‘Գալուստ Սահակյան. Իշխանությունները որևէ զիջումներ անելու խնդիր չունեն’

1189

«Իշխանությունները որևէ զիջումներ անելու խնդիր չունեն, իշխանությունները մեկ խնդիր ունեն՝ այն ծրագրերը, որոնք մենք փորձում ենք իրողություն դարձնել, ինչքան որ մասնակիցներ լինեն, թեկուզ և ընդդիմություն, դրանք, կարծում եմ, ավելի մեծ քայլերով առաջ կգնան»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ նման բան չլինելու դեպքում իրենց ուժը «լրիվ բավարարում է, որ այն, ինչ խոստացել են ժողովրդին, հընթացս իրագործեն»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխան նամակին, ապա Սահակյանը կարծում է, որ նամակում բովանդակություն չկար, քանի որ պիտի փորձառու լինել՝ հասկանալու համար, որ պետության, քաղաքական պրոցեսների կարևորագույն խնդիրները միանգամից լուծվող խնդիրներ չեն, և դա հարթակային և միտինգային եղանակով չի լուծվում:

«Միտինգներին ընդամենը կարող են իրենց տեսակետները միակողմանի արտահայտնեն կամ հացադուլ հայտարարեն, իսկ լուրջ խնդիրները, որոնք կապված են ազգի և պետության հետ, դրա համար այլ հարթակներում են լուծում: Ընդհանուր առմամբ, ստացվում է այնպես, որ եթե ընդդիմադիր ես, ու ամբիցիաներդ բավականին հեռահար նպատակներ ունեն, նամակներով, հեռախոսով խնդիրներ լուծել ես լուրջ չեմ համարում»,- կարծիք հայտնեց Սահակյանը:

Նրա համոզմամբ՝ նման «անհեթեթ մոտեցումներ» կարելի է ձևավորել այն դեպքում, երբ խոսքն այն խնդիրների մասին է, որոնք պետք է լուծվեն քաղաքական թիմերի համար, և այդ մոտեցումներն անըմբռնելի են նաև հասարակության մեծամասնության համար: Մեր դիտարկմանը, որ ամեն դեպքում՝ կա հասարակական բողոք ու պահանջ, Սահակյանն արձագանքեց, թե հրապարակի զանգվածը հասարակության փոքրիկ մասիկն է միայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներն ապահովել է մասամբ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի ընտրազանգվածը, այնինչ Սերժ Սարգսյանի ձայները նրանն են:

«Չեմ կարծում, որ անձը, որն ունի հաստատուն ընտրազանգված, պիտի անընդհատ փորձենք ինչ-որ որևէ դիրքեր, որոնք մեր ժողովրդի համար հաստատուն չեն կարող լինել, բերել քաղաքական դաշտ: Մենք ամուր պետություն ունենալու խնդիր ունենք, և այդ կոնտեքստում արձագանքում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին»,- հայտարարեց Սահակյանը:

Նախորդ հոդվածը‘Ալեքսիս Սանչիս. Ես լավագույներից մեկն եմ աշխարհում, թեկուզ գոլ չեմ խփում’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ խմբակցությունը ՀՀԿ-ին ներկայացրել է հնարավոր արտահերթ նիստում ընդունվելիք հայտարարության իր նախագիծը ‘