‘«Գալաթասարայ» — «Շալկե»՝ 1:1’

901

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Ստամբուլում «Գալաթասարայը» ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Գելզենկիրխենի «Շալկեի» հետ:

Հանդիպումը բավական դիտարժան ստացվեց: Երկու կողմերն էլ բաց, հարձակողական ֆուտբոլ էին ընտրել, որի արդյունք էին բազմաթիվ գոլային պահերը:

Թուրքական ակումբի կազմում Չեմպիոնների լիգայում իրենց նորամուտը նշեցին Դիդյե Դրոգբան եւ Ուեսլի Սնեյդերը: Եթե հոլանդացին դեռեւս իր օպտիմալ մարզավիճակից հեռու էր, ապա Դրոգբան լավագույներից էր խաղադաշտում: Գրեթե բոլոր սուր գրոհները նրա մասնակցությամբ էին զարգանում: Հենց նրա փոխանցումից հետո խաղի 12-րդ րոպեին «Գալաթասարայի» ռմբարկու Բուրակ Յըլմազը բացեց հաշիվը: Առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Ջերմեյն Ջոնսը խփեց պատասխան գնդակը: Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին եւ հանդիպումն ավարտվեց 1:1:

Պատասխան խաղը կկայանա մարտի 12-ին՝ Գելզենկիրխենում: 

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում 

«Գալաթասարայ» – «Շալկե»` 1:1

Բուրակ Յըլմազ, 12 – Ջերմեյն Ջոնս, 45

Նախորդ հոդվածը‘Մահացել է ռեժիսոր Ալեքսեյ Գերման Ավագը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունում դեռևս քննարկվում է ընտրախախտման 96 դեպք’