‘Գալուստ Սահակյան. մեզ ձեռնտու է Ալիեւը’

1581

iLur.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

— Պարոն Սահակյան վերջերս Սերժ Սարգսյանը, խոսելով Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին, մի կողմից՝ հայտարարեց, թե Հայաստանին ձեռնտու է ժողովրդավարական հարեւան ունենալը, մյուս կողմից՝ ասաց, թե ձեռնտու է, որ այնտեղ նախագահ դառնա Իլհամ Ալիեւը: Ու սա՝ այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀ ԱԱԽ նիստում Ս.Սարգսյանն Ալիեւին որակել էր որպես դասական բռնապետ: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ խոսքերը:

— Ըստ էության, երեւի հիսուն տարուց ավելի է պետք, որ Ադրբեջանը ժողովրդավարական դառնա: Իսկ ես ամրապնդում եմ այն գաղափարը, որ մեզ ձեռնտու է Ալիեւը, որովհետեւ ամբողջ աշխարհի առաջ նա այնքան է հեղինակազրկվել, որ որեւէ նոր փոփոխություն Ալիեւից, համենայն դեպս, պակաս չի լինի: Ադրբեջանում փոփոխությունը մեզ համար ձեռնտու չէ: Իհարկե, մեզ համար շատ ձեռնտու կլիներ, ու դա երազների աշխարհից է, որ Ադրբեջանը ժողովրդավարական պետություն դառնար:

— Այսինքն՝ շարժվում եք «Ադրբեջանում որքան վատ, այնքան մեզ համար լավ» սկզբունքո՞վ:

— Ոչ, որովհետեւ Ադրբեջանը որեւէ դեպքում «այնքան լավ» չի կարող լինել: Ադրբեջանի վիճակը գնալով ավելի վատանում է:

— Ու ստացվում է, որ որքան այնտեղ վատ, այնքան մեզ համար լա՞վ:

— Ոչ, մեզ համար շատ լավ կլիներ, որ Ադրբեջանը գոնե մի քիչ առնչություն ունենար ժողովրդավարության հետ: Բայց այնտեղ ժողովրդավարությունը մեկ օրվա խնդիր չէ: Որպեսզի այդ ճանապարհը անցնի, դա երկար ժամանակ կպահանջվի: Իսկ մեզ համար կարեւոր է պահել Ղարաբաղյան հարցում այն փաստաթուղթը, որ ստեղծվել է, որ կա, որ շրջանառության մեջ է*, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների քննարկման առարկա է դարձել: Այնպես որ, հույս ունենալ, թե Ադրբեջանը կկարողանա ժամանակակից պետություն լինել, դեռեւս շուտ է:

— Իսկ ձեր կարծիքով՝ որքանո՞վ էր ճիշտ, որ Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնում նրանց մասին եւ միջամտում է այլ երկրի ներքին գործերին:

— Մենք որեւէ պետության ներքին գործերին չենք խառնվում: Մենք ընդամենը պատասխանում ենք հարցերին՝ մեր մոտեցումների մասին: Դրա իրավունքը մենք ունենք:

— Իսկ ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանի, Ալիեւի համար ձեռնտո՞ւ էր Սերժ Սարգսյանի ընտրվելը:

— Ոչ: Ադրբեջանի համար ձեռնտու չէր, որովհետեւ Սերժ Սարգսյանն այսօր միակ գործիչն է, որը երբեւիցե նահանջ չի արձանագրել այն խնդիրներում, որը մենք բնութագրում ենք մեր ազգային, ինչու չէ՝ Ղարաբաղի խնդրում լուծումներ տալու համար: Բնականաբար, այդ տեսակետից Սերժ Սարգսյանը Ադրբեջանի գործող իշխանություններին ձեռնտու չէ:

— Բայց 2008-ին Սերժ Սարգսյանին էին համարում Ադրբեջանի իշխանական քաղաքական շրջանակները իրենց ձեռնտու թեկնածու, նույնիսկ ասում էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք իրենք պարտվել են պատերազմում ու երկրի տարածքները կորցրել: Այդ թեզի մասին ինչ կասե՞ք:

— Հիմա պիտի երեսպաշտների քաղաքական խաղերի մեջ էլ մտնե՞նք: Ալիեւը ամեն անգամ ոգեւորվում է պատերազմով: Հիմա պիտի հավատանք, որ նա առյուծի սիրտ է կերել ու այսպես հայտարարություններ է կատարո՞ւմ:

— Ի դեպ, աշնանը ի՞նչ զարգացումներ եք ակնկալում քաղաքական դաշտում:

— Աշնանը բնականաբար, ավելի ակտիվ ու եռուն ժամանակաշրջան է, որովհետեւ քաղաքական դաշտն իր բոլոր գործառույթներին է տիրապետելու: Չեն բացառվում սրացումները: Բայց այդ սրացումներն իրենց չափն ու կշիռը կունենան: Չեմ կարծում, որ այն տեսաբանները կամ գործիչները, որոնք մտածում են՝ իրենց ցանկալի սրացումներ կլինեն, համարում եմ անհնարին:

— Իսկ ինչո՞ւ:

— Համարում եմ անհնարին, որովհետեւ Հայաստանում դեռեւս այլընտրանքային ծրագրեր չկան, որոնց հետեւից ժողովուրդը կարողանա գնալ:

— Իշխանափոխությունը հնարավոր համարո՞ւմ եք, երբ սոցիալապես ծանր վիճակում գտնվող ժողովուրդը դուրս գա փողոց ու սրբելով տանի իշխանությանը:

— Ոչ, որովհետեւ նման իրավիճակ չի լինի: Դա ընդամենը Երեւանի ասֆալտի վրա քաղաքական գործունեություն ծավալած գործիչների բարբաջանքն է: Այնպես որ, ժողովուրդը պետք է հանգիստ մնա: Բնականաբար, ժողովուրդը պետք է ավելի շատ բան ցանկանա, իշխանություներն էլ պիտի հնարավորություններն օգտագործեն, որպեսզի ժողովրդի մոտ զգալի դառնա, որ այո, մենք ունենք այս հնարավորությունները, եւ դրանց շրջանակներում ամեն ինչ կատարվում է:

— Բայց ժողովուրդը սոված է, դրան գումարվել են այս թանկացումները:

— Չկա որեւէ քաղաքական ուժ, եթե, իհարկե, այդ ուժը ստախոս չի, որ հայտարարի, թե կկարողանա ժողովրդին կերակրել: Ժողովուրդն ինքն իրեն կերակրում է, եւ կարծում եմ՝ այն մոտեցումները, որ ձեւավորվում են մեզանում, որոշակիորեն կբարվոքի սոցիալական վիճակը:

 

Արման Գալոյան

 

*Խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, որոնցից մեկը նախատեսում է «Լեռնային Ղարաբաղի շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը»:

Նախորդ հոդվածը‘Հակառակորդը սահմանամերձ գոտում քաղաքացիական ավտոմեքենա է գնդակոծել’
Հաջորդ հոդվածը‘Անգելա Մերկելն այցելել է Դահաու՝ նախկին համակենտրոնացման ճամբար’