‘Գարեգին Բ-ը նամակ է հղել Շվեյցարիային` հանուն Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի’

795

Ամենայն հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն իր մտահոգությունն է արտահայտել 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փերինչեքի գործով ընդդեմ Շվեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով: 

Մայր աթոռ Սուրբ Էջմածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այս առնչությամբ Նորին Սրբությունը նամակ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիեր Բուրխալտերին` Հայ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի անունից ընդվզում հայտնելով ՄԻԵԴ վնասակար որոշման դեմ, որը սպառնալիք է ցեղասպանությունների պարագային արդարության վերականգնման և ազգերի միջև խաղաղության ու փոխադարձ հարգանքի հաստատման համար: 

Զորակցություն հայտնելով այս հարցում համընդհանուր ընդվզմանը` Վեհափառ Հայրապետը Շվեյցարիայի կառավարությանը` մասնավորապես Արդարադատության նախարարությանը, հորդորել է բողոքարկել այս որոշումը: Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել բարի կամքի տեր մարդկանց և պետություններին` այս առնչությամբ իրենց կեցվածքն արտահայտելու Ցեղասպանության մերժողականության դեմ` հանուն խտրականության ու անհանդուրժողականության վերացման և ընդդեմ մարդկության հանցագործությունների կանխման: 

Այս կապակցությամբ Նորին Սրբությունը պաշտոնական գրություն է հղել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Վեր. դոկտ. Օլավ Թվայթին` հորդորելով Խորհրդի անդամ Եկեղեցիներին իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ աղետաբեր այս վճռի` ի պաշտպանություն Շվեյցարիայի, ինչպես նաև Կաթոլիկ Եկեղեցու Շվեյցարիայի եպիսկոպոսների ժողովի նախագահ Մոնսինյոր Մարկուս Բյուխելին:

 

Նախորդ հոդվածը‘Կիեւում ձերբակալվել է 60 ցուցարար’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է’