‘Գազի հարցով հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծ. ԲՀԿ ամփոփիչ ելույթը (տեսանյութ)’

1112

Աժ-ում ավարտվեցին գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի քննարկումները: Ելույթ ունենալով ԲՀԿ խմբակցության անունից՝ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երեկվա նիստում ԱԺ-ում բարձրացվել են շատ կոնկրետ հարցեր, որոնք իշխող կուսակցության ներկայացուցիչները փորձել են բոլորովին այլ դաշտ տեղափոխել եւ դեմագոգիայով զբաղվել: Այնինչ, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, նախաձեռնության հեղինակ 4 քաղաքական ուժերը ցանկանում են ստանալ մի քանի հստակ հարցի պատասխաններ:

«Որտեղի՞ց է գոյացել 300 մլն պարտքը, եթե այստեղ էներգետիկայի նախարարն ու նրա վերադաս վարչապետը բազմիցս հայտարարել են, որ գազի գինը չի բարձրացել: Այսինքն՝ ստել են: Իսկ ի՞նչ պետք է անեն ստախոս պաշտոնյանները: Նորմալ երկրներում նրանք տալիս են հրաժարական: Բայց այստեղ առաջնորդվում են այլ խաղի կանոններով՝ երբ սեփական ժողովրդին քցելը խաղի նոր կանոն է: Երկրորդ՝ ինչպե՞ս է պատահել, որ սահմանին գազը ստանում ենք նորմալ գնով, եւ սպառողներին այն հասնում է ահավոր թանկ գնով, որը քաղաքացին այսօր ի վիճակի չէ վճարել: Երրորդ՝ ինչո՞ւ կնքվեց պայմանագիր, որը մինչեւ 2043 թվականը պահպանելու է մի անընդունելի ստաուս քվո, որը ուղղակիորեն Հայաստանին զրկելու է էներգիայի այլընտրանքային աղբյուրներից: Միգուցե ավելի արժանապատիվ կլիներ այդ 20 տոկոսը նվիրե՞լ: Ի՞նչն է խանգարում մեծամասնությանը՝ համաձայնել ստեղծել ժամանակավոր հանձնաժողով եւ ստանալ այդ հարցերի պատասխանները, եթե դրանք կան: Այստեղ կա նաեւ հստակ քաղաքական խաբեության էլեմենտ. թաքցրել էիք այդ պարտքը համապետական ընտրությունների պատճառով: Մեր որոշ գործընկերներ այստեղ ասում էին՝ ինչո՞ւ այս տարբերակը: Մեզ մի սովորեցրեք, թե մեր աշխատանքն ինչպես կազմակերպենք: Եթե դուք էլ ցանկանում եք ստանալ այդ հարցերի պատախանը, ի՞նչն է ձեզ խանգարում գալ եւ մասնակցել այդ հանձաժողովի աշխատանքին եւ ստանալ պատասխանները: Ժամանակն է, որ քաղաքական այն ուժերը, որոնք մտահոգ են երկիրը այս վիճակից դուրս բերելու հարցով՝ կոնկրետ քայլեր ձեռնարկեն: Այլապես վաղը ուշ է լինելու»,- նշեց Զոհրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Հարկադիր արձակուրդ Ալավերդիում. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Facebook-ի օգտատերերի ընդամենը 10 %-ն է ամեն օր ստատուս թարմացնում ‘