‘Գեբելսի մեթոդները՝ որպես ներհայաստանյան PR-ի հիմնական գործիք ‘

5842

«Տվեք ինձ զանգվածային լրատվության միջոց, և ես ցանկացած ազգի կվերածեմ խոզերի բոլոկի». Պաուլ Յոզեֆ Գեբելս

 Հիշո՞ւմ եք` փոքր ժամանակ մեր ծնողները մեզ վախեցնում էին՝ «եթե խելոք չմնաս, միլիցային կասեմ` կգա» ոճի մեջ: Ժամանակին, երբ մենք դեռ մանուկ էինք ու միամիտ, մենք ամենայն լրջությամբ էինք արձագանքում մեր ծնողների այս տեղեկատվական սադրանքներին: Բայց հիմա մեր ծնողներն այլևս չեն էլ փորձում նման պրիմիտիվ հնարքներով մեզ վախեցնել, որովհետև հասկանում են, որ մենք վաղուց մեծացել ենք, որ գիտակցություն ունենք, հազար ու մի նման բան: Պարզ չէ միայն, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի հասկանում այդ պարզագույն բանը` առավելևս ժողովրդի պարագայում: Չեն հասկանում, որ ժողուրդը փոքրիկ երեխա չէ, որին կարելի է «խելոք մնացեք (ասել կուզի` ինձ հետ եղեք), թե չէ միլիցա կկանչեմ»-ով ազդել ժողովրդի տրամադրությունների վրա: Ընդ որում, «միլիցա»-ի կերպարը պարբերաբար փոխվում է` եթե սկզբում նա տեղեկատավական տարբեր արտահոսքերով սպառնում էր մեզ պատերազմով, ապա հիմա «միլիցա»-ի կերպարում տեղավորել է Ռոբերտ Քոչարյանին: ԱԺ ընտրություններից առաջ սկսված այս տեղեկատվական արշավի նպատակն առաջին անգամ պարզ դարձավ հենց քարոզարշավի ժամանակ, երբ հանրապետականները, տնետուն ընկած, փորձում էին մարդկանց համոզել, որ ընտրեն Սերժ Սարգսյանին, իսկ դիմադրության հանդիպելու պարագայում էլ` հակադարձում էին, թե բա «ի՞նչ եք ուզում, թողնենք, որ Քոչարյանը վերադառնա՞»: Իբր, եթե մեզ չսատարեք, մեզանից բեթարը կգա: Այս քարոզչական հնարքն ավելի ակտիվացրին ընտրություններից հետո, և որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այդ արշավի դոզան ավելի ու ավելի է ահագնանում: Եթե այդ տեղեկատվական արշավն ի մի բերենք, ապա կստացվի հետևյալ նախադասությունը. «Հայ ազգային Կոնգրեսը սպառվել է, սիլի-բիլի է անում ԲՀԿ-ի հետ, Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, փոխարենը իշխանության է բերելու Ռոբերտ Քոչարյանին»: Տեղեկատվական այս հոսքը մատուցվում է բոլոր հնարավոր եղանակներով` լրատվական կայքերում և թերթերում՝ լուրեր, հարցազրույցներ, հարցումներ, վերլուծականներ: Ընդ որում՝ երբեմն կարևոր էլ չի լինում, թե ինչ է գրված տեքստում, խնդիր է դրված, որ ամեն անգամ «Կոնգրեսը սպառվել է» և «Տեր-Պետրոսյանը վերադարձնում է Քոչարյանին» նախադասությունը  հնարավորինս շատ հանդիպի մարդկանց: Գեբելսի հայտնի միտքը, թե «եթե դուք արտաբերեք բավականին մեծ սուտ և կրկնեք այն հարյուր անգամ, ապա մարդիկ արդյունքում կհավատան դրան», ինչպես երևում է` Սարգսյանի PR տեխնոլոգները կարդացել են, և հիմա, թերևս հենց այդ ուղղությամբ էլ աշխատում են` փորձելով անցնել Գեբելսի «փառահեղ» ուղին: «Քոչարյանի» տեղեկատվական սադրանքի պարագայում կիրառվում է թերևս Գեբելսի մյուս տեխնոլոգիան, ըստ որի՝ «որպեսզի ստին հավատան, այն պետք է սարսափազդու լինի»: Իսկ ո՞վ, եթե ոչ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, թե ինչպես են մարդիկ, մեղմ ասած, վերաբերվում Քոչարյանին:

Քարոզչության նպատակներն ու թիրախներն ուղղակի ակնհայտ են:

1-ին առանձին թիրախ` ընդդիմադիր զանգվածը, Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայ ազգային կոնգրեսի համախոհները:

