‘Գազպրոմի գազային մահակը թափ է առնում ոչ միայն Հայաստանում’

1208

«Օրինաչափ էր իմ առաջին այցելությունը Ռուսաստանի դաշնություն, որովհետեւ այդ երկիրը մեր ռազմավարական գործընկերն է, մեր դաշնակիցը, իսկ դա նշանակում է, որ մենք շաղկապված ենք ինչպես ռազմական անվտանգության, այնպես էլ տնտեսական անվտանգության խնդիրներով…Այսինքն, մեր տնտեսությունները շատ սերտորեն փոխկապակցված են: Եվ նոր ընտրությունները ոչ մի բանի ավարտ չեն հայտարարում: Այսինքն, ընտրություններով ոչինչ չի վերջանում: Ընտրություններով նոր-նոր սկսվում է աշխատանքը: Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ունենք մեր գործընկերներից»,- օրերս առանձին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նաեւ հավելել, թե սպասելիքները վերաբերում են եւ գազի սակագնին, եւ նոր միջոցներին, եւ «Նաիրիտին», մի խոսքով` «հարցը բազմաթիվ ենթահարցեր ունի, որոնք վերաբերում են նաեւ քաղաքական ինտեգրացմանը, ՀԱՊԿ-ին, Մաքսային միությանը, շատ կարեւորագույն խնդրի՝ աբխազական երկաթուղու գործարկմանը»:

Համաձայնեք` սրանք բոլորը կարեւորագույն խնդիրներ են եւ, թերեւս, արժե թվարկված բոլոր հարցերին առանձին-առանձին անդրադառնալ, վերլուծելով թե՛ առկա իրավիճակը, թե հնարավոր զարգացումների սցենարները: Այս պահի համար, սակայն, քննության առնենք առայժմ միայն գազի հարցը: Խնդիրը, ինչն առանց այն էլ կաթվածահար մեր տնտեսության համար կարող է իսկական «գլորման վեմ» դառնալ:

Բանն այն է, որ համաձայն մեր Մաքսային կոմիտեի կողմից հրապարակված տվյալների` ռուսական գազի սակագինն արդե՛ն թանկացել է: Եւ ահա փոխանակ վերջապես գոնե այս մասին հրապարակավ անկեղծանալուն` Սերժ Սարգսյանը կոչ է անում «չհավատալ բոլոր այն մարդկանց», ովքեր իշխանությունների համար անհաճո զրույցներ են վարում: «Հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում»:

Բա, իհարկե, անհրաժեշտ է հավատալ, օրինակ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանին, ով օրերս հայտարարեց, թե Հայաստանում գազի գների բարձրացումը բացասական ազդեցություն չի ունենա տնտեսության վրա:
«Հայաստանի համար ամենակարևոր գործոնն այն է, որ երբ բարձրանում են գազի գները, դրանք բոլորի համար են բարձրանում… Կարծում եմ, որ դրանից պետք չէ վախենալ։ Արդեն մի քանի նման բարձրացումներ եղել են, և տնտեսությունը հատուկ չի տուժել»: Թե ինչու եւ ինչպես մեր տնտեսությունը չի տուժել գազի սակագնի բարձրացումից, կամ թե` արդյոք երբեւէ մեր տնտսությունը այսպիսի գետնահակ վիճակում է եղել, հայտնի է միայն իրեն` Մանասերյանին: Հավանաբար, նա վստահ է, որ մեր տնտեսությունը մրցունակ է նույն կամ գոնե ադեկվատ գներով ռուսական գազ ստացող երկրների տնտեսությունների նկատմամբ եւ կարող է պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից, իսկ ահա բնակչությունն էլ այնքան վճարունակ է, որ ի վիճակի է առանց այդ էլ օր օրի թանկացող կյանքը բարդացնել հավելյալ վճարումներով:

Իրականում, սակայն, խնդիրը շատ ավելի լուրջ է, քան թվում է: Եվ դա ոչ թե կամ ոչ միայն այն պատճառով, որ համաձայն որոշ ռուսական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունների` ռուսական կողմն անդրդվելի է եղել Հայաստանի համար գազը չթանկացնելու հարցում, այլ որովհետեւ  հերթական անգամ Կրեմլի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել «գազային մահակը ողջ Եվրոպայում թափահարելու համար»:

