‘Գազպրոմն ու SOCAR-ը «ռինգ են մտել» Թբիլիսիում’

3089

Վրացական եւ ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ` հենց այս պահին SOCAR ընկերությունը Թբիլիսիում բանակցություններ է վարում, որպեսզի խափանի ադրբեջանական գազն, իբր, ավելի էժան ռուսական գազով փոխարինելու` կառավարության մտադրությունը: Բաքվում համոզված են, որ իրականում ռուսական էժան գազի մասին փաստարկը հնարավորինս լավ քողարկված դավադրություն է, եւ որ ասպարեզում բավական հեռուն գնացող ծրագրեր կան: Այն է` ռուսների ձեռքով եւ ամերիկյան խմբավարությամբ պատժել Բաքվին՝ իրականում տարածաշրջանում ճանապարհ բացելով իրանական գազի համար: SOCAR-ին եւ պաշտոնական Բաքվին անհանգստացնում է հատկապես այն հանգամանքը, որ իրանական գազը Վրաստան, իսկ այնտեղից Եվրոպա է հասնելու Հայաստանի միջոցով, ինչը որոշակիորեն վերջ կդներ թուրք-ադրբեջանական ուժերով կազմակերպված` Հայաստանի շրջափակմանը եւ նրան, հատկապես՝ ադրբեջանական ներկայիս ծանր տնտեսական պայմաններում, կդարձներ տրանզիտ երկիր:

Թբիլիսին, սակայն, ամեն կերպ հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվող ու նաեւ իրեն վերագրվող այս ծրագիրը եւ էներգետիկայի նախարարության ու այլ պաշտոնյաների շուրթերով անընդհատ զարգացնում է այն միտքը, թե իրենք բացառապես առաջնորդվում են իրենց ազգային շահերով` առանց որեւէ մեկին, հատկապես` եղբայրական Ադրբեջանին վնասելու ցանկության, ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ Բաքուն վերջերս անընդհատ խափանումներով է իրենց բնական գազ մատակարարում, ոմանք քննարկում են նույնիսկ դրա կասկածելի որակը, իսկ որ ամենակարեւորն է` շեշտը կրկին ու կրկին դրվում է Գազպրոմի կողմից առաջարկվող էականորեն նվազ սակագների վրա:

Ինչով կավարտվեն բանակցությունները` դեռ պարզ չէ, բայց փաստ է, որ Բաքվից հնչող մտավախություններին արձագանքել է նաեւ վրացական ընդդիմությունը, որը կարծում է, թե ռուսական գործարքի ետեւում Իվանիշվիլիի անձնական շահերն են ընկած` ի հակառակ Վրաստանի պետական շահի: Սահակաշվիլիի կուսակցությունն, օրինակ, երեկ հանդես է եկել հայտարությամբ, որում հետեւյալն է ասվում. «Եթե մեր կառավարության եւ Գազպրոմի միջեւ բանակցությունները շարունակվեն, եւ վերջինիս հնարավորություն տրվի` մտնել վրացական շուկա, մենք սա կդիտարկենք որպես Գազպրոմի բաժնետեր Բիձինա Իվանիշվիլու կողմից Ռուսաստանի հետ միասին Վրաստանի դեմ կազմակերպված դավադրություն` ի վնաս Վրաստանի ազգային շահերի եւ ի փառս Իվանիշվիլու անձնական հարստության եւ բարգավաճման»:

Ի դեպ, երեք օր առաջ էլ հայտարարությամբ էր հանդես եկել Վրաստանի նախկին դիվանագետներին, հիմնականում` դեսպաններին միավորող «Դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպությունը:

«Բոլորովին վերջերս հանրությունը տեղյակ եղավ, որ դեկտեմբերի 27-ին Ցյուրիխում ընթացել են բանակցություններ` Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի եւ Գազպրոմ-էքսպորտի ղեկավար Ելենա Բումիստրովայի միջեւ, ինչը մենք ոչ թե շարքային տնտեսական կամ առեւտրային խնդիր ենք դիտարկում, այլ խնդիր, որը վերաբերում է Վրաստանի սուվերենությանը: Այդ պատճառով էլ կարծում ենք, որ Ցյուրիխյան հանդիպման փաստը պիտի հատուկ հանրային ուշադրության արժանանա, որովհետեւ բավականին կարճ ժամանակամիջոցում մենք արդեն չորրորդ այսպիսի հանդիպման հետ գործ  ունենք (ամռան վերջին` Բրյուսելում, հոկտեմբերին` Միլանում, դեկտեմբերի սկզբին` Լյուքսեմբուրգում)»: Այնուհետ կեղծիք համարելով «ավելի էժան ռուսական գազի» մասին` իշխանական հայտարարությունը, «չհիմնավորված» որակելով «ադբեջանական ոչ բավարար պաշարների եւ ընդհատումներով մատակարարման»` կրկին իշխանական քարոզչությունը, դիվանագետները պահանջում են արտգործնախարությունից, որպեսզի վերջինս բացատրի այս հանդիպումների գաղտնիության պատճառը` մեկ, իսկ ապա, ամբողջ կառավարության հետ միասին, չեղյալ հայտարարի ցանկացած համաձայնություն, որ, հնարավոր է, ձեռք է բերվել այդ հանդիպումների ընթացքում:

