‘Գարեգին Նժդեհի ֆիլմի մասին տեղյակ չէ նույնիսկ իր թոռնուհին ‘

2240

«Ինձ միայն զանգահարեցին և հարցրին, թե փոքր ժամանակ ինձ և քրոջս ինչպես էին կոչում, ու էլ ոչինչ, տեղյակ չեմ՝ դրանից հետո ֆիլմը լույս է տեսել, աշխատանքները ավարտվել են, թե ոչ: Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ սյուժեով են նկարել մեր պապի մասին պատմող ֆիլմը», — iLur.am-ի հետ զրույցում ասաց Գարեգին Նժդեհի թոռնուհի Գոհարինե Տրդատյանը՝ անդրադառնալով Հ1-ի պատվերով նկարահանվող՝ Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմին, որի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը:

Ըստ Գոհարինե Տրդատյանի՝ Նժդեհի նման ազգային գործչի մասին ֆիլմը պիտի շատ լուրջ արվի:

«Տեղյակ չեմ՝ ով է ռեժիսորը, չգիտեմ՝ ինչ է արել, ինձ բոլորովին տեղյակ չեն պահել: Պետք է հանդիպեին, չէ՞, ընտանիքի հետ՝ պապիս մասին տեղեկություն իմանալու համար, որտե՞ղ է եղել, ի՞նչ է արել, չէ՞ որ պետք է խոսվի դրա մասին, անշուշտ, պիտի հետաքրքրվեին այս ամենով, որպեսզի ֆիլմում ընդգրկեին այդ ամենը, այստեղից էլ արդեն սկսվում է անլրջությունը»,- իր վրդովմունքը հայտնեց Նժգեհի թոռնուհին, ով, ի դեպ, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեժիսորական բաժնում դասավանդում է դերասանի վարպետություն առարկան:

Տեղեկացնենք, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են Գյումրիում, իսկ այժմ աշխատանքային անձնակազմը նկարահանումները շարունակում է Վարշավայում:

Նախորդ հոդվածը‘Ռազմական շաբաթի ամփոփում. Հայաստան, հոկտեմբերի 22 – հոկտեմբերի 27 ‘
Հաջորդ հոդվածը‘Որտեղ էր Սերժ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ին’