‘Գալուստ Սահակյանի միլիոնատեր որդիները կարո՞ղ են ապրել նվազագույն աշխատավարձով ‘

1086

Գալուստ Սահակյանն այն ՀՀԿ-ական պատգամավորներից է, ով մինչեւ վերջ առաջ է տանում կառավարության տեսակետը, թե իշխանությունները հնարավորություն չունեն բարձրացնելու թոշակներն ու նպաստները, նվազագույն աշխատավարձը, եւ կառավարությունն օր ու գիշեր տքնաջան աշխատում է՝ ՀՀ քաղաքացիների հոգսերը հոգալու ու սոցիալական վիճակը բարելավելու համար:

Իսկ ինչպե՞ս են ապրում ՀՀԿ փոխնախագահի բարձրաստիճան պաշտոնյա որդիները: Գալուստ Սահակյանի որդիներից մեկը` Արման Սահակյանը, պետական գույքի կառավարման վարչության պետն է, մյուսը` Տիգրան Սահակյանը, առողջապահության նախարարի տեղակալն է:

Ուսումնասիրելով Արման Սահակյանի գույքի ու եկամուտների 2011 թ. հայտարարագիրը՝ պարզվեց, որ նշված տարում նա ունեցել է 24 մլն 394 հազար 409 դրամի եկամուտ, որից 22 մլն 200 հազարը վարձակալությունից ստացած վարձավճարի գումարն է, իսկ մնացածը` աշխատավարձը:

Արման Սահակյանն ունի նաեւ զգալի չափի գումար: 2011-ի սկզբին նրա հաշվին եղել է 75 մլն 570 հազար դրամ, իսկ տարեվերջին` 95 մլն դրամ:

Նշենք, որ 2009 թ. Արման Սահակյանն ուներ ընդամենը 3 մլն 323 հազար 440 դրամի եկամուտ:

Արման Սահակյանի կնոջ` Սեդա Հակոբյանի տարվա ամբողջ եկամուտը կազմել է ընդամենը 122 հազար 500 դրամ, որը ստացած աշխատավարձի գումարն է: Նա իր հաշվին գոնե 1 դրամ չի ունեցել:

Պատգամավորի մյուս որդին` Տիգրան Սահակյանը, 2011 թ. ունեցել է 29 մլն 728 հազար 202 դրամի եկամուտ, որից միայն 2 մլն 810 հազար 492 դրամն է աշխատավարձ եղել, մնացածը վարձակալության դիմաց ստացած երեք տարբեր վարձավճարներն են:

2011-ի սկզբին Տիգրան Սահակյանն ունեցել է 19 մլն դրամ, իսկ տարեվերջին` 43 մլն 740 հազար դրամ:

Առողջապահության փոխնախարարի տեղակալի կինը` Սաթիկ Մարտիրոսյանը, դարձյալ դրամական միջոցներ չի հայտարարագրել եւ բավարարվել է միայն 1 մլն 200 հազար դրամ ստացած աշխատավարձով:

Հետաքրքիր է՝ Գալուստ Սահակյանի որդիները հունվարի 1-ից կարո՞ղ են ապրել 2500 դրամով ավելացած 35 հազար դրամ նվազագույն աշխատավարձով:

hetq.am

 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամփոփիչ հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան Իրանից ներմուծվող բնական գազի դիմաց սկսել է վճարել ոսկով ‘