‘Գազի համաձայնագիրը Արամ Մանուկյանի մոտ է. Ի՞նչ տարօրինակություններ կան այնտեղ ‘

2112

Պարոն Մանուկյան, երկար ժամանակ է՝ կառավարությունից պահանջում էիք գազի գնի բարձրացման համաձայնագրի տեքստը, և երկար ժամանակ խուսափելուց հետո վերջապես կառավարությունից ձեզ տրամադրեցին այդ համաձայնագիրը: Ձեզ հուզող հարցերի պատասխանները ստացա՞ք:

-Վեց ամիս տևեց այդ փաստաթղթի հրապարակման էպոպեան, և ստանալով թուղթը՝ հարցերն ինձ համար չպարզաբանվեցին, ինչ-որ տեղ՝ անգամ խճճվեցին: Իմ ձեռքին է 2013թ. մարտի 19-ին ստորագրված չորս կետանոց համաձայնագիրը, ըստ որի՝ գազը դառնում է 270 դոլար՝ 1000խմ-ի համար, ինչը հայտարարվել էր և գաղտնիք չէր, և ուժի մեջ է մտնում սույն թվականի ապրիլի 1-ից, ինչը ևս նոր բան չի ասում: Մյուս կետը՝ որ այս համաձայնագիրը 2008թ. ստորագրված պայմանագրի կից մաս է կազմում և ստորագրված է երեք օրինակով, ռուսերեն լեզվով:

Այսինքն՝ բոլոր այն խնդիրները, որ այն ժամանակ մեզ հուզում էին, չեն երևում այստեղ: Եզրակացություն մեկ՝ գաղտնի են պահում այլ պատճառներով, կամ ստորագրված չի եղել այդ ժամանակ, չգիտեմ, ինձ համար այդ հարցերը դեռ չեմ պարզաբանել, և այդ խորհրդավորությունը ինչի՞ համար էր՝ նորից չեմ կարողանում հասկանալ: Մի բան կարող եմ եզրակացնել. հիմա փորձում եմ նախարարի և վարչապետի հայտարարությունները համադրել մինչ այդ իրենց իսկ արած հայտարարությունների հետ, և երկուսի հայտարարությունները միասին: Եզրակացությունն այսպիսին է, որ իրենք իսկ իրենց նախկին հայտարարություններին հակասել են: Մասնավորապես, հունիսին արված իմ հարցմանը նախարար Մովսիսյանը պատասխանում էր՝ չկա պայմանագիր, չկա համաձայնագիր, գործընթաց է գնում, այսինքն՝ եթե հունիսի 19-ին գործարքը կնքված էր, ինչո՞ւ էր թաքցնում:

Վարչապետին ևս տված իմ հարցը շատ հստակ էր, գազի գնին էր վերաբերում, և եթե սեպտեմբերին վարչապետը հերքում է մարտի 29-ին ստորագրած պայմանագիրը, ապա ինձ մոտ հարց է առաջանում՝ «ինչո՞ւ»: Ես մտածում էի, որ այնտեղ կարող էին լինել կետեր, որոնք ցավոտ կլինեին կառավարության համար: Այն տեքստում, որ տրամադրել են ինձ, այդպիսի կետեր չեն երևում:

Իսկ համոզվա՞ծ եք, որ այն պայմանագիրը, որը ձեր ձեռքում է, իրականում այն պայմանագիրն է, որը ստորագրվել է: Հավանական համարո՞ւմ եք, որ կարող էին ստորագրած պայմանագրից էականորեն տարբերվող այլ փաստաթուղթ տրամադրել ձեզ:

-Հիմքեր չունեմ մեղադրելու, բայց ես մտածում էի, որ այստեղ կարող էին լինել ֆորսմաժորային կետեր՝ որ պարտքերի դեպքում քո սեփականությամբ կարող ես վարձահատույց լինել, փոխհատուցել, ինչի մասին Արմեն Մովսիսյանը խոսել է խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ իմ հարցին պատասխանելիս` նշելով 20 տոկոսի մասին (ՀայՌուսԳազԱրդի 20% Հայաստանի սեփականության մասին է խոսքը — խմբ.), որը, որպես պարտքի փոխհատուցում, կարող է տրվել Գազպրոմին: Այսինքն՝ խորհրդավորությունը, որը կար մինչև այս փաստաթղթի տրամադրումը, դեռ կա, մնում է ուժի մեջ:

Ինչպե՞ս կբացատրեք, որ մի քանի օր առաջ վարչապետը խորհրդարանում հայտարարում էր, թե պայմանագիր չկա, և մի քանի օր անց վարչապետի կարգադրությամբ ձեզ տրամադրում են այդ փաստաթուղթը:

