‘Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն եթե խնդիր ունենար իմիտացիոն երևույթների մասնակցելու, ինքը նիստ կնախաձեռներ’

861

Արտահերթ նիստը կհրավիրվի, թե չի հրավիրվի, համենայն դեպս՝ Հանրապետական կուսակցությունը եթե ինքը խնդիր ունենար այդ իմիտացիոն երևույթներին մասնակցելու, ինքը հանգիստ կնախաձեռներ: ILur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ կարծիք հայտնելով «Հայ ազգային կոնգրեսի» նախաձեռնած արտահերթ նիստի մասին:

«Առջևում նախագահական ընտրություններ են, և ընդդիմադիր կողմը ակտիվանալու դաշտ է ստեղծում: Մենք էդ խնդիրը չունենք: Մեր խնդիրը տարբերվում է էդ ամեն ինչից: Նրանց համար կարևոր չի Ընտրական օրենսգիրքը, մանավանդ, որ դա պետք է ծառայի 2017 թվականին»,- ասաց Սահակյանը:

Ըստ նրա՝ ընդդիմության համար կարևորն այն է, որ հասարակությանը ցուցադրեն, որ կարողացան ստորագրություններ հավաքել ու դրանով ապացուցել, որ իրենք նույնպես կարող ուժ են: ՀՀԿ պատգամավորն այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե հանրապետական պատգամավորները ներկայանալո՞ւ են նիստին, թե՞ ոչ: Միայն ասաց՝ անիմաստության դաշտ չենք մտնելու:

Նախորդ հոդվածը‘Ֆալկաո. Ժամանակն է լքել Եվրոպայի լիգան’
Հաջորդ հոդվածը‘«Խոսքի իրավունք» միավորման կոչը քաղաքականացված երիտասարդներին’