանքներ, հանցագործները դարձան վկաներ ու տուժողներ, տուժողները՝  մեղադրյալներ ու դատապարտյալներ:

Իրավապահ ու դատական անխտիր բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք բարձրագույն իշխանության անմիջական հրահանգով վերջնականապես այլասերեցին մեր ոչ այնքան կատարյալ արդարադատությունը:

Երբ դատապարտվող ընդդիմադիրները սպառվեցին, պարզվեց, որ «մարտի 1-ի գործի» նախաքննությունն ավարտվել է: Ու քանի որ չէր հաջողվել  սպանությունները, հասցված մի քանի հարյուր մարմնական վնասվածքները բարդել ընդդիմության վրա, դրանք այդպես էլ մնացին անշարժ՝  մայր գործի շրջանակներում:

Քանի որ այդպես էլ քննության ու գնահատականի առարկա չդարձան մարտի 1-ի Ռ.Քոչարյանի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հակասահմանադրական հրամանագիրը, ՀՀ ԶՈՒ-ի ապօրինի գործադրումը, մարտի 1-ի սպանդին զինված ավազակախմբերի  մասնակցության և շատ ու շատ այլ հարցեր, բացարձակ անվտանգ դարձավ սպանությունների փաստերով իբր տարվող քննությունը շարունակել առանձին վարույթներով: Վստահ եմ՝ մի քանի հերթապահ քննչական գործողությունների կատարումից ու օպերատիվ հետախուզական հանձնարարականներից զատ՝ ոչինչ չի արվելու: Ժամանակ է՝ ձգում են՝« կամ էշը կսատկի, կամ իշատերը» մտադրությամբ:

Անկախ կառավարման ձևից ու քաղաքական ռեժիմից՝ պետությունը չի կարող չպատժել սպանությունները: Մարտի 1-ի չբացահայտված սպանությունները մեր երկրի ամոթն ու խայատառակությունն են:  ՀՀ ԱԺ-ն անթաքույց կրում է այդ խայտառակության իր պատվավոր բաժինը»: 

Նախորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը կդիմի ՄԻԵԴ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԿԲ կանխատեսումներով 2015 թվականին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կկրճատվեն 30 տոկոսով’