Բնականաբար, որոշակի բաժին էլ Հայաստանին է հասել, որտեղ, իբր, «ոչ բավարար չափով են բարեկամաբար տրամադրված Վրաստանի նկատմամբ, եւ չարժե, որ Վրաստանը Հայաստանին փրկելու համար վատթարացնի իր հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»:

Վերջին միտքը, սակայն, դիվանագետներին չի պատկանում. այսօրինակ մտքեր ու վերտառություններ առհասարակ վրացական մամուլում են շրջանառվում: Օրինակ` Սպուտնիկ-Գռուզիայում: Ինչ վերաբերում է Իրանին, այս մասին ահա տարօրինակ լռություն է պահպանվում: Պարզ չէ` հատուկ զգուշությո՞ւն է ցուցաբերվում, թե՞ պարզապես «Հայաստանն ավելի մոտիկ է ու առավել հարմար` ցասման օբյեկտ ծառայեցվելու նպատակով»:

Դժվար է ասել` ընդդիմությունն է ճիշտ, թե վրացական կառավարությունն է որոշել փոքր-ինչ նահանջել (ոմանք պնդում են, թե չի բացառվում` այս ամենն իսկապես էլ Իվանիշվիլիի կողմից կազմակերպված ծրագիր լինի, բայց ոչ թե այն կյանքի կոչելու, այլ ընդամենը Բաքվին նեղելու համար, որպեսզի այստեղ իսկապես էլ ավելի էժան գազ մատուցեն իրենց եւ հնարավորինս պահպանեն առեւտրային պայմանագրի` որակին ու մատակարարման անխափանությանը վերաբերող բոլոր կետերը), բայց ինչպես նյութի սկզբում էինք նշել` կառավարությունն այս պահին բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ, ու թե այն ինչով կավարտվի՝ դժվար է ասել:

Ցավալի կլինի, իհարկե, եթե պարզվի, որ վրացական կողմն իսկապես էլ «դավադրություն» է կազմակերպել` իրականում «ավելի էժան ադբեջանական գազ» ստանալու ակնկալիքով եւ օգտագործելով ռուսական կողմին: Մանավանդ որ` դժվար է ասել, թե ինչ է շահելու այդ դեպքում, եթե Վրաստանն իսկապես էլ ավելի շատ գազի պահանջարկ ունի, քան ի վիճակի է ստանալ Ադրբեջանից: Ընդ որում` պայմանավորված ոչ միայն ադբեջանական բնական պաշարների ոչ անսպառ լինելու հարցով, այլեւ զուտ տեխնիկական խնդրով. Ադրբեջանից Վրաստան հասնող խողովակաշարն ի զորու չէ նման թողունակություն ապահովել: Նոր խողովակ է, ուրեմն, պետք անցկացնել երկու երկրների միջեւ:

Ի միջի այլոց, «ինչ է շահելու Վրաստանը» հարցը բավական արդիական է հնչում, եթե նաեւ հաշվի առնենք այն փաստը, որ պաշտոնական Թբիլիսին Գազպրոմից պահանջել է այսուհետ Հայաստան մտնող գազի 10%-ն ստանալու փոխարեն իրեն փողով վճարել:

Ի վերջո, Ռուսաստանը Հայաստան գազ է ներմուծում, այսպես կոչված, արտոնյալ գներով: Նա չի կարող այլ գին առաջարկել Վրաստանին, եւ այդ դեպքում ստացվում է, որ Թբիլիսին շատ ավելի քիչ փող կստանա, քան անհրաժեշտ կլիներ, եթե, օրինակ, Ադրբեջանից այդ փողով նույնքան գազ գներ, որքան այժմ է ստանում Գազպրոմից` Հայաստան մտնող գազի տրանզիտի դիմաց (10%-ը):

Սպասենք և տեսնենք, թե ինչ հունով կընթանան զարգացումները, որովհետև այս հարցն անուղղակիորեն շոշափում է նաև Հայաստանի շահերը:

 

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Խաիմ Սուտինը. Նրա ժամանակը դեռ կեսճամփին է’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի հայտարարությունը նոր ԸՕ-ի ընդունման կապակցությամբ’