‘Գարիկ Հայրապետյան. Բնակչության ծերացման պատճառները ծնելիության անկումն ու միգրացիան են’

1343

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ուսումնասիրությունների արդյունքներով՝ Հայաստանը համարվում է ծերացող երկիր: Բացի այդ, ՄԱԿ-ի ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում միջին տարիքը կարող է դառնալ 50-ը: Այս հարցի շուրջ iLur.am-ի թղթակիցը զրուցեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ:

-ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2050 թվականին Հայաստանի բնակչության միջին տարիքը կլինի հիսունը: Ի՞նչ մեխանիզմներ կան ծերացման դեմ պայքարելու, և ինչո՞ւ դրանք չեն կիրառվում Հայաստանում:

-Նախ, ծերացումը վատ բան չէ, որ պայքարեն: Այսինքն, մենք չպիտի մեծահասակներին դիտարկենք որպես բացասական երևույթ: Ինչո՞ւ է ծերացում տեղի ունենում: Առաջին պատճառը ծնելիության անկումն է, որը մեզ մոտ տեղի է ունենում, և երկրորդը՝ միգրացիան, երբ հիմնականում ակտիվ երիտասարդները դուրս են գալիս երկրից: Թե տնտեսական, թե վերարտադրողական ակտիվության տեսակետից այս երկու խնդիրներն են, որ ազդում են ծերացման վրա: Որպեսզի մեծահասակների և երիտասարդների թվաբանական հարաբերությունը հասարակության մեջ գա բալանսի, բնականաբար, լուծումը ծնելիության բարձրացումն է: Սա բարդ հարց է, կան մեխանիզմներ, բայց նաև կա ուրիշ խնդիր, որ, ինչպես ասացի, պետք չէ վերաբերվել մեր մեծահասակներին՝ որպես բացասական երևույթի: Մենք պետք է փորձենք մեծահասակներին ինտեգրել մեր հասարակության մեջ, ոչ թե երբ հասնեն թոշակային տարիքի, նրանց ուղարկենք թոշակի և ասենք՝ վերջ, գնացեք մի կերպ ձեր մնացած մի քանի տարին ապրեք: Հայաստանում կյանքի տևողության գործակիցը բարձրանում է, և ոչ թե մարդիկ ավելի երկար են ապրում, այլ նաև ապրում են ավելի առողջ: Մարդիկ երբ դուրս են գալիս թոշակի, դեռ առույգ, էներգիայով լի մարդիկ են, որոնք դեռ կարող են իրենց գործն անել, կարող են բարիք ստեղծել հասարակության համար և կարող են օգուտ բերել հասարակությանը: Մոտակա տարիներին ավելի շատ է մեծանալու 60 և ավելի տարիքի ազգաբնակչության տեսակար կշիռը մեր հասարակության մեջ, և պետք է մյուս կողմից դիտարկել, թե ինչպես կարող ենք օգտագործել նրանց պոտենցիալը:

Պետության քայլերն ինչպե՞ս կգնահատեք ծնելիության բարձրացման, նաև միգրացիոն հոսքերը դադարեցնելու գործում:

-Ցավոք սրտի, ծնելիության բարձրացման խնդիրը բավականին թանկ հաճույք է: Ընդամենը մի քանի զարգացած երկիր կա, որոնք որոշակի, այն էլ՝ վերջնական հաջողության չեն հասել իրենց գործունեության ընթացքում: Օրինակ, Շվեդիան, Ֆրանսիան, որոնք 1,4-ից բարձրացրել են 1,8-1,9 տոկոսի: Անգամ չեն հասցրել լիարժեք վերարտադրության՝ 2 և ավելի: Այդ երկրները վերջին 60 տարիներին իրականացնում են այդ քաղաքականությունը և ծախսում են ահռելի գումարներ դրա վրա: Պետք է, իհարկե, հասկանալ, որ Հայաստանն այն վիճակում չէ, որ կարողանա իրեն դա թույլ տալ: Բայց գոնե հնարավորության դեպքում կարծում եմ, որ պետք է ավելի ֆոկուսացված անել այդ օգնությունը կամ այդ քաղաքականությունը: 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում երրորդ և հաջորդ երեխայի համար ընտանիքին տրամադրվելիք նպաստն ավելանալու է: Ինչքանո՞վ է արդյունավետ սկսել երրորդից, եթե մեզ մոտ երկրորդն է հազիվ ծնվում: Դա կախված է պետության հնարավորություններից, բայց պետք է ավելի մանրակրկիտ հետազոտել,  փորձել գոնե եղած ռեսուրսներն ավելի ճիշտ օգտագործել: Կան քայլեր, որոնք փորձում է անել պետությունը: Թե ինչքանով են դրանք էֆեկտիվ, դեռ գնահատման և քննարկման կարիք կա:

Ձեր ասածից կարո՞ղ ենք ենթադրել, որ միջին տարիքի բարձրացումը Հայաստանի համար վտանգ չէ:

-Ես երբեք չեմ ասել, որ միջին տարիքի բարձրացումը վտանգ է սպառնում: Պարզապես՝ երբ ազգաբնակչության կառուցվածքը փոխվում է, համապատասխան դրան՝ փոխվում են սոցիալական մեխանիզմների կառուցվածքը, տնտեսության կառուցվածքը և այլն:

Դեպի լա՞վը, թե՞ դեպի վատը:

-Դա կախված է, թե ինչպես դու դա կկառավարես: Եթե սխալ կառավարեցիր, բնականաբար դա բերելու է ռիսկերի: Մենք ունենք զարգացած եվրոպական երկրների օրինակը: Միջին տարիքն այնտեղ բարձր է, քան Հայաստանում, բայց ոչինչ, չէ՞, ապրում են ու վատ էլ չեն ապրում, բոլորս ուզում ենք իրենց պես ապրել:

Զրուցեց Արա Հարությունյանը

 

Նախորդ հոդվածը‘Վաղը, ժամը 14-ին` ԱԺ-ի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Մադոնան վաճառում է իր բնակարանը 23,5 մլն դոլար’