‘Գալուստ Սահակյանը հերքում է գազի գնի բարձացումը ‘

1091

«Այդ բանաձևումը հանրության վրա ազդելու միջոց է, ժողովրդին փորձում են ապակողմնորոշել, թե գազի գինն արդեն իսկ թանկացել է, Հայաստանը գազ չունի և գազը ձեռք է բերում, այս դեպքում՝ Ռուսաստանից, բանակցությունները գնում են գազի գնի վերաբերյալ և դեռ չեն վերջացել: Կոնկրետ ես գտնում եմ, որ տարբերակիչ գին պիտի լինի, առավելություններն այլ երկրների նկատմամբ ակնհայտ պիտի լինեն», — iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 24-ին կառավարության հարց ու պատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից բարձրացված այն հարցին, ըստ որի՝ գազի գինը թանկացել է 60 դոլարով, իսկ իշխանությունները գաղտնի են պահում դա: Ըստ Զուրաբյանի՝  փոխարենը գազի գնի տարբերությունը փակելու նպատակով որոշում է կայացվել վաճառել «Հայռուսգազարդ» ընկերության՝ Հայաստանին պատկանող բաժնեմասի 20%-ը: Վաճառված բաժնեմասը կփակի տարբերությունը մինչև 2013 թվականի ապրիլի 1-ը՝ նախագահական ընտրություններից հետո: Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ նման գործողությունները միտված են նախընտրական ցնցումներից խուսափելուն:

«Ոչ միայն հերքում եմ այդ տեղեկությունը, այլ կարծում, որ վերջին հաշվով դա վաճառք է, գաղտնի ձևով չի վաճառվելու, այդպիսի գաղտնիքներ չկան», — արձագանքեց Գալուստ Սահակյանը:

iLur.am-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք կլինե՞ն հանրային լսումներ, վերջինս ասաց.

«Հանրային լսումները ի՞նչ անեն: Որ հանրային լսումների արդյունքում բնապահպանները ոտքի կանգնեն, Ռուսաստանը գազի գինը կիջեցնի՞: Դա պետական կարևորագույն ռազմավարական խնդիրներից մեկն է, ես ակնկալում եմ, որ մասնավորապես ԱՊՀ երկրների համեմատությամբ՝ մեր գազի գինը կամ կպահպանվի, կամ, համենայն դեպս, համեմատաբար ավելի նվազ կլինի, քան այլ երկրների դեպքում»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ ավելացնելով, որ եթե գազը ձեռք բերված լիներ, օրինակ, Սյունիքից, կարելի էր միանգամից պատասխանել, թե գազի գինը կպահպանվի, կամ թանկանալու դեպքում իշխանությունները կկարողանային նախապես գնահատել չափը:

«Համենայն դեպս՝ կարծում եմ, որ թանկացման դեպքում նորից քայլեր կկատարվեն, որ ժողովրդի վրա ծանր չնստի, այսինքն՝ լինեն փոխհատուցումներ: Այս պահին ընթանում են գաղտնի բանակցություններ, որոնց արդյունքի մասին կտեղեկանա ազգաբնակչությունը»:

Թեև Գալուստ Սահակյանը հերքեց գազի գնի բարձրացումը՝ ասելով, որ տարվում են բանակցություններ, և որոշակի ոչինչ հայտնի չէ, սակայն պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ներմուծված գազը գնվել է 1000 քառակուսի մետրը 244 դոլարով: Փաստորեն՝ գազը թանակցել է 64 դոլարով:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը 4 օր շուտ շնորհավորել է Թուրքիայի ազգային տոնը’
Հաջորդ հոդվածը‘Հաստատվել է Վրաստանի նոր կառավարության կազմը՝ Իվանիշվիլիի գլխավորությամբ’