‘Գազայի հատվածից հրաձգության հետևանքով զոհվել է երեք իսրայելցի ‘

1007

Իսրայելի հարավային Կիրյատ-Մալախի քաղաքում երեք մարդ է զոհվել Գազայի հատվածից արձակված հրթիռային հրետակոծության արդյունքում, այդ մասին այսօր հաղորդել է The Jerusalem Post-ը: Պաղեստինի տարածքից արձակված հրթիռն ընկել է քառահարկ բնակելի շենքի վրա: Բացի զոհվածներից՝ կա ևս երկու վիրավոր, որոնցից մեկը՝ երեխա:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դեմ գործողության մեկնարկից 24 ժամ անց Գազայի հատվածից հրեական պետության ուղղությամբ արձակվել է ավելի քան 130 հրթիռ: Այսօր իսրայելական իշխանությունները որոշում են կայացրել փակել Գազայի սահմանից 40 կմ շառավիղ հեռավորությամբ բոլոր դպրոցները, իսկ սահմանից մինչև 7 կմ հեռավորությամբ բնակվողներին խորհուրդ է տրվել հեռանալ իրենց բնակավայրերից:

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դեմ գործողություններն սկսել է երեկ՝ նոյեմբերի 14-ին: Մեկ օրվա ընթացքում Գազայի տարածքում գրոհի են ենթարկվել գրեթե 100 նպատակակետեր: Իսրայելական կողմը պնդում է, որ ռմբակոծում է պաղեստինցիների ռազմական զինանոցները: Իսրայելական ավիագրոհի արդյունքում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի ղեկավարի տեղակալ, «Իզեդդին ալ- Կասամայի նահատակների բրիգադ» խմբավորման շտաբի պետ Ահմադ Ջաբարին: Պաղեստինցիների տվյալներով՝ ընդհանուր առմամբ օդային հարվածներից զոհվել է 13 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել են:

Պաղեստինի Ինքանվարության ղեկավար Մահմուդ Աբասը Արաբական պետությունների լիգային կոչ է արել արտահերթ նիստ հրավիրել՝ նվիրված Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակին: Եգիպտոսն արդեն Իսրայելից ետ է կանչել իր դեսպանին:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյան. Վերաքննիչ դատարանն էլ ինչի՞ համար է, եթե ոչ՝ ստորադաս դատարանում առաջացած խնդիրները քննելու ‘
Հաջորդ հոդվածը‘Ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակում բեն Լադենի տեղն արդեն զբաղված է’