‘Գագիկ Ջհանգիրյան. Քանի դեռ Հայաստան երկրում քաղաքական հարցերը լուծվում են քրեական օրենսգրքով, էս ուղտը բոլորիդ դռանը չոքելու է ‘

1277

Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ելույթը Ազգային ժողովում:

Հարգելի խորհրդարան, տիկնայք եւ պարոնայք

Ստորև ներկայացվող հայտարարությունը պատրաստել էի մինչ պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրյալ ներգրավելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության ԱԺ ներկայացնելը: Չհասցրի, ինչպես ասում են` շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Հայատարարության հիմնական նպատակը նորընտիր ԱԺ-ին ձեռնպահ պահելն էր այնպիսի քայլերից ու որոշումների ընդունումից, որոնք կվարկաբեկեին ոչ միայն մեր երկրի խորհրդարանը այլև կխաթարեին արդեն իսկ սասանված Հայաստան պետության միջազգային վարկն ու հեղինակությունը:

Այս մտահոգությամբ եմ միայն անդրադառնում նախորդ գումարման Ազգային ժողովի ընդունած թերեւս ամենախայտառակ ու ամոթալի որոշումներից մեկին, որով ԱԺ-ն 2008թ. մարտի 4-ին իր համաձայնությունը տվեց ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին եւ Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալներ ներգրավելու եւ կալանավորելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը:

ՀՀ ազգային ժողովն իր տրամադրության տակ չունենալով որեւէ ապացույց, որը կվկայեր կամ առնվազն հիմնավոր կասկած կհարուցեր նշված պատգամավորների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ եւ 225-րդ հոդվածներով նախատեսված ծանրագույն արարքների մեջ մասնակցություն ունենալու մասին, երեք էջանոց մեկ միջնորդագրով ԱԺ չորս պատագամավորների մեկ ժամվա ընթացքում,  փաստորեն՝ առանց  քննարկման իր գործընկերներին հանձնեց քաղաքական հաշվեհարդարի, ինչով ԱԺ-ն իր անմիջական մասնակցությունը բերեց եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնեց 2008թ. փետրվարյան ընտրություններից հետո երկրում ծայր առած զանգվածային, ապօրինի քրեական հետապնդումների համար:

ԱԺ-ում կառավարող կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերը, տեղի տալով գործադիրի պարտադրանքին, բավարարեցին գլխավոր դատաղազի մի միջնորդություն, որը սահմանադրական և օրենսդրական նորմերի կամային ու տարածական մեկնաբանման, քրեական մեղադրանքների մոգոնման, իրավական խտացված անգրագիտության, իրենց իսկ բառերով ասած՝ հոգեխանգարմունքի՝ մինչ օրս չգերազանցված նմուշ է:

Բավական է նշել, որ այդ փաստաթուղթը նշված պատգամավորներին մեղսագրվող արաքների քրեա-իրավական նշանակություն ունեցող որեւէ հատկանիշ,հանցակազմի որևէ տարր չէր հիշատակում: Միջնորդագրի հետ ծանոթացումից անհայտ է մնում նաեւ, թե վերջիններիցս ով՝ քրեական օրենսգրքով արգելված ինչպիսի գործողություններ, արարքներ է կատարել, եւ ինչ ապացույցներով են այդ մեղադրանքները հիմնավորվում: Այսպես կոչված՝ «7-ի գործի» նյութերի հետ ծանոթացումը հաստատեց մեր այն ենթադրությունը, որ առաջին «մեղադրական»  ապացույցները ՀՔԾ-ն ու գլխավոր դատախազությունը ձեռք են բերել պատգամավորների կալանավորումից հետո միայն օրեր անց:

Հետո ինչպես էլ կարդացին, ինչպես էլ թարգմանեցին մեր 300-ն ու 225-ը եվրոպացի չինովնիկներին, էս «բթամիտներն» այդպես էլ չհասկացան, թե ինչու են կալանավորված չորս պատգամավորները: Եվ որպեսզի հանկարծ ու չկասկածեին դատախազի, ձեռի հետ էլ՝ գիտնականի պրոֆեսիոնալիզմին, սկսեցին մեղադրել ԱԺ-ն ու նրա անկատար օրենքները: Իսկ մինչ  300-ու 225-ը որոշակի կդարձնեին, ամիսներ անցան: Թարսի պես դրսում ժողովրդական շարժումը չէր թուլանում, իսկ ներսում էլ տղերքը չէին կոտրվում… տարիներ անցան:

ՀՀ Սահմանադրության մեջ պատգամավորական անձեռնմխելիության ամրագրումը սահմանադրական արգելք, խոչընդոտ է ,որը խորհրդարանը պետք է հաղթահարի միայն լուրջ իրավական ու փաստական հիմքերի առկայության դեպքում: Այո, եթե կուզեք՝ ԱԺ-ն այս դեպքում ինչ- որ չափով դատական ֆունկցիա պետք է կատարի, և այս լիազորությունը օրենսդիր մարմնի կողմից գործադիր ու դատական իշխանությունների զսպման լուրջ լծակ է:

Քանի դեռ Հայաստան երկրում քաղաքական հարցերը լուծվում են քրեական օրենսգրքով, էս ուղտը բոլորիդ դռանը չոքելու է՝ մի օր  ուշ, մի օր շուտ: Այսօր հանձնում եք երեկ համաձայնություն տվողներին, վաղը հանձնելու եք  այսօրվա համաձայնություն հայցողներին:

Հիմա էլ վստահ եմ, որ այս դահլիճում ներկա որոշ պատգամավորներ, եթե ոչ շատերը, իրենց նախկին գործընկերներին պատահաբար հանդիպելիս ինքնարդարացման խոսքեր  են փնտրում և չեն կարողանում շիտակ նայել նրանց աչքերին:

Ուզում եմ հուսալ, որ ապագայում ամաչելու,մեր գործընկերներից հայացքներս թաքցնելու այլևս առիթներ չենք ունենա,անձնատուր չենք լինի քաղաքական ու խմբային թելադրանքներին, բարձր կպահենք ԱԺ-ի պատգամավորի, ուղղակի՝ հայ մարդու պատիվն ու արժանապատվությունը:

Նախորդ հոդվածը‘Ադելի երգը համացանցում է հայտնվել պաշտոնական պրեմիերայից առաջ’
Հաջորդ հոդվածը‘ Կենսաթոշակների մասին օրենքի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը. ՍԴ-ի որոշումը ‘