‘Գազի պայմանագիրը համ կա, համ՝ չկա’

1007

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան՝ հայտարարել է, որ գազի գնի հետ կապված այն պայմանագիրը, որի մասին վերջին օրերին շահարկումներ են արվում, գոյություն ունի։

Դա «Գազպրոմ»-ի և «Հայռուսգազարդ»-ի՝ գազի գնման պայմանագիրն է։ Պայմանագիրը գտնվում է «Հայռուսգազարդ»-ում, և վարչապետի հանձնարարությամբ՝ մեկ օրինակով ուղարկվել է Կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանին, ով այս հարցը բարձրացրել էր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։

Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե՝ իսկ ինչո՞ւ ԱԺ-ում վարչապետը հայտարարեց, որ պայմանագիր գոյություն չունի, նախարարը պատասխանեց. «Այո, վարչապետն իրավացի է՝ Հայաստանի կառավարության և ռուսական կողմի միջև պայմանագիր գոյություն չունի, ինչը մենք պետք է ստորագրենք»։ Նա նաև հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ պայմանագիրը կկնքվի։

«Սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարվեց, որ մտնում ենք Մաքսային միություն, «Գազպրոմ»-ի և «Հայռուսգազարդի» միջև պայմանագիրը փոփոխության ենթարկվեց, ավելի պարզեցվեց. ռուսական կողմից արտահանման հարկերն այլևս չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի վրա. դա կազմում է 30 տոկոս,- նախարարի խոսքերն է մեջբերում Ա1+-ը։- Հաշվարկները ցույց են տալիս, որ հավանաբար ոչ թանկացում կլինի, ոչ էլ էժանացում, քանի որ մենք «այն գլխից» ունեինք փոխհատուցման մասին պայմանավորվածություն»։

Նախարարը, մասնավորեցնելով իր խոսքը, նշեց, որ երբ հայտարարվեց ՄՄ մտնելու մասին, 30 տոկոս սուբսիդավորման հարցը վերացավ, դա այն դեպքում էր կիրառելի լինելու, եթե չմտնեինք մաքսային։

Արմեն Մովսիսյանը նշում է, որ մինչ այս պահը սահմանի վրա գազը վաճառվում է 270 դոլարով, սակայն հուլիսի 1-ին, երբ հայտարարվեց գազի գնի բարձրացման մասին, վերջնական սպառողը գազը ստանում էր պետության կողմից 30 տոկոս սուբսիդավորմամբ՝ 189 դոլարով։

Այժմ՝ ՄՄ մտնելու պահից սկսած, սահմանի վրա գազի գինը կլինի 189 դոլար, այսինքն՝ ըստ նախարարի, այլևս չեն կիրառվի էներգետիկ հարկերը, և ՀՀ ներկրվող գազի գինը լինելու է ռուսական ներքին շուկայի գազի գնին հավասար, գումարած՝ տրանսպորտային ծախսերը։

«Դա նշանակում է, որ գազի գինն ինչքան բարձրացել է վերջին պայմանագրով, այդքան էլ կմնա, բացի այդ, եթե նախկինում պայմանավորվածություն էինք ձեռք բերել գազի գինը չբարձրացնել միչև 5 տարի, ապա այս նոր՝ թարմացված պայմանագրով ժամկետային սահմանափակումները դուրս են գալիս»,- պարզաբանում է նախարարը։

Նախորդ հոդվածը‘«Երևան Ջուր» ՓԲԸ կողմից մատակարարվող խմելու ջրի որակի վերաբերյալ ‘
Հաջորդ հոդվածը‘Իտալիայի ափերի մոտ խորտակված նավում «դիակներով շարված պատ» են հայտնաբերել’