-Սա ավելի վերևից է գալիս և ավելի շուտ: Մարտի 18-ին Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ գազի թանկացման խնդիր գոյություն չունի, հերյուրանք էր համարում այդպիսի խոսակցությունները, դրանից ընդամենը 10 օր հետո ստորագրում է պայմանագիրը, այսինքն՝ սա անհեթեթություն է:Կամ Սերժ Սարգսյանը չգիտեր, որ ստորագրվելու է այդ պայմանագիրը, կամ խաբում էր: Այդ խաբեությունը հետո շարունակեց էներգետիկայի նախարարը, ապա՝ վարչապետը: Այնինչ, մեր տեղեկություններով՝ այդ պայմանագիրը քննարկվում էր դրանից շատ ավելի վաղ, այդ թվում նաև՝ պարտքը 20%-ի բաժնեմասերով   փոխհատուցելը:

Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը կանխորոշեց իր ենթակաների վարքագիծը: Քանի որ կառավարությունը չէր կարող հստակ ասել՝ պայմանագիրը կա՞, թե՞ չկա, մեկ մի բան էին հայտարարում, մեկ՝ այլ բան:

Լավ, եթե ձեզ տրամադրած փաստաթուղթը որևէ լուրջ գաղտնիք իր մեջ չէր պարունակում, ապա ավելի վաղ ինչո՞ւ չէին տրամադրում:

-Չեմ կարող ասել: Ոչ միայն չէին տալիս, այլև մերժում էին դրա գոյությունը: Այդ հարցը հարկավոր է իրենց ուղղել՝ այն փաստաթուղթը, որը ստորագրվել է 2013թ. մարտի 29-ին, ինչո՞ւ այդքան աղմուկից հետո չէր ներկայացվում խորհրդարան: Փաստաթղթի ի հայտ գալուց հետո խնդիրները դեռևս մնում են օդում կախված, ի՞նչն էր պատճառը, որ չէր հրապարակվում, ի՞նչն էր պատճառը, որ հերքում էին, որ կա այսպիսի պայմանագիր, և ի՞նչ է սպասվում առաջիկայում: Հարցերն օդում կախված են:

Երկու օրվա ընթացքում Տիգրան Սարգսյանը երկու ձևի է անդրադարձել այս խնդրին, մի դեպքում ասել է, որ չկա, մի դեպքում ասել է, որ կա:

Ապրիլից-հունիս չորս անգամ բարձրացրել եմ այս հարցը, ի՞նչ դժվար էր ասել, որ ստորագրվել է մարտի 29-ին, և գինը դարձել է այսքան: Ինչի՞ համար էր այս ամբողջ խորհրդավորությունը, որ ամիսներ շարունակ խուսափել են, չեն ասել, պարզապես չեն պատասխանել:

Հունիսի 12-ին Արմեն Մովսիսյանը իմ հարցին պատասխանել է՝ «թե երբ է ստորագրվել, որ ամսին, որ օրը՝ չեմ կարող հիշողությամբ ասել»: Սա այն դեպքում, երբ այդքան կարևոր փաստաթղթի մասին է խոսքը:

Դո՞ւք նաև ասել էիք, որ պատրաստվում էիք դիմել ՀայՌուսԳազԱրդին և Գազպրոմին, որևէ արձագանք ստացե՞լ եք:

-Ես դիմեցի ՀայՌուսԳազԱրդին և պատասխան ստացա, որ այն կոմերցիոն գաղտնիք է պարունակում, և ինձ տրամադրել չեն կարող: Բայց այս պայմանագրում որևէ կոմերցիոն գաղտնիք չկար:

Եթե ՀայՌուսԳազԱրդը ասում է, որ այդ պայմանագիրը իր մեջ կոմերցիոն գաղտնիք է պարունակում, իսկ ձեզ տրամադրած պայմանագրում կոմերցիոն գաղտնիք չկա, կարելի՞ է եզրակացնել, որ այն պայմանագիրը, որը ստորագրել է ՀայՌուսԳազԱրդը և այն պայմանագիրը, որը ձեր ձեռքում է, տարբեր պայմանագրեր են:

-Ես այդպիսի եզրակացություն չեմ կարող անել, դուք կարող եք:

Բայց կասկածելի է, չէ՞:

-Իհարկե և՛ կասկածելի է, և՛ խորհրդավոր է: Այս չհրապարակելը ավելի է խորացնում իմ կասկածը, որ ինչ-որ բան այն չէ:

Ի՞նչ եք պատրաստվում անել՝ բացահայտելու համար այն հարցերը, որոնց պատասխանները այս պայմանագրում չգտաք:

-Դիմելու եմ մամուլին, որ օգնի բացահայտելու իրականությունը՝ ինչո՞ւ էին խուսանավում, ի՞նչն էր պատճառը: Բնականաբար, ես հետևողական կլինեմ այս գործընթացը պարզաբանելու հարցում:

Կարեն Թովմասյան

 

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Իգիթյանը եւ եւս 2 հոգի դարձան Երեւանի պատվավոր քաղաքացի ‘
Հաջորդ հոդվածը‘Դատավոր Եվա Դարբինյան. «Աստված տա, ձեր կարգավիճակը փոխվի» (տեսանյութ)’