Արդեն քանի օր է` Եվրոպայում բոլոր առաջատար լրատվամիջոցները սարսափով են գրում այն մասին, որ ֆոնդային բորսաներում գազի դրույքաչափերը, ցուրտ եղանակի եւ որոշակի դեֆիցիտի պատճառով, բարձրացել են համարյա այնքան, որ հավասարվել են Գազպրոմի կողմից առաջարկվող գներին: Ստացվում է` Եվրոպան այլեւս չի կարող ռուսական կողմին մեղադրել աճպարարության եւ քաղաքական ազդեցության ընդլայնման հարցում: Մի բան, որ հին աշխարհամասում հաճախ էր հնչում, եւ ինչով բոլոր երկրներն էին պայմանավորում իրենց էներգետիկ անվտանգությունը: Նորվեգական Statoil ընկերությունն, օրինակ, որը Գազպրոմի դեմ անընդհատ ագրեսիվ մարկետինգ էր իրականացնում, ցածր գնային քաղաքականության շնորհիվ ավելի ու ավելի ընդլայնվելով Եվրոպայում, դեռ անցած տարվա վերջին 16%-ով ավելացրեց առաջարկվող գազի սակագինն այն դեպքում, երբ ռուսական Գազպրոմը 8%-ով նվազեցրեց այն, գնորդներին վերադարձնելով նախապես գանձած փողի մի մասը` 141.7 միլիարդ ռուբլու չափով: Արդյունքում, համաձայն Eurogas-ի տվյալների, Statoil ընկերությանը բաժին հասավ  եվրոպական շուկայի ընդամենը 21% -ը  այն դեպքում, երբ Գազպրոմը այդ ցուցանիշը հասցրեց 23%-ի: Ընդ որում, կանխատեսումներ կան առ այն, որ մինչեւ 2015 թվականը նորվեգական ընկերությունն է՛լ ավելի կզիջի իր դիրքերը «ռուսական արջի հետ մենամարտում»:

Անշուշտ, ամբողջ այս ընթացքում Գազպրոմը միայն Statoil-ի հետ չէ, որ խնդիրներ է ունեցել. գազի սակագինը Կրեմլի թելադրանքով իբրեւ «քաղաքական մահակ գործածելում» էին մեղադրում եւ սակագնի իջեցում պաանջում նաեւ եվրոպական մյուս խաղացողները` GDF Suez-ը,  ENI-ն, EconGaz-ը,  Wingaz-ը, ինչի արդյունքում Գազպրոմը փափկեց` 8%-ով նվազեցնելով գազի սակագինը թե՛ Եվրոպայի, թե՛ Թուրքիայի համար: Հանգամանք, ինչը հիմա ճակատագրի հեգնանքով աշխատեց եվրոպական խաղացողների դեմ:

Իրավիճակն ավելի է լարվում այն պատճառով, որ Հյուսիսային ծովում դադարեցվել են գազի արդյունահանման աշխատանքները եւ, համաձայն Bank of America Merrill Lynch-ի կանախատեսումների, Եվրոպայում, գոնե առաջիկա տաս տարվա կտրվածքով, կտրուկ կերպով կավելանա կախվածությունը ռուսական գազից: Արդեն երեկ բրիտնական արտգործնախարար Ուլյամ Հեյգը հայտարարել է այն մասին, թե իրենք ամենաշատն են ցանկանում, որ ռուսական կողմի ծրագրած Կապույտ հոսքը հասնի մինչեւ Միացյալ Թագավորություն:

Սա, իհարկե, չի նշանակում, թե Եվրապան այսպես կոչված կապիտուլյացիայի է ենթարկվում: Այստեղ ուղիներ են որոնում՝ փրկելու գոնե զարգացող փոքր երկրների «կողմնորոշումը դեպի Եվրամիություն», բայց դե՝ ինքներդ եք հասկանում, որ երբ պայմանավորվում են մեծերը, փոքրերը  «ոտքի տակ են հայտնվում»: Մանավանդ այն դեպքում, երբ Հայաստանի պես «ռուսական ֆորպոստի» համբավ են ունենում եւ Սերժ Սարգսյանի պես չընտրված նախագահ, ով ամեն գնով ջանում է խառնակ իրավիճակում սեփական աթոռը փրկել: Նույնիսկ` Հայաստանն անդունդ գլորելու գնով:

Այնպես որ, Սերժ Սարգսյանը կարող է նաեւ չանհանգստանալ: Մանավանդ` րաֆֆիհովհաննիսյանական հրապարակից, որն առայժմ հաջողությամբ Ազատության հրապարակից վերածվեց Թատերականի: Այստեղ նրան առայժմ օգնում են առաջ տանել բոլոր այն ծրագրերը, որ նա պլանավորել է գոնե առաջիկա հինգ տարվա կտրվածքով:

Բայց դե` «երբեք մի ասա երբեք»-ը շարունակում է այսօր եւ միշտ ակտուալ լինել գոնե այն պատճառով, որ խելացի առաջնորդ ունենալու պարագայում ոտքի կանգնած ժողովուրդն ի վիճակի է բոլո՛ր խաղացողներին ստիպել հաշվի նստել իր հետ…

 

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Լեհաստանում հանքահորի փլատակներում 17 մարդ է մնացել’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ — «Բարսելոնա» հանդիպումը իրարանցում է առաջացրել Ֆրանսիայում’