‘Գալուստ Սահակյանը՝ Փակ շուկայի մասին. Մարդիկ բնավորություն են դարձրել, բողոքում են’

901

Ըստ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի՝ իր կուսակից Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) պատասխանատու չէ Փակ շուկայում ընթացող շինարարության համար, քանի որ նա ընդամենը բաժնետեր է:

«Ալեքսանյանի՞ն էլ բանտարկենք, Սիթիների աշխատողները, մի 20 հազար մարդ էլ անգո՞րծ մնա»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է Սահակյանը:

«Ընդամենը այդ տարածքի ժողովուրդը սովորել է շուկայի այդ տեսքին, բնավորություն է դարձել իր համար, եւ մարդիկ բողոքում են, ասում են` մենք ուզում ենք նույնը տեսնել: Սա է խնդիրը»,-ըստ Yerkir.am-ի, բացատրել է Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով՝ Շուկայի թեման կարող է խնդիր լինել, «բայց ո՛չ համապետական»:

«Ես արդեն մտածում եմ, որ կարելի է Ասոցացման ծրագիրը, Եվրազեսը, Մաքսային միությունը մի կողմ դնենք, եւ հենց էս շուկան պատմաճարտարապետական տեսքի բերեցինք՝ մեր ժողովուրդը լավ կապրի, ազատամարտիկները թոշակ կստանան, ուսանողներն էլ անվճար կսովորեն»,-հեգնել է Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահի ձեւակերպմամբ՝ «շուկայի այդ տեսքը» հանրապետական նշանակության պատմա-ճարտարապետական հուշարձան է, որը փոփոխության կարող է ենթարկվել հանրային քննարկումների եւ համապատասխան մարմնի որոշման դեպքում միայն: Իսկ նման որոշում չկա: Ավելին, մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը եւ մասնագիտական հանրությունը բազմիցս հայտարարել են, որ Լֆիկ Սամոյի իրականացրած շինարարությունը անօրինական է:

Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ օգստոսի 24-ին քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ ոստիկանի իրականացրած սեռական բռնության պատմությանը:

«Համբույր…անցուդարձ…նյութ չունենալով՝ փորձում եք սկանդալային երեւույթներ ստեղծել, դուք տեսե՞լ եք, որ համբուրել է: Քո խոսելու պահին, որ ես լավ օպերատոր լինեմ, քեզ նկարեմ, կայքերում գցեմ, պատկերացրու կամ ինչ այլանդակ տեսք կունենաս, կամ հակառակը: Ուրեմն դուք մտածում եք՝ ոստիկանությանը էլ բան չի մնացել, պիտի համբուրե՞ր: Այսինքն՝ նա գալիս է ճանկռելու, սա վերցնում համբուրո՞ւմ է», — ըստ Aravot.am-ի՝ ասել է Սահակյանն ի պատասխան լրագրողուհու հարցի: 

Նախորդ հոդվածը‘Հանրության պահանջները մնում են նույնը. «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Microsoft-ը գնում է Nokia ընկերության բջջային սարքավորումների բիզնեսը ‘