Նպատակը` հիասթափություն սերմանել: Այսինքն, այս մարդիկ պետք է հիասթափվեն ընդդիմությունից, որը (իբր) համագործակցում է Քոչարյանի  հետ և փորձում է նրան իշխանության բերել:  

2-րդ առանձին թիրախ` Չեզոք զանգված:

Նպատակը` խուճապ: Մարդիկ, ովքեր միշտ փորձել են հեռու մնալ քաղաքականությունից, կամ մարդիկ, ովքեր երբեք ընդդիմության համախոհը չեն եղել, պետք է այնպես խուճապահար լինեն առաջին նախագահի կողմից Քոչարյանին բերելու հեռանկարից, որ սկսեն համախմբվել Սարգսյանի շուրջը` թույլ չտալով իշխանափոխություն, քանի որ այդ պարագայում, ըստ ստի, ոչ թե ընդդիմությունը կգա իշխանության, այլ` Քոչարյանը: Նորից` բեթարի պահը:

Ընդհանուր թիրախ` ժողովուրդ: Ընդհանուր նպատակ` հիասթափություն քաղաքական գործընթացներից և հատկապես՝ քաղաքական գործիչներից: Մարդիկ պետք է սկսեն Համաժողովրդական պայքարը, Սահմանադրության վերականգնման համար մղվող պայքարը ընկալել զուտ որպես աթոռակռիվ, որ «ոչ մի բան, մեկ ա` չի փոխվելու», որ «բոլորն իրար հետ կապված են», «ուրեմն, ավելի լավ է` ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա»:

Այո, պարոն Գեբելսի մտքերի հարուստ ժառանգությունը Սերժ Սարգսյանի PR տեխնոլոգները սովորել են: Բայց, ինչպես երևում է, չեն սովորել ամբողջությամբ, հակառակ պարագայում նրանք պետք է  իմանային նաև, որ նույն պարոն Գեբելսը մեկ այլ հայտնի մտքի հեղինակն էլ է եղել. «Քարոզչությունը կորցնում է իր ուժը՝ հենց որ  դառնում է բացահայտ»: Սերժ Սարգսյանի PR տեխնոլոգները այս մի կարևոր նրբությունը մոռացել են: Հաշվի առնելով ժամանակի սղությունը (նախագահական ընտրությունները մոտենում են, իսկ Սարգսյանի վարկանիշը նույն զրոյական մակարդակի վրա է)՝  նրանց քարոզչությունն այնքան անսքող  է դարձել, որ այն այլ կերպ, քան կացնային, դժվար է կոչել: Ընդ որում՝ անգամ եթե այդ քարոզչությունը տեսականորեն ճիշտ գործիքներով է արվում, այսինքն՝ ոչ միայն և ոչ այնքան հեռուստաընկերությունների, որոնց հանդեպ ժողովրդի վերաբերմունքը վաղուց հայտնի է, որքան` մինչև վերջերս անկախ կամ ընդդիմադիր համարվող ԶԼՄ-ների միջոցով, ապա գործնականում այն այնքան ակնհայտ ու փնթի է արվում, այնքան մեծ դոզաներով ու անշնորհք ձևերով է մատուցվում, որ քարոզչությունը ոչ միայն ակնհայտ, այլև` առավել քան բացահայտ է դառնում: Ու մի բան էլ. նույն Գեբելսը ասում էր նաև, որ ցանկացած պրոպոգանդայի վատագույն թշնամին ինտելեկտուալությունն է: Մի՞թե Սերժ Սարգսյանի PR տեխնոլոգներին թվում է, թե մեր ժողովրդի մեծ մասը կորցրել է իր ինտելեկտուալ պոտենցիալը: Առավելևս, որ նախընտրական շրջանը շատ մոտ է, և շատ շուտով տեղեկատվական այս փուչիկը ինքնաբերաբար պայթելու է: Այնպես որ՝ սրա ազդեցությունը շատ կարճաժամկետ է: Իսկ կարճաժամկետ հեռանկարում այս ամենից շահում են միայն մի խումբ գործիչներ. նրանք, ովքեր օգտագործվելով Սերժ Սարգսանի կողմից` լծվել են այս քարոզչության շրջանառմանը: Բայց նրանց շահն էլ, ինչպես նշեցինք, շատ կարճաժամկետ է, քանի որ այդ քայլով նրանք վա բանկ են գնում: Այդ հիմա են նրանք դարձել ԶԼՄ-ների սիրելիները: Իսկ ահա ընտրություններից հետո նրանք իրենց պատվավոր տեղը կզբաղեցնեն Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի ու Խոսրով Հարությունյանի կողքին:   

Նախորդ հոդվածը‘Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում. 5-օրյա կանխատեսում’
Հաջորդ հոդվածը‘«Մանգոն» կտուգանվի’