‘ԳԱԼԱ-ի սեփականատերը չընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի դիտորդներին’

1318

Ի գիտություն ընդունելով այն փաստը, որ ՀՀ նախագահական ընտրությունների հաջորդ օրը, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի  նախնական զեկույցում փետրվարի 18-ի ընտրությունները որակվեցին մեկ քայլ առաջ,  «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն այսօր հրաժարվեց  ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներին: Դիտորդներն, ովքեր նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրն աշխատել են Շիրակի մարզում եւ այդ ընթացքում մի քանի անգամ այցելել են «ԳԱԼԱ» հեռուստաընկերություն՝  նաեւ փետրվարի 18-ի գիշերը, երբ հարձակման թիրախում էր «ԳԱԼԱ»-ի պաշտոնական կայքէջը,  ցանկանում էին ՀՀ-ից մեկնելուց առաջ, կրկին հանդիպել «ԳԱԼԱ»-ի սեփականատիրոջ հետ: Սակայն Վահան Խաչատրյանն այս անգամ մերժեց հանդիպելու նրանց խնդրանքը:

 «Այն բանից հետո, երբ նրանք նախնական զեկույց հրապարակեցին՝ «ընտրությունները» որակելով մեկ քայլ առաջ, ես որոշեցի այլեւս ժամանակ չտրամադրել այդ պատվիրակությանը: Ես գիտեի, որ նման բովանդակությամբ զեկույց են հրապարակելու եւ նախապես, մեր հանդիպումներից մեկի ժամանակ, նրանց եւս ասել եմ այդ մասին:  Ընտրախախտումների մասին հեռուստաընկերության եւ կայքէջի լուսաբանումներից հետո, երբ դիտորդները եկել էին ծանոթանալու «ԳԱԼԱ»-ի աշխատանքին, ես նրանց ասել եմ, որ մեր ներքին խնդիրները մենք ենք կարգավորելու եւ ես առանձնապես իրենց հետ հույսեր չեմ կապում: Առաջարկել եմ նաեւ զեկույցի իրենց վերջնական տեքստը հենց մեր այդ հանդիպման ժամանակ գրել, քանի որ նախապես տեղյակ էի, թե  վերջում պաշտոնական ինչ հայտարարություն են հնչեցնելու: Նախապես արդեն գիտեի, որ ամեն ինչ տեսնելու եւ լսելու են, իսկ վերջում հայտարարելու են,  որ ընտրական այս գործընթացը մեկ քայլ առաջ էր: Բայց մեր առաջին հանդիպման ժամանակ նրանք այլ բան էին վստահեցնում, թե իբր ճշգրիտ  եւ օբյեկտիվ ինֆորմացիա են տալու իրենց ղեկավարությանը»,-ասաց «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը:  Նրա խոսքերով՝ Շիրակի մարզում աշխատող դիտորդները տեղյակ են եղել Գյումրիում նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը գրանցված բոլոր խախտումներից: «ԳԱԼԱ»-ում նրանք  նաեւ ծանոթացել են  մի շարք փաստերի ու ապացույցների  հետ /տեսանյութերի եւ ձայնագրությունների տեսքով/, որոնք անգամ հասանելի  չեն եղել ոստիկանությանը:

 «Հիացած էին, զարմանում էին, թե ինչպիսի երիտասարդ  եռանդուն աշխատակազմ ունենք, նշում էին, որ այդպիսի համարձակ, անշահախնդիր աշխատանք չեն տեսել, եւ որեւէ հեռուստաընկերություն  չի համարձակվում նման տեսանյութեր  ցուցադրել»:  

Ընտրություններից առաջ եւ բուն օրը մի քանի անգամ նրանք այցելել են հեռուստաընկերության գրասենյակ եւ անհամեմատ ավելի շատ տեղեկություններ ունեին, քան հրապարակվել է: Անգամ, երբ «ԳԱԼԱ»-ի պաշտոնական կայքէջը  հարձակման էր ենթարկվել, նրանք այցելեցին մեր գրասենյակ:  Եւ այսքանից հետո, երբ պարզ դարձավ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի դիտորդների նախնական զեկույցի բովանդակությունը, նրանց հետ հանդիպելու ցանկություն, բնականաբար,  այլեւս չունեի», — եզրափակեց Վահան Խաչատրյանը:

 

 Աղբյուրը՝ www.galatv.am

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չեն հանդիպել’
Հաջորդ հոդվածը‘Կարեն և Սոս Ջանիբեկյանները հանդես կգան «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմում (տեսանյութ)’