‘Գալուստ Սահակյանի «տեսնում է», որ Ռուսաստանը կնվազեցնի գազի գինը’

826

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը  «տեսնում է», որ Ռուսաստանը առաջիկա տարիներին կնվազեցնի Հայաստան առաքվող գազի գինը:

Այդ հայտարարությունը պատգամավորն արեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ հիմնվելով  «իր քաղաքական տրամաբանության վրա»:

iLur.am-ը հիշեցրեց պատգամավորին, որ դեկտեմբերի 3-ին, ՌԴ նախագահ Պուտինի այցի հաջորդ օրը Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ այդ այցի արդյունքում գազի գինը կնվազի: Այնինչ, նույն օրը ավելի ուշ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը թեեւ չի թանկանա, բայց չի էլ նվազի: Ավելին, էներգատիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ռուսական գազի գինը սահմանի վրա առաջիկա 5 տարիներին թեեւ չի աճի, բայց սպառողի համար գազը կարող է թանկանալ՝ կապված դրամի փոխարժեքի տատանման հետ:  

Գալուստ Սահակյանը, Ռուսաստանի կատարած քայլերը վերլուծելով, այն եզրահանգմանն է եկել, որ Մոսկվան մտադիր է առաջիկա տարիներին նվազեցնել գազի սակագները:   

«Նաև ռուսական կողմից հայտարարություն եղավ, որ գազի գինը Հայաստանի քաղաքացիների համար հաշվարկվելու է Ռուսաստանի ներքին սակագներով: Կարծում եմ` Ռուսաստանը մեղմ քաղաքականություն կկիրառի գազի գնի հետ կապված: Հետո նաև աշխատավարձերի բարձրացումը կնպաստի, որ քաղաքացիների մոտ գազի գնի հետ կապված խնդիրը վերանա ու նրանք նորմալ կարողանան օգտվել գազից », — հայտարարեց Գալուստ Սահակյանը:

Նա խոստովանեց, որ վերջին տարիներին տեղյակ չի եղել գազի գինը չթանկացելու նպատակով կառավարության կուտակած պարտքի չափի մասին:

 «Այս ընթացքում, որպեսզի մեղմվի գազի գինը բնակիչների համար, միջոցառումների փոփոխություններ ենք արել, որ սոցիալական խավին աջակցենք: Այդ ընթացքում պարտք է կուտակվել, թե դա 100 միլիոն է, թե 200, ես հստակ չգիտեմ, բայց գիտեի, որ պարտքեր են կուտակվել», — ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘Ֆլեշ մոբ Կիեւում. հարյուրավոր ուղեւորներ երգում են Ուկրաինայի օրհներգը. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘ Ռուսաստանցի պրոֆեսոր. Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես ֆորպոստ ‘