‘Գագիկ Սարգսյան. Հաշվառման ու պահպանական գոտիների անվան տակ կատարում ենք նաև Ղարաբաղի հուշարձանների հնագիտական հետախուզությունը ‘

178307

iLur.am-ի զրուցակիցն է հնագետ, պատմաբան  Գագիկ Սարգսյանը

-Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս առաջացավ «Արցախի վանքերն ու եկեղեցիները» քարտեզ-ալբոմը ստեղծելու միտքը: Կպատմե՞ք աշխատանքի ընթացքի մասին:      

-Ղարաբաղում աշխատել սկսել եմ 2008 թվականից: Ինձ հրավիրել են որպես մասնագետ՝ Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը կազմելու համար: Աշխատանքը ենթադրում է, որ ես պիտի գյուղից գյուղ, ձորից ձոր, սարից սար գնամ, անձամբ տեսնեմ բոլոր հուշարձանները, լուսանկարեմ, նկարագրեմ, փաստագրեմ աշխարհագրական կորդինատները, զննեմ հուշարձանն ու շրջակա տարածքը, հետո այս ամենը դնեմ տեղահանույթի վրա և հավելելով տեղագրությամբ ու փաստագրական նյութով` գծեմ անձեռնմխելի տարածքի սահմանները, որը անհրաժեշտ է հուշարձանի պահպանությունը ապահովելու համար: Հուշարձանը պետական պահպանության վերցնելու գործընթացը սկսում է հաշվառումից ու վկայագրումից, և հետո միայն հուշարձանի կարգավիճակ ստացած օբյեկտի վրա կազմվում է պաhպանական գոտի: Բայց քանի որ Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների շատ թե քիչ հավաստի ցուցակ երբեք չէր եղել, ուստի մենք տեղի մասնագետների հետ միասին ստիպված էինք միաժամանակ կատարել և՛ հաշվառումն ու վկայագրումը, և՛ պահպանական գոտիների կազմումը: Փաստորեն՝ մենք հաշվառման ու պահպանական գոտիների անվան տակ կատարում ենք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի հուշարձանների հնագիտական հետախուզությունը, ինչը այլ բնույթի ու այլ խնդիրներ հետապնդող աշխատանք է: Եվ այս ընթացքում հավաքվել է ահռելի ու իր տեսակի մեջ եզակի փաստագրական նյութ, որի հանրահռչակումը դառնում է հրամայական: Ամբողջ նյութի ներկայացումը երկարատև ու ծավալուն աշխատանք է, իսկ նրա մի փոքր մասը, տվյալ պարագայում՝ վանքերն ու եկեղեցիները, նպատակահարմար գտանք ներկայացնել այս քարտեզ-ալբոմի ձևով, քանի որ նոր, շատ-շատերին անծանոթ և գոնե այսօրվա վիճակով ամբողջական նյութ է: Այն նպատակաուղղված է հայրենաճանաչմանը, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը և մեկ անգամ ևս հիմնավորում է Ղարաբաղի՝ հայոց հող լինելու փաստը, որտեղ հայկական հուշարձաններ կան, հայկական եկեղեցիներ: Նշեմ, որ գրեթե բոլոր նշված եկեղեցիների ու վանքերի մոտ կան խաչքարեր ու տապանաքարեր, շատերը՝ հայերեն վիմագրերով: Քարտեզ-ալբոմում ներկայացվող հուշարձանները ամբողջը չեն. այսօր արդեն մենք տեղեկություն ունենք ևս 3-4 եկեղեցիների մասին, որոնք դուրս են մնացել ցուցակից և դեռ փաստագրված չեն: Այս աշխատանքին վերջակետ դնել հնարավոր չէ. սա մշտապես վերանայվող և լրացվող գործընթաց է: Բուն քարտեզ-ալբոմի վերաբերյալ շատ չէի ուզենա տարածվել, քանի որ նախաբանում ասված է ամենը: Ասեմ, որ աշխատանքը բաղկացած է երկու մասից՝ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված սահմաններում կազմված 220 000 մասշտաբի քարտեզից, ուր պայմանական նշաններով իրենց տեղերում դրված են փաստագրված 385 վանքերն ու եկեղեցիները, և վերջինիս անբաժան մասը կազմող ալբոմից, որտեղ ներառված են վերոհիշյալ բոլոր հուշարձանների մեկական լուսանկարները՝ հուշարձանների ցուցակ հանդիսացող բացատրագրերով: Այնտեղ նշված է նրանց տեղը, անվանումը, կառուցման ժամանակը, դիրքը բնակավայրի նկատմամբ, տեխնիկական վիճակը, աշխարհագրական կոորդինատներն ու բարձրությունը ծովի մակերևութից: Քարտեզ-ալբոմը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել Արցախի պատմամշակութային ժառանգության շատ խոսուն ու էական շերտի մասին՝ ելակետային տվյալներ պարունակելով և ուղևորելով խնդրո առարկա հուշարձանները տեղում գտնելու, սեփական աչքով տեսնելու, հայրենի հողն ու մշակույթը ճանաչելու ու արժևորելու:

-Փաստորեն՝ աշխատանքի ընթացքում հայտնաբերել եք նոր հուշարձաններ.  կպատմե՞ք դրանց մասին:

-Հնագիտական հետախուզական աշխատանքների խնդիրը հենց նոր, մինչ այժմ անհայտ հուշարձանների հայտնաբերումն ու փաստագրումն է: Ընթացքում մենք բազմաթիվ նոր հուշարձաններ ենք հայտնաբերել, որոնք գուցե տեղացիներից մեկ-երկու հոգի գիտեն, հաճախ անգամ ոչ ոք չգիտի դրանց գոյության մասին: Շատ անգամ դրանք այն աստիճանի են ավերված կամ ծածկված հետագա նստվածքներով, որ կարող ես անցնել եկեղեցու կամ ամրոցի վրայով՝ չտեսնելով ու չհասկանալով, որ գտնվում ես հուշարձանի վրա: Այստեղ մասնագետի աչք է պետք, որ կարողանա տեսնել ու տարրազատել բուն հուշարձանը այլ կառուցվածքներից:

Ասեմ, որ վերջին երկու տարվա ընթացքում միայն Քաշաթաղի շրջանում մենք գտել ենք մինչ այժմ անհայտ 48 ամրոց, որոնցից 34-ը հասցրել ենք տեղում ուսումնասիրել ու փաստագրել որպես նորահայտ բերդ-ամրոց: Այս շարքում են ինչպես մի քանի քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող քաղաքատեղին՝ Ղուշչի ղալան, այնպես էլ փոքր պահակային ամրոց-դիտակետեր և պարսպապատ բնակատեղիներ՝ իրենց բնակելի, հասարակական ու պաշտամունքային կառույցների մնացորդներով, ճանապարհներով, պաշտպանական պարիսպների բազմաշերտ համակարգով, շրջակայքում տարածվող դամբարանադաշտերով ու ուղեկցող բնակավայրերով: Շատերի պատերը դժվարությամբ ուրվագծվում են գետնի մակերեսին, բայց կան նաև մինչև 5-6 մ բարձրությամբ պահպանված պարիսպներով ամրոցներ: Եվ ամեն մեկը՝ մի սարի գլխին, մի ձորի եզրին, մի դժվարամատչելի վայրում: Վերջիններս թվագրվում են պատմական տարբեր ժամանակներով՝ ընդգրկելով Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակաշրջանները:

Արցախում աշխատելու ընթացքում մենք հավաքել ու սիստեմավորել ենք Ղարաբաղի հուշարձաններին վերաբերող հնարավորինս ամբողջական փաստագրական նյութը: Այս աշխատանքի արդյունքն է, որ այսօր արդեն ԼՂՀ կառավարություն ներկայացվել ու հաստատվել են ԼՂՀ-ի 5 վարչական շրջանների պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակները, իսկ երկուսը դեռ ընթացքում են: Այս ծրագիրը կշարունակվի, քանի որ դեռ ավարտված չէ ամենադժվար՝ Քաշաթաղի ու Շահումյանի շրջանների հուշարձանների հետազոտումը:

