‘Գանձասարի պարսպի սալիկապատման վերաբերյալ ԼՂՀ-ից որևէ մեկնաբանություն չի հաջողվում ստանալ’

902

Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը գործուղման մեջ է, ու մենք որևէ պաշտոնական հայտարարություն չենք կարող անել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Շահվերդյանի օգնականը, երբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Գանձասարի պարսպի սալիկապատման վերաբերյալ: Մեր դիտարկմանը, թե գուցե պետի՝ գործուղումից վերադառնալուց հետո Գանձասարի պարիսպներն ամբողջությամբ սալիկապատվեն, օգնականն այսպես պատասխանեց.

«Ես ընդհանրապես լիազորված չեմ ինչ-որ մի բան ասեմ, որովհետև դա իմ պարտականությունների մեջ չի մտնում: Հստակ ոչինչ չկա, ի՞նչ ասենք: Ես մեկնաբանություն չեմ կարող թողնել, ես լիազորված չեմ»:

Մեզ մեկ այլ հեռախոսահամար փոխանցեցին՝ նշելով, որ այնտեղ լիազորված են պատասխանելու մեր հարցերին: Զանգին պատասխանած վարչության աշխատակցուհին ասաց, թե այդ հարցով իրենց մասնագետ Սլավա Սարգսյանն է զբաղվում: «Մեր մասնագետը տեղում չի, հիվանդ է»,- ասացին: Մեր հարցին, թե այլ մարդ չկա՞, որը կարող է այս հարցով պարզաբանումներ տալ, աշխատակցուհին պատասխանեց. «Չէ, չէ, ինքն է զբաղվում, էդ մարդն է զբաղվում»:

 

Նախորդ հոդվածը‘Արսեն Վենգերը կարող է գլխավորել ֆրանսիական ՊՍԺ-ն’
Հաջորդ հոդվածը‘Կոնգոյում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուների մարմինները կտեղափոխվեն Հայաստան’