‘Գագիկ Ջհանգիրյան. Չպատժված հանցագործությունը ծնելու է նոր հանցագործություն (տեսանյութ)’

1833

Հայաստանում վերջին շրջանում արձանագրված բռնությունները դատապարտող ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հեղինակած` ԱԺ հայտարարության նախագիծը քննարկելու համար հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ:

Ստորեւ ներկայացնում ենք այդ նիստում ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթը:

«Անդրադառնալու եմ հայտարարության համար հիմք հանդիսացած նյութի բարոյական եւ իրավական ասպեկտներին, քաղաքական որեւէ շեշտադրում չեմ անելու:

Ցավոք, այս քննարկումը ուշացած է, եւ ԱԺ-ն թերացել է, նաեւ մենք ենք թերացել: Այս քննարկումը ոչ թե պետք է եզրափակեր այս բռնարարքների շարքը, այլ մի երկու դեպքից հետո անհապաղ պիտի տեղի ունենար, որ հետագայում գործողություններ այդ հարթության վրա այլեւս տեղի չունենային:
2`Իհարկե, այս քննարկումը ԱԺ-ում նախեւառաջ նվիրված է կամ քննարկման համար առիթ հանդիսացավ Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունը, բայց ես, նաեւ որպես նախկին զինդատախազ, չեմ կարող չանդրադառնալ մեր ազատամարտիկների, բանակի նախկին գնդապետի նկատմամբ կատարված բռնությունների դրվագին:
Դահլիճում էլ են նստած թե՛ նախկին ազատամարտիկներ, թե՛ զինվորականներ: Մեր հասարակության մեջ այդ խավը պիտի ամենապաշտպանվածը լիներ, պետք է գտնվեր պետության եւ հասարակության հատուկ հոգատարության ներքո, բայց ցավոք, նրանք հազիվ գոյատեւման եզրին են ապրում եւ բացարձակ անպաշտպան են: Խնդիրը նաեւ բարդ է հոգեբանական առումով, բայց ներքին զորքերը նախեւառաջ զորք է, զինծառայողներ են, հետո` ոստիկաններ:
Եւ եթե բարձրաստիճան զինծառայողի հրամանով կամ թողտվությամբ բանակի գնդապետին, ազատամարտիկին ծեծում են ավելի ցածր զինվորական կոչում ունեցող կամ գուցե կոչում չունեցող անձինք, սա խայտառակություն է:
Ես զարմանում եմ, որ չի արձագանքել ՊՆ-ն, այսօր մեր գնդապետը նստած մտածում է, որ վաղը զորացրվելոււց հետո կարող է ինձ էլ գցեն ոտքի տակ եւ շանսատակ անեն, բա ամոթ չի՞ սա:
Եւ մենք այստեղ ասում ենք` միայն կոչով բավարարվե՞նք, թե՞ գործողություն պարտադրենք, թե՞ խրատ կարդանք, սա խայտառակություն է մեր բանակի սպայի համար, չէ՞ որ Ռազմիկ Պետրոսյանը ոչ միայն կամավորական է եղել, հետո անցել է գործող բանակ, երեք եղբայրներով ծառայել են բանակում:

Հիմա Արամ Մանուկյանի խնդրից:

Հանգամանքների բերմամբ, ես դեպքից րոպեներ անց, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ դիտել եմ այդ տեսաերիզը, այդ հանցագործը մուտք է գործել շքամուտք, եւ ընդամենը 30 վայրկյան հետո մուտք է գործում Արամ Մանուկյանը: Մեծ օպերատիվ փորձ պետք չէ ունենալ, որ հասկանաս, որ նրան արտաքին դիտարկում են արել, ուղեկցել են, հետեւաբար` այդ անձը մենակ չի գործել: Բացի դա, ինքը ձախով է հարվածել` պատի անկյունից, ինքը բռնցքամարտիկ է առնվազն, որովհետեւ բաքսյորի ստոյկա է ընդունում հարվածելուց առաջ ու չի էլ նայում` ինչ եղավ, որովհետեւ ինքը գիտի հարվածի ուժգնությունը, հանկարծակիի եկած մարդը ի՞նչ պիտի լինի, հնձած խոտի նման տապալվում է գետնին:
Ասում եք` եկեք դատապարտտենք, մի՞թե սրան չէր կարելի գոնե երկու ամիս նախնական կալանքի տակ պահել, արդյո՞ք նրա արարքը ճիշտ է որակված ՔՕ-ով, ոչ, որովհետեւ նույն գիշերը Արամ Մանուկյանը տոմոգրաֆիական հետազոտություն է անցել եւ սարքը նրա մոտ ուղեղի ցնցում է արձանագրել, իսկ դա միջին ծանրության աստիճանի վնասվածք է, հետեւաբար, արարքը 113-ով պիտի որակվեր:
Կոչ եմ անում` ավելի լավ է անատամ հայտարարություն չընդունենք: Չեմ ուզում որեւէ վատ սցենար ներկայացնել, բայց մեղավորները պետք է պատժվեն, չպատժված հանցագործությունը ծնելու է նոր հանցագործություն:
Իսկ հրամանատարները, գոնե ծառայածները գիտեն, որ այսպիսի բաները կուլ չեն տալու:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Բռնարարքների հարցում պատասխանատվությունը քաղաքական մեծամասնությունն է կրում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն եւ Դաշնակցությունը ԱԺ-ում հայտարարություն ընդունեցին’