Գանին հերքում է, թե Աֆղանստանից փախչելիս մեծ գումար է տարել իր հետ

393

Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Գանին, որը երկիրը լքել է՝ հենց որ «Թալիբանի» ուժերը մոտեցել են Քաբուլին, չորեքշաբթի օրը Twitter-ում հայտարարություն է տեղադրել, որում ներողություն է խնդրում իր կառավարության ձախողման համար և հերքում է այն պնդումները, թե Քաբուլից հեռանալիս իր հետ մեծ գումար է տարել։

«Այդ մեղադրանքները ամբողջությամբ սուտ են»,- գրել է նա՝ հավելելով, որ միշտ հայտարարագրել է իր և կնոջ ունեցվածքը Լիբանանում և աուդիտի դեպքում պատրաստ է համագործակցել ՄԱԿ-ի հետ։ Նույնպիսի հայտարարությամբ նա սոցցանցերում հանդես էր եկել նաև օգոստոսի 19-ին։

Այն մասին, թե նախագահը փողերով փախել է, բազմիցս ասել են Քաբուլում ռուսաստանցի դիվանագետները ՝ թալիբների կողմից մայրաքաղաքը գրավելուց հետո առաջին իսկ օրերին։ «Երբ նախագահ Գանին փախչում էր, ուղղաթիռում լիքը փող էր, լրիվ տեղ չարեց»,- օգոստոսի 18-ին «Առաջին  ալիքի» եթերում ասել է Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիռնովը։

Գանին հայտարարում է, որ Աֆղանստանից հեռացել է, որպեսզի խուսափի Քաբուլում արյունալի փողոցային մարտերից, և շեշտում է, որ հեռացել է իր անձնական թիկնազորի խորհրդով։ Նա կոչ է արել երկխոսություն սկսել 2004 թ․ սահմանադրության հիման վրա։

«Ես խորապես ափսոսում եմ, որ այս երկրի պատմության մեջ իմ էջն ավարտվեց նույնքան ողբերգական, որքան իմ նախորդներինն էր։ Ես չկարողացա ապահովել կայունություն և խաղաղություն։ Ներողություն եմ խնդրում Աֆղանստանի ժողովրդից, որ չկարողացա այնպես անել, որ ավարտն այլ լիներ»,- գրել է նախկին նախագահը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀայտնի է «Ռոմայի» առաջիկա տրանսֆերային պատուհանի գլխավոր թիրախը
Հաջորդ հոդվածըԱֆղանստան․ «Կառավարությունն առանց կանանց՝ ձախողում է»