‘Գարեգին Բ-ն զորակցություն է հայտնել համայն եզդիների հոգեւոր առաջնորդին’

810

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը զորակցության գիր է հղել համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միրե-Միրա Թահսիմ Բեգին:

«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցություններն ենք հղում Ձեզ այս օրերին Իրաքում եզդի ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցող զանգվածային կոտորածների կապակցությամբ: Մենք խորապես անհանգստացած ենք Իրաքի հյուսիսային շրջաններում իրականացվող անմարդկային բռնությունների և դրանց հետևանքով բազմաթիվ զոհերի առնչությամբ», — Մայր Աթոռի լրատվական ծառայության փոխանցմամբ, ասված է Հայրապետի ուղերձի մեջ:
Խստորեն դատապարտելով եզդի ժողովրդի դեմ իրագործվող ջարդերն ու բռնությունները` Գարեգին Բ-ը վստահություն է հայտնել, որ բազմադարյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը կտոկա և կհաղթահարի իր առջև ծառացած այս փորձությունը: Նորին Սրբությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանն ու կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար եզդիների ջարդերը Իրաքում: 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որպեսզի վերահաստատվի խաղաղությունը Իրաքում և Իրաքի աստվածասեր ժողովուրդը շարունակի իր խաղաղ կյանքը հայրենի օջախներում:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթր Սիթի»-«Լիվերպուլ». Չեմպիոնի և փոխչեմպիոնի հակամարտությունը’
Հաջորդ հոդվածը‘Սերբ երկրպագուներն Հ.Ալիևի անունը ծածկել են Արցախի դրոշով’