‘Գազալցակայանները անհիմն են բարձրացրել գազի գինը. Մամուլ’

1478

Մի քանի օր է արդեն՝ ավտոգազալիցքավորման կետերում գազը թանկացել է 20-40 դրամով: Մինչդեռ, ինչպես «Ժամանակին» հավաստիացրել են «Գազպրոմ Արմենիա»-ից, իրենք գազի գինը չեն վերանայել և այն, ինչ անում են լիցքավորման կետերը՝ իրենց հետ ոչ մի կապ չունի: Ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը թերթին տեղեկացրել է, որ գործող բանաձևի համաձայն՝ գազալցակայանները իրենց սպառած գազի դիմաց վճարում են յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակված 1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։

Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա մեջ սպառած գազի համար նրանք վճարելու են նոյեմբերի 25–ի կուրսով, երբ դոլարն ամենևին էլ չէր թանկացել ։

«ՀԺ»-ն իր հերթին հետաքրքիր հաշվարկ է կատարել. Ավտոմեքենաների լիցքավորման գազալցակայաններում մեկ խորանարդ մետր գազի գինը, մինչև դրամի արժեզրկումը, միջինը 180 դրամ էր: Մեկ շաբաթ առաջ, երբ դրամը արժեզրկվել էր 13 տոկոսով և մեկ դոլարի գինը 411 դրամից հասել էր 465 դրամի, մեկ խմ գազը վարորդները գնում էին արդեն միջինը 230 դրամով: Հիմա հաշվարկենք, թե որքան պետք է լիներ գազի գինը, որպեսզի «համահունչ լիներ» դրամի արժեզրկմանը: Գազալցակայանները մեկ խմ գազը «Գազպրոմ Արմենիայից» գնում են 0.277 դոլարին համարժեք դրամով: Երբ մեկ դոլարի գինը 411 դրամ էր, 0.277 դոլարը 114 դրամ էր: Այսինքն՝ վարորդներին վաճառած 180 դրամանոց գազի մեջ 114 դրամը բուն գազի գինն է: Երբ մեկ դոլարի գինը հասավ 465 դրամի, 0.277 դոլարը արդեն արժեր 129 դրամ, կամ՝ թանկացումը 15 դրամ էր կազմում: Իսկ դրանից ուղղակիորեն հետևում է, որ դրամի 13 տոկոս արժեզրկման արդյունքում գազի մեկ խմ-ի գինը գազալցակայաններում պետք է կազմեր 195 դրամ: Բայց արժեր 230 դրամ: Ավելին՝ երեկվա դրությամբ մեկ դոլարի գինը արդեն 500 դրամ էր: Նույնիսկ այս դեպքում մեկ խմ գազի գինը պետք է լինի 203 դրամ և ոչ ավելին:

Նախորդ հոդվածը‘Ռաուլ. «Եթե թիմ ունենայի ո՞ւմ կհրավիրեի. Մեսսիի՞ն, թե՞ Ռոնալդուին: Պատասախանը պարզ է` երկուսն էլ»’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը’