‘Գագիկ Ջհանգիրյան. Մենք ունենք մի դատական իշխանություն, որը բացարձակ անկախ չէ. Տեսանյութ’

1426

Արդարադատության խորհրդի իրավաբան–գիտնականներին հաստատելու հարցի քննարկման ժամանակ այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

«Ես թեկնածուների անձնական  որակների մասին չեմ խոսում, եթե հատկապես մեկի մասին մի բառ ասեմ,  ինչքան էլ օբյեկտիվ լինեմ, որոշները կլինեն, որ կընկալեն սուբյեկտիվ: Բայց ես ուզում եմ եզրակացություն անել թեկնածուների վերաբերյալ՝ ելնելով  թե՛ հարցերի, թե՛ ելույթների մեծամասնության բովանդակությունից, և ընդդիմության ներկայացուցիչները կարծես թե համակարծիք են:  Չմտածե՛ք, թե երկու արժանավոր իրավաբան-գիտնական նշանակելով՝ արդարադատության պրոբլեմները լուծեցինք: Եթե նույնիսկ մի հրաշքով մեր նշանակած երկու անդամները միավորվեն նախագահի կողմից նշանակված երկու իրավաբան-գիտնական անդամների հետ, ոչինչ չի փոխվի,  քանի որ նրանք այնտեղ փոքրամասնություն են կազմում. դատավորները ինն են: Այստեղ մի այսպիսի պարադոքսալ վիճակ է, այդ իսկ պատճառով խնդիրը նաև սահմանադրական, օրենսդրական լուծումների կարիք ունի, որպեսզի այդ խորհրդի ինքնուրույնությունը՝ դատավորների անկախության պաշտպանության առաքելությունը, Արդարադատության խորհուրդը կարողանա լիարժեք իրականացնել»,- ասաց նա:

Ջհանգիրյանը հավելեց, որ ցավոք սրտի՝ մեզ մոտ լիովին հակառակն է՝ հավելելով, որ կրկին պետք է անդրադառնա 2007 թվականին ընդունված դատական օրենսգրքին:

«Ըստ էության՝ դատական իշխանության հոնքը շտկելու տեղը մենք աչքն էլ հանեցինք, որովհետև եթե մինչ այդ մեր դատական իշխանությունը , դատավորները կախված էին մի քանի կետերից ՝ արդարադատության նախարար, վճռաբեկ դատարանի նախագահ, նախագահականի ապարատ, կառավարություն և այլն , մենք այդ բոլորից փորձեցինք ազատվել և կախվեցինք մի կետից , որը վճռաբեկ դատարանի նախագահն է, և ցավոք սրտի՝ այն զգուշացումները, որ ժամանակին ես հնչեցրել էի որպես գլխավոր դատախազի տեղակալ, այդպես էլ անտեսվեցին: Այսօր ի՞նչ ունենք: Մենք ունենք մի դատական իշխանություն, որը բացարձակ անկախ չէ , սահմանազատված է գործադիրից և օրենսդիրից, բայց ինքը վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ բուրգ է , այնպիսի բուրգ է, որ նույնիսկ ուժային և իրավապահ մարմինները կնախանձեին»,- նշեց նա:

Ջհանգիրյանը նաեւ հավելեց, որ ցանկանում է, որ ԱԺ-ի կողմից խորհուրդ գործուղված իրավաբան-գիտնականները փորձեն այդ բուրգը քանդել, իսկ որպեսզի այն քանդվի, մենք պետք է լուրջ օրենսդրական բարեփոխում իրականացնենք, որովհետև վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին գտնվող ցանակացած մարդ (ընդգծեց, որ ես անձի մասին չի խոսում. Արման Մկրտումյանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է եղել, վստահ է՝ հիմա էլ է), գործադրելով իր դատական իշխանության ուղղակի և միջնորդավորված լիազորությունները, դատավորների ինքնավար մարմինների, էթիկայի հանձնաժողովի և այլնի միջոցները , ինչպես նաև գործադրելով նիստը վարելու իր լիազորությունը՝ դարձրել է այս խորհուրդը ուղղակի մուրճ ՝ ինքնուրույնության ինչ-ինչ նշաններ թույլ տրած դատավորների այդ ինքնուրույնութունը ջարդելու հարցում:

«Բնականաբար, կողմ լինելով թեկնածուներին՝ ես ուղղակի խնդիր եմ առաջադրում: Գուցե ես դատաիրավական բարեփոխումների հետ իրակացվող հայեցակարգից առաջ եմ ընկնում, բայց օր առաջ վերանայել Արդարադատության խորհրդի գործողության կարգը, դատական օրենսգիրքը՝ մեծացնելով դատավորների անկախությունը: Այստեղ Բադիրյան Գրիգորը ասում է՝ խորհրդի անդամ դատավորների պաշտոնավարման ժամկետը մենք կկասեցնենք խորհրդի անդամ ընտրվելով: Հարցը մեծապես կլուծվի՞: Կարծում եմ՝ ոչ,  բացարձակ չի լուծվի, որովհետև նա նշանակվում է ցմահ, իսկ այնտեղ ընտրվում է որոշակի ժամկետով, դրանից հետո նա էլի կախված է լինելու այս համակարգից, էլի ինչ-որ տեղեր պետք է առաջխաղացում ունենա, նշանակվի, տեղափոխվի և այլն: Դուք շատ լավ գիտեք, թե ինչ են անում. եթե ուզում են որևէ մեկին հանել, կանչում և առաջարկում են, օրինակ, գնալ ինչ-որ հեռավոր շրջանի դատավոր: Նրանք էլ ուղղակի դիմում են գրում և դուրս գալիս: Դա վերաբերում է նաև թեկնածուներին: Ուզում եմ ասել՝ խնդիրը շատ համակարգային է և լուրջ բարեփոխման կարիք ունի, իսկ ընդհանուր առմամբ՝ կողմ եմ թեկածուներին»,- եզրափակեց Ջհանգիրյանը: 

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապին 20 տարեկան Renault են նվիրել’
Հաջորդ հոդվածը‘Փնտրվում են արևմտամետներ’