-Այս քարտեզալբոմում, սակայն, ընդգրկված են միայն եկեղեցիներն ու վանքերը, թեպետ ուսումնասիրում եք բոլոր հուշարձանները: Ո՞րն է պատճառը, և արդյո՞ք չեք պատրաստվում բոլոր հուշարձաններն ընդգրկող քարտեզ-ալբոմ հրատարակել:

-Բոլոր հուշարձանները նման ձևով հրատարակել չի ստացվի նյութի ահռելի ծավալի պատճառով: Ասեմ, որ Ղարաբաղի ամրոցների վերաբերյալ մի աշխատանք է պատրաստել Ղարաբաղի հուշարձանների նվիրյալ Սլավա Սարգսյանը՝ ներկայացնելով ամրոցները լուսանկարներով, նկարագրություններով ու պատմական ակնարկով: Գիրքը պատրաստ է, բայց դեռ հրատարակված չէ:

Մենք ՀՀ մշակույթի նախարարության ՙՊատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ ծրագրում ենք հրատարակել Լեռնային Ղարաբաղի տարածքի պատմամշակութային հուշարձանների Դիվանը՝ մի բազմահատոր աշխատանք, որում կամփոփվեն բոլոր հայտնի հուշարձանները: Փաստագրական նյութը հիմնականում հավաքված է, բայց այս նախագիծը ենթադրում է ինչպես լրացուցիչ դաշտային, այնպես էլ մասնագիտական կոլեկտիվի լուրջ աղբյուրագիտական ու խմբագրական աշխատանքներ:

-Իսկ ինչպե՞ս եք գտնում ամրոցները:

-Ամրոցների և ընդանրապես նոր հուշարձանների հայտնաբերման հիմնական մեխանիզմը տեղի բնակչության նպատակաուղղված հարցուփորձն է: Շատ ենք արժևորում տարեց հնաբնակների, հովիվների և իհարկե որսորդների տված տեղեկատվությունը: Բայց Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններում այս մեթոդը, հասկանալի պատճառով, ոչ միշտ է գործում: Այստեղ մեզ օգնության են գալիս Google-Երկիր մոլորակ ծրագրի տիեզերական լուսանկարները: Վերջիններս, իհարկե, շատ են օգնում, բայց նրանք անօգուտ են անտառապատ տարածքներում: Այսպես,  մասնագիտական աչքով տարածքների եռաչափ լուսանկարները զննելիս հնարավոր է տարբերակել ամրոցներ, գյուղատեղիներ, ջրանցքներ և այլ ձեռակերտ կառուցվածքներ: Կասկածելի օբյեկտները համադրվում են խոշորամասշտաբ քարտեզների հետ, և ներբեռնելով նրանց աշխարհագրական կորդինատները GPS ընդունիչ՝ գնում ենք տեղում հուշարձանը ստուգելու: Միայն տեղում զննելուց հետո ստացված դրական արդյունքի պարագայում փաստագրվում է նորահայտ հուշարձանի գյուտը: Հաճախ տեղում պարզվում է, որ նշված օբյեկտը հուշարձան չէ, սակայն հիմնականում արդյունքը դրական է: Շատ դեպքերում հուշարձանի առկայության մասին կարելի է կռահել ռելիեֆի առանձնահատկություններից: Այսպես, դիտարկելով Հակ գյուղի շրջակա տարածքը՝ ուշադրություն դարձրի, որ գյուղի մոտ Աղավնո գետը պտույտ է տալիս՝ կազմելով մոտ ¾ կիսաշրջան թերակղզի՝ բլրակով: Այն նեղ անցումով հաղորդակցվում է գետի աջ ափի հետ: Մտքումս ասացի. «Մեր նախնիները հիմար կլինեին, եթե բնության պարգևած նման նպաստավոր վայրում ամրոց չկառուցեին»: Երբ այցելեցինք նշված՝ Աղբախերտ կոչված վայրը, պարզվեց, որ այստեղ իսկապես բրոնզեդարյան ամրոց է՝ կիկլոպյան պարիսպներով, լայն միջանցքատիպ մուտքով, միջնաբերդում դղյակի հետքերով և պարիսպներից դուրս տարածվող բնակատեղիով: Ցավ ապրեցինք, երբ տեսանք, որ մեր այցելությունից մի քանի ամիս առաջ բնակավայրի վրայով անցկացրել են փոքր հէկի ջրատար խողովակաշար՝ գրեթե ամբողջովին ավերելով բնակատեղին: Եթե մենք մի տարի շուտ գայինք այստեղ, հուշարձանի ավերումը կանխարգելված կլիներ: 

-Բացի հուշարձանների փաստագրումից նաև պեղումներ եք կատարում: Կպատմե՞ք, թե ինչ եք պեղել և ինչ արդյունքների եք հասել:

-Պեղումներ անում եմ հիմնականում նորահայտ Կարկառ քաղաքատեղիում, որը հայտնաբերվել է Ստեփանակերտի ու Շուշիի միջնամասում՝ երկու ձորերով եզերվող հրվանդանին: Այս քաղաքի երբեմնի գոյության մասին մենք ունեինք գրավոր վկայություններ, ըստ որոնց՝ քաղաքը կառուցել է պարսից արքա Խոսրով Անուշիրվանը 6-րդ դարում: Արդեն չորս տարի է՝ փոքրածավալ պեղումներ ենք անում և հասցրել ենք պարզել, որ քաղաքը հիմնադրվել է Խոսրով Անուշիրվանից առնվազն 1000 տարի առաջ՝ Վանի թագավորության ժամանակաշրջանում, և որ այն սնվում էր ձեռակերտ ջրանցքով բերված ինքնահոս ջրով: Ուշագրավ է, որ քաղաքի հյուսիսային հողապատնեշ-պարիսպը ձգվում է ձորից ձոր 1100 մ, և նրա ճակատով գնում է ջրով լցված խանդակը: Նախանցյալ տարի այստեղ պեղեցինք վաղ հայկական տաճարային համալիր ֆալատիպ պորտաքարով ու բուն տաճարի մնացորդներով:

Այս տարիներին Ղարաբաղում փոքր հետախուզական ու պեղման-մաքրման աշխատանքներ եմ կատարել նաև Դաշուշենի Սուրբ Սարիբեկ սրբատեղիում, Դադիվանքում, Չարեկտարի վանքում, Խնձրիստանի Ջուխտակ վանքում, Թալիշի Հոռեկավանքում ու Քոլատակի Մեծառանից վանքում: Այս պեղումները հիմնականում կատարվում են ճարտարապետ Սամվել Այվազյանի հետ միասին, որը և կազմել է նրանց վերականգնման նախագծերը: Կցանկանայի առանձնակի նշել Հոռեկավանքի պեղումները, ուր մասամբ փլուզված եկեղեցու խորանը մաքրելիս բացեցինք հետագա վերափոխումներով ծածկված եկեղեցու սկզբնական հորինվածքի բաղադրամասերը, այն է՝ եկեղեցու խորանում եղել են երկու թաղակապ փոքր ավանդատներ, որոնց տանիքին՝ հատակից 220 սմ բարձրության վրա, կազմակերպված է եղել խորանի բեմը: Նման հորինվածք Հայաստանում չի հանդիպում և բնորոշ է միայն Արցախի ճարտարապետական դպրոցին: Երկհարկանի խորաններ ունեն նաև Տողի Գտչավանքի երկրորդ եկեղեցին և Վարնկաթաղի Կաթողիկոսասարի վանքի եկեղեցին (Մեծ Թողկասարի վանք):

Վերջում թուլ տվեք շնորհակալություն հայտնել «Անտարես» հրատարակչությանը և նրա տնօրեն Արմեն Մարտիրոսյանին, որի նվիրման և աջակցության շնորհիվ հնարավոր եղավ քարտեզ-ալբոմի լույս ընծայումը:  

Ռիմա Գրիգորյան 

Նախորդ հոդվածը‘NHL. Ձեռնամարտեր հոկեյի սահադաշտում(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության առաջարկով՝ մարտի 